Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շուրջ ութսուն ուխտավորների հետ հայրապետական ուխտագնացության կմեկնի Տերունի Սրբավայրեր:
Նորին Սրբությունը ուխտավորների հետ Սրբոց Հակոբյանց վանքում «Հրաշափառ»-ի հանդիսավոր արարողությամբ կընդունվի Երուսաղեմի հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի եւ Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանության կողմից: Ուխտավորները կայցելեն քրիստոնյաների համար նվիրական սրբավայրեր, ինչպես եւ Հոլոքոսթի թանգարան:
Ուխտավորների խմբում են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, գիտության, կրթության եւ մշակույթի գործիչներ, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմից բարերար, եկեղեցասեր հայորդիներ: