Երեկ ավարտվեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպված գերագույն հոգեւոր խորհրդի երկօրյա նիստը: Ինչպես հաղորդում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից, ժողովում հոգեւոր խորհուրդը մտահոգություն է հայտնել վիրահայոց թեմի կարգավիճակի եւ այնտեղ հայկական եկեղեցիների ու վանքերի նկատմամբ դրսեւորվող ոտնձգությունների վերաբերյալ: Քննարկվել է նաեւ Հայաստանի եւ տարբեր երկրների հայոց թեմերի իրավական կարգավիճակի հարցը: Կարեւորությամբ ընդգծվել է թեմերում նույնական կանոնադրություններ ունենալու անհրաժեշտությունը, որը մեծապես նպաստելու է ազգային-եկեղեցական կյանքի բարեկարգմանը:
Հաղորդագրությունը նշում է, որ խորհրդի ժողովում զեկույցներ են եղել նաեւ Հայոց ցեղասպանության 90-ամյակի եւ հայոց գրերի գյուտի 1600-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների վերաբերյալ: Խոսվել է Մայր աթոռի միջեկեղեցական հարաբերությունների ոլորտում քույր եկեղեցիների համագործակցության, 2006-ին Բրազիլիայում գումարվելիք Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողովին Հայ առաքելական եկեղեցու մասնակցության մասին:
Թ. Մ.