«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2005-05-07 | #84, 2005-05-11 | #85, 2005-05-12


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԱՀՄԱԶՅԱՆ. «ՄԻԿԱՆ» ԵՐՋԱՆԻԿ ԹԻՄ Է ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՍ ՀԱՄԱՐ

Հովհաննես Թահմազյանը գավաթի մրցաշարերում անցկացրած խաղերի քանակով յուրօրինակ ռեկորդակիր է: Գավաթի եզրափակիչը նրա 68-րդ խաղն էր: Ճակատագրի բերումով «Շիրակում» եզրափակիչ 3 հանդիպումներում էլ հաջողությունը երես էր թեքել Թահմազյանից: Եվ ահա «Միկայում» միայն 4-րդ փորձից Թահմազյանը դարձավ գավաթակիր:

- Անչափ ուրախ եմ, որ վերջապես հաջողվեց վայելել գավաթի նվաճման բերկրանքը: Մինչ այդ «Շիրակում» մասնակցել եմ 3 եզրափակիչի, առաջինում նույնիսկ գոլ եմ խփել, սակայն պարտվել ենք: Շատ գոհ ու շնորհակալ եմ թիմի երկրպագուներից մեզ աջակցելու համար, տղաներից, որ առաջինից մինչեւ վերջին վայրկյանները նվիրումով խաղացին: Մրցակիցներից յուրաքանչյուրն էլ արժանի էր հաղթանակի: Բայց մենք ավելի ուժեղ գտնվեցինք:

- Խաղից առաջ վստա՞հ էիր, որ հաղթելու եք:

- Սովորաբար եզրափակիչ խաղերում թիմերի հնարավորությունները հավասար են գնահատվում: Ճիշտ է, մեր թիմում փորձառու ֆուտբոլիստների թիվը գերակշռում էր, սակայն ամեն ինչ որոշվելու էր խաղադաշտում: Այսօր մարզական բախտը մեր կողմն էր, հաղթեցինք, որի համար շատ ուրախ եմ:

- Այսօր նաեւ նախկին շիրակցիներ Տիգրան Դավթյանը, Արտյոմ Բեռնեցյանն ու Արտաշես Անտոնյանն առաջին անգամ գավաթակիր դարձան:

- Իրոք, «Միկան» երջանիկ թիմ է գյումրեցիների համար: Կարելի է ասել, որ այսօր նաեւ նախկին շիրակցիների օրն էր: Ուրախ եմ նաեւ նրանց համար, որ իրենց էլ հաջողվեց մասնակիցը դառնալու նման մեծ հաջողության:

- Եզրափակիչ խաղում կրկին քեզ հոգեհարազատ դիրքում էիր խաղում:

- Մրցաշրջանի սկզբում վնասվածք ունեի, մոտ 2 ամիս այն զգալ էր տալիս, հիմնականում փոխարինման էի դուրս գալիս եւ խաղում էի որպես հենակետային կիսապաշտպան: Աստիճանաբար մարզիչն ինձ իմ նախկին դիրքը վերադարձրեց: Պատրաստ եմ խաղալ այնտեղ, որտեղ մարզիչը հարմար կգտնի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4