Համբուրգում Սյուզի Կենտիկյանի եւ Լյուսի Խոռնակովայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտն ընդամենը 37 վայրկյան տեւեց: Հայ մարզուհին հուժկու հարվածով նոկաուտի ենթարկեց մրցակցուհունՙ տոնելով պրոֆեսիոնալ ռինգում իր 3-րդ հաղթանակը: Մարզադահլիճում գտնվող հանդիսականներից շատերը հիասթափված էին, որ մենամարտն այդքան կարճ տեւեց: Իսկ ահա Սյուզիի երկրպագուներն ուրախ էին իրենց սիրեցյալի հերթական հաղթանակով: Վերջինս հնարավորություն էր ստացել իր 100 բարեկամների համար մուտքի տոմսեր ձեռք բերել: Համբուրգյան «Ագոն» ակումբի բռնցքամարտիկները մրցավայր էին եկել «Սյուզիՙ ոսկյա աղջիկ» ցուցապաստառներով: Համբուրգում 1 մ 55 սմ հասակ ունեցող հայ բռնցքամարտիկին «միլիոն դոլարանոց երեխա» են անվանում:
Սյուզին 1996 թ. Համբուրգ է տեղափոխվել Հայաստանից, ընտանիքով: Մի քանի տարի ընտանիքը բնակվել է փախստականների ճամբարում: Շատերի նման Սյուզիի ընտանիքին էլ սպառնացել է երկրից արտաքսվելու վտանգը, բազմիցս ոստիկանությունն անհանգստացրել է նրանց, նույնիսկ մեկ անգամ գիշերով նրանց օդանավակայան են տարել:
Հինգ տարի առաջ Սյուզին եղբոր հետ ընդունվել է բռնցքամարտի դպրոց, սկսել յուրացնել մարզաձեւի գաղտնիքները: Մասնակցելով մի շարք մենամարտերի, Սյուզին բազմիցս հաղթող է ճանաչվելՙ արժանանալով վարպետի կոչման ու մի շարք մրցանակների: Հետագայում նա ընդգրկվեց պրոֆեսիոնալների շարքը: Դա հնարավորություն տվեց լուծելու ընտանիքի սոցիալական խնդիրները: Այժմ Սյուզիի ընտանիքը ոչ մի խնդիր չունի երկրի իշխանությունների հետ եւ կարող է հանգիստ ապրել Գերմանիայում: Բռնցքամարտի ակումբի գործադիր տնօրեն Պետեր Հանբատսը գտնում է, որ Սյուզին Գերմանիայի կանանց բռնցքամարտում ամենամեծ հեռանկար ունեցող մարզուհին է: Սյուզին շատ ուրախ է իր հաջողությունների համար: 17-ամյա մարզուհին հինգ տարի շարունակ քրտնաջան մարզվել է եւ այսօր հասել է իր նպատակին: Նա շատ է աշխատում վարպետությունը կատարելագործելու վրա եւ երազում է նվաճել աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը: