«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2005-05-07 | #84, 2005-05-11 | #85, 2005-05-12


ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՄԱՐԶԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐԻ ՎԵՐՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԸ

Գաղտնիք չէ, որ առանց մարզական բժշկության ժամանակակից սպորտում անհնար է բարձր նվաճումների հասնել: Ինչպես եւ բոլոր քաղաքակիրթ երկրներում, Հայաստանում էլ ժամանակին գործել է մարզական դիսպանսերը, որտեղ տասնամյակներ շարունակ բուժվել, հետազոտվել են մեր մարզիկները: Սակայն, ցավոք, արդեն 5-6 տարի լուծարվել է մարզական դիսպանսերը, որի կարիքն այսօր առավել եւս զգացվում է:

Մարզական դիսպանսերի վերաբացման հարցը երեկ քննարկվել է սպորտպետկոմում կայացած խորհրդակցությունում: Ինչպես տեղեկացանք սպորտպետկոմի մամուլի ծառայությունից, սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդակցությանը մասնակցել են մարզական բժշկության բնագավառի մի խումբ անվանի մասնագետներՙ բժշկական գիտությունների դոկտոր Մարինա Աղաջանյանը, վնասվածքաբան Աշոտ Սոֆյանը, հոգեբան Հարություն Բաբայանը, թերապեւտներ Ստեփան Գրիգորյանն ու Ստեփան Հովհաննիսյանը, բժշկագիտական խորհրդի նախագահ Ռաֆայել Թոռոյանը եւ այլք:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզական դիսպանսերի կառուցվածքին, սարքավորումների ձեռքբերմանը, աշխատակիցների հաստիքներին վերաբերող հարցեր: Նշվել է, որ սարքավորումների ձեռքբերման համար կառավարությունը հատկացրել է 53 մլն դրամ: Առողջապահության նախարարության հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 31 աշխատակիցների հաստիքների հատկացման մասին: Աշխատավարձի տարեկան ֆոնդը կկազմի 22 մլն դրամ: Նախատեսվում է մարզական դիսպանսերը հիմնել օլիմպիական հավաքականների հանրապետական կենտրոնում, որտեղ կգործի նաեւ հակադոպինգային ծառայություն: Հարկ եղած դեպքում մեր մարզական բժիշկները կվերապատրաստվեն Մոսկվայում: Պետպատվերով հաջորդ տարի Երեւանի բժշկական համալսարանը մարզական բժշկության բնագավառի 3 շրջանավարտ կունենա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4