«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2005-05-07 | #84, 2005-05-11 | #85, 2005-05-12


ՍՈՖԻԱՅՈՒՄ ԿՊԱՅՔԱՐԵՆ ՈՉ-ՈՔԻՆԵՐԻ ԴԵՄ

Այսօր Սոֆիայում մեկնարկում է շախմատի մրցաշարը 6 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ: Դեռ երբեք Բուլղարիայի մայրաքաղաքը չէր հյուրընկալել նման ուժեղ կազմ ունեցող մրցաշարի մասնակիցների: Մրցաշարը ՖԻԴԵ-ի 20-րդ կարգին է դասվում: Ճիշտ է, կազմակերպիչներին այդպես էլ չհաջողվեց մեկ մրցաշարում միավորել ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակի առաջին վեց տեղերը զբաղեցնող շախմատիստներին: Ինչպես հայտնի է, Կասպարովը հայտարարել է շախմատից հեռանալու մասին, իսկ Լեկոն պատճառաբանել է Լինարեսի ու Մոնակոյի մրցաշարերից հետո հոգնածությունը: Թեեւ նրանց բացակայությանը, Սոֆիայում բավական հետաքրքրական պայքար է սպասվում: Մրցավեճի կբռնվեն Վիշվանաթան Անանդը, Վեսելին Թոփալովը, Վլադիմիր Կրամնիկը, Մայքլ Ադամսը, Հուդիթ Պոլգարն ու Ռուսլան Պոնոմարյովը: Մրցաշարը կանցկացվի երկու շրջանով:

Սոֆիայի մրցաշարը կառանձնանա իր յուրահատկությամբ: Որոշվել է պայքարել ոչ-ոքիների դեմ, ուստի, մրցակարգի համաձայն, մրցակիցները խաղաղ դաշն կարող են կնքել միայն դիրքը երեք անգամ կրկնելու կամ հավերժական շախի միջոցով եւ այն դեպքում, եթե տեսականորեն հնարավոր չէ հաղթել: Մյուս դեպքերում մրցավարների պահանջով մրցախաղը պետք է շարունակվի մինչեւ կողմերից մեկի հաղթանակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4