Համակարգված եւ գրագետ մոտեցում քաղաքի կանաչապատման հարցերին
Քաղաքաշինության եւ որեւէ իրագործումՙ ճարտարապետական անգամ հրաշալի լուծումներով, անհրապույր ու անկենսունակ է դառնում առանց կանաչապատման համապատասխան նախագծի: Քաղաքի կանաչապատումն ինչպե՞ս է իրականացվում, հաշվի առնվո՞ւմ են արդյոք տեղանքի բնակլիմայական պայմանները կամ օգտագործվո՞ւմ է ժամանակին այս ոլորտի գիտնականների ուսանելի փորձը:
Այս հարցերի շուրջն է մեր զրույցը կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Հարությունյանի հետ, որի բնագիտության ուսումնասիրության, կանաչապատման եւ անտառապատման ոլորտներում թե՛ տեսական, թե՛ գործնական առումներով վաստակը լավագույն դպրոցը կարող է լինել այսօրվա մասնագետների եւ դրանով զբաղվողների համար:
- Հայաստանի կանաչապատման եւ անտառապատման հարցերով զբաղվել են խոշոր գիտնականներՙ սկսած պրոֆեսոր Գեւորգի Յարոշենկոյից, Մախատաձեից, Հարություն Մաղաքյանից, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանից, Ենոք Ղազարյանից, Պայքար Խուրշուդյանից, Վահան Ղազարյանից: Նրանք մշակեցին Հայաստանի կանաչապատման եւ անտառապատման դրույթները, ստեղծեցին մի համակարգ, որն առանց չափազանցության խորհրդային ոչ մի հանրապետությունում չկար: Հայեցակարգը մշակվել էրՙ հաշվի առնելով Հայաստանի խիստ բազմազան բնակլիմայական պայմանները եւ դրանց թելադրանքով ընտրվել էր տեսակաշար ոչ թե միայն աճելու իմաստով, այլեւ ֆունկցիոնալ նշանակությամբ, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ, ցրտահարությունից չվնասվող, որը կիրառվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իսկ մինչ այդ հախուռն էր, տարերային:
- Ինչպես այսօ՞ր:
- Այո, հիմա ձգտում են այնպիսի տեսակներ օգտագործել, որոնք հեշտ է բազմացնել: Դրանք արագորեն նատուրալիզացվում են մեր պայմաններում, սակայն աչքի չեն ընկնում դեկորատիվ բարձր հատկություններով: Որպեսզի կայուն, դիմացկուն տեսակաշար ունենանք, պիտի աճեցնենք թանկարժեք բույսեր, ոչ թե մոլախոտ:
- Որո՞նք են դրանք եւ ինչպե՞ս պետք է կատարել տեսակաշարի տեղաբաշխումը:
- Ամերիկյան թխկին կամ հացենիատերեւ թխկին, որով ամբողջ Հայաստանը ողողված է, 30 տարուց ավելի չի ապրում եւ բարձր դեկորատիվ ոչ մի հատկանիշ չունի: Խորենացու փողոցի ծառերն իրենց հասակային ժամանակն անց են կացրել եւ պիտի փոխարինվեն նորերով: Ձյան ծանրությունից դրանք փխրունանում են եւ տապալվում, վերջերս չէ՞ր ծառն ընկել, մեքենա էր ջարդել, լավ է, մարդ չէր եղել:
Մշակված տեսակաշար ունենքՙ նախատեսված պուրակային, պաշտպանական գոտիների, անտառների համար: Փողոցներում եւ պուրակներում համապատասխանում են արեւելյան կամ թխկիատերեւ սոսին կամ էլ ցանկացած կաղնին, որոնք մեր հիմնական դենդրոլոգիական ֆոնը պետք է լինեն: Պուրակներում կարելի է նաեւ ընկուզենի, որ դիմացկուն է, նաեւ պտղատու: Ուշադրությունն առաջին հերթին պետք է դարձնել մշտադալար տեսակների, սոճու տեսակների վրաՙ ղրիմյան, կովկասյան, սովորական, գիհիների, նաեւ հայկականի վրա, որոնք չորադիմացկուն են եւ փողոցային պայմաններում կարող են աճել: Հայաստանը եղեւնու անտառներ չունի, բայց եղեւնին պիտի մեր հիմնական ծառերից մեկը լինի, որպես մշտադալար, գեղեցիկ կանոնավոր սաղարթ ունեցող տեսակ, օրինակՙ արծաթափայլ եղեւնին:
- Հանրապետության հրապարակի կանաչապատումը ներդաշնա՞կ է արդյոք ճարտարապետական մթնոլորտին:
- Աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկն է, եւ պահանջվում է ռեգուլյար ոճՙ հայկական ճարտարապետությանը հատուկ կամարներին, քանդակներին ներդաշնակող բուսատեսակներ, ինչպես գնդաձեւ թեղին, որ տնկարաններում պիտի աճեցվեն, ապա տանեն, տեղադրեն հավասարապես: Տնկարաններում հարկավոր է ունենալ լրացուցիչ տեսակներ, որ չորանալու դեպքում անմիջապես նույն չափի ծառով փոխարինեն, բայց այս գնդաձեւ թեղիները հոլանդական հիվանդությամբ են վարակվում (գրիֆիոն սունկը ջրի միջով անցնում է նրանց քսիլեմայիՙ անոթների մեջ, խցանում դրանք, եւ բույսը չորանում է): Խորհուրդ կտայի դրանք փոխարինել եվրոպական կաղնու գնդաձեւ տեսակով, բրգաձեւը մեր հրապարակի կամարաձեւ ճարտարապետությանը չի ներդաշնակի, իսկ գնդաձեւ կաղնին կլրացնի հրապարակի ճարտարապետական կերպարը:
- Ստացվում է, որ այժմյան կանաչապատման աշխատանքները տարերային բնույթ են կրում, առանց գիտական մոտեցման, մինչդեռ սա քաղաքային ճարտարապետությունը լրացնող կանաչ հատվածն է: Ինչպիսի՞ առաջարկներ ունեք:
- Քաղաքապետարանը պետք է ստեղծի տնկարաններՙ աճեցնելու հատուկ ճարտարապետական ձեւերՙ ջրային տարածությունների մոտ լացող, միապաղաղ շենքերի մոտՙ բրգաձեւ ծառեր, որոնք 2 ֆունկցիա կատարենՙ լրացնեն ճարտարապետական կերպարը, չխաթարեն շենքերի տեսքը:
Միառժամանակ կանաչապատումը պիտի դադարեցնել, նոր տնկարաններ ստեղծել, աճեցնել համապատասխան տեսակաշար, ապա աստիճանաբար սկսել քաղաքի կանաչապատումը: Քաղաքապետարանին ներկայացվող գլխավոր ճարտարապետի հայտում պիտի նշված լինեն պահանջվող ծառատեսակները, դրանց բնի բարձրությունը, սաղարթի մեծությունը, չափերը:
- Քաղաքի կանաչապատման հարցերով արդյոք դիմե՞լ են ձեր խորհուրդներին:
- Մեկ-երկու անգամ Նարեկ Սարգսյանը կանչեց, այն էլ այս կամ այն ծառը կտրելու համար: Քաղաքի նոր հատակագիծ են քննարկում, ո՞ր գիտնականն է մասնակցել, դենդրոլոգը կամ անտառագետը: Այսօր, ցավոք, այս մասնագիտության վերջին մոհիկանը ես եմ մնացել, բայց ինձ չեն դիմում, չնայած իմ պատրաստակամությանը:
50 տարի հետո զղջալու ենՙ անգրագետ կանաչապատման հետեւանքները տեսնելով: Այս անգրագիտությունը գալիս է համաշխարհային կանաչապատման, դեկորատիվ պարտիզագործության, անտառագիտության փորձի անտեղյակությունից: Իմ «Պարտիզագործի հանրագիտարան» քառահատոր գիրքն օգտակար կլինի շատ հարցերում, այստեղ խոսվում է այդ արվեստիՙ կանոնավոր, ներլանդշաֆտային, խառը ոճերի, Բաբելոնի կախովի այգիների մասին: Գերմանացի գիտնականներ Բոտիխերի եւ Առնոլդ Ռեգելի վկայությամբ, Հայաստանում նույնպես կառուցվել են այդ այգիներից: Մենք, որ ընդօրինակել ենք Բաբելոնի կախովի այգիները, այսօր թուրքի պես կանաչապատում ենք անում:
- Փաստորեն վերակրթություն մեզ անհրաժեշտ է ոչ միայն զուտ բնապահպան հարցերում, այլեւ կանաչապատման գրագետ եւ ճիշտ մոտեցումներում:
- Այո, եւ այս առումով պետք են կանաչապատման, անտառապատման կադրեր: Գյուղակադեմիան այս առումով մեծ գործ է կատարել, ստեղծել է պարտիզապուրակային բաժին: Եվ հարկավոր է այս բաժնին ավելի ուշադրություն դարձնել, լաբորատոր աշխատանքների հնարավորություն ստեղծել, ցուցադրական հողամաս, կանաչապատման նախագծերի կազմման համար համապատասխան սարքավորումներ տրամադրել: Քաղաքի ճարտարապետական նախագիծը պետք է իր շարունակությունն ունենա դենդրոլոգիական նախագծերում: Մեզ անհրաժեշտ է պատրաստել կանաչ շինարարության ճարտարապետներ:
Հաջորդ կարեւոր հարցը գրականության հրատարակության անհրաժեշտությունն է: Որքան պետք է ինձ նման մարդիկ իրենց ծախսերով դա անեն, ինչո՞ւ պետությունը չի մշակում այսպիսի հրատարակությունների ծրագիրՙ բուկլետներ առանձին ծառերի, բուսատեսակների, բրոշյուրներ կանաչապատման վերաբերյալ: Սա մոռացված հարց է, այսօր նման գրականություն լույս չի տեսնում: Իսկ նախկին հրատարակությունները մոռացության են տրված: Ակադեմիայիՙ 1974 թ. հրատարակած իմ հեղինակությամբ «Կանաչապատվող օբյեկտների նախագծման հիմունքները» շատ ուսանելի գիրքը, որեւէ կանաչապատող կազմակերպություն չփորձեց վերահրատարակել եւ օգտագործել:
Եթե կանաչապատումը չհամապատասխանի միջավայրին, մթնոլորտին, լավագույն ճարտարապետական հուշարձաններն ու համալիրներն անգամ լիարժեք ուշադրություն չեն գրավի:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ