Նման կարծիք հայտնեց առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը
Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի (ՀԱԱՊ) 3 տարվա գործունեության արդյունքները ամփոփվեցին երեկ հրավիրված պալատի 2-րդ համագումարի ժամանակ: Համագումարին ողջույնի խոսք էին հղել նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Իր ելույթում վերջինս նշեց, որ չնայած կարճատեւ գործունեությանը, պալատը հասցրել է բավական գործեր կատարել: Այդուհանդերձ, վարչապետը կարեւորեց ՀԱԱՊ-իՙ արտերկրի հետ գործընկեր կազմակերպությունների հետ կապերի հաստատման քայլերի ակտիվացումը:
Կառույցի գործունեության հաշվետվությունը ներկայացրեց պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ պալատի անդամ ընկերությունների եւ անհատ ձեռնարկատերերի թիվը գերազանցում է 2600-ը, որոնք ներկայացնում են Երեւանն ու բոլոր մարզերը: Հաշվետվության մեջ թվարկված են այս կառույցի անցկացրած բոլոր գործարար համաժողովներն ու ցուցահանդեսները ինչպես Երեւանում, այնպես էլ այլ երկրներում (Բելառուս, Ռուսաստանի Դաշնություն, Նիդեռլանդներ, Իրան եւ այլն): ՀԱԱՊ նախագահը հույս հայտնեց, որ եկող տարի կկառուցվի պալատի ցուցահանդեսային համալիրը, որի նախագծային աշխատանքներն արդեն սկսվել են:
Մարտին Սարգսյանը հայտնեց նաեւ, որ պալատը լիիրավ անդամ է Միջազգային առեւտրի պալատի, Պալատների համաշխարհային ֆեդերացիայի, Եվրոպալատի, Սեւծովյան գոտու առեւտրաարդյունաբերական պալատների ասոցիացիայի եւ այլ կառույցների, ներկայացուցչություններ ունի Ռուսաստանի մի շարք քաղաքներում, ԱՄՆ-ում եւ Կանադայում, Նիդեռլանդներում, Իսպանիայում, Միջին Արեւելքի եւ մի շարք այլ երկրներում:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ ֆինանսական շուկայում փոխարժեքի տատանումների վերաբերյալ հարցին պատասխանելով, Մարտին Սարգսյանը կարծիք հայտնեց, որ դոլարի արժեզրկումը վնասում է արտահանմանը եւ Կենտրոնական բանկը պետք է հրաժարվի «լողացող» փոխարժեքի քաղաքականությունից:
Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի գործունեության մասին լրագրողների հարցին պատասխանելով, Անդրանիկ Մարգարյանն էլ նշեց, որ չնայած կատարված կազմակերպչական աշխատանքին, մարզերում պալատի անդամների քանակն անհավասարաչափ է բաշխված: Բացի այդ, պալատը պետք է միավորի բոլոր կազմակերպությունների ջանքերը, աջակցելու համար իրենց ապրանքն արտաքին շուկայում իրացնելու խնդիր ունեցող ընկերություններին: Այդ նպատակով այս կառույցը պետք է համագործակցի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, հարկային եւ մաքսային մարմինների հետ, գտնի լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրները եւ դրանց վերաբերյալ առաջարկություններ կատարի: Այդ ուղղությամբ, ըստ վարչապետի, առաջին քայլերն արվել են, եւ ՀԱԱՊ-ը ճիշտ ուղու վրա է:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ