«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2005-05-07 | #84, 2005-05-11 | #85, 2005-05-12


Ո՛Ր ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԵՆ ԱՃԵԼ ԵՎ ՈՐԸ ՆՎԱԶԵԼ

Ըստ վիճծառայության ցուցանիշների

Սպառողական ապրանքների գնաճի 2005 թ. ապրիլ ամսվա համեմատական ցուցանիշները 2004 թ. ապրիլ եւ դեկտեմբեր ամիսների նկատմամբ ներկայացնելով, Կենտրոնական բանկի վիճակագրական վարչության պետ Հակոբ Զորյանը նշեց, որ դրանք ազգային վիճակագրական ծառայության պաշտոնապես տրամադրած ցուցանիշներն են: Համաձայն դրանց, անցյալ տարվա ապրիլի նկատմամբ գնաճը կազմել է 1,3 տոկոս, դեկտեմբերի նկատմամբՙ 2,8 տոկոս: Սովորաբար, Հակոբ Զորյանի հավաստմամբ, տարվա առաջին եւ երկրորդ եռամսյակներում գնաճը բարձր է լինում: Ինչ վերաբերում է կոնկրետ պարենային եւ ոչ պարենային ապրանքներին, ապա պատկերն այսպիսին է:

Պարենային ապրանքների գնաճը դեկտեմբերի նկատմամբ կազմել է 4,2 տոկոս, ապրիլի նկատմամբ, այսինքն տարեկան կտրվածքովՙ 2,3 տոկոս: Սպառողական զամբյուղի ամենակարեւոր բաղկացուցիչ մասիՙ հացամթերքների առնչությամբ ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել է գնանկումՙ համապատասխանաբար 0,8 եւ 6,5 տոկոսով: ԿԲ վարչության պետը նշեց, որ այս ապրանքատեսակի մեջ ներառվում են 17 անուն ապրանքներՙ հացահատիկ, ալյուր, հաց, լավաշ, ոսպ, ձավար, հնդկացորեն եւ այլն: Սրան հակառակ, կտրուկ աճ է արձանագրվել ձկնամթերքը (հիմնականում սիգ ձկան), դեկտեմբերի նկատմամբ 15,1 տոկոս, ապրիլի նկատմամբՙ 70,8 տոկոս: Սա գնաճի վրա էական ազդեցություն է ունեցել: Զգալի գնաճ է արձանագրվել նաեւ ձունՙ տարվա կտրվածքով կազմելով 11,5 տոկոս: Մեկ տարվա ընթացքում մրգի գներն աճել են 23,1 տոկոսով, բանջարեղենինըՙ 8,2 տոկոսով, մսինը եւ մսամթերքներինըՙ 4 տոկոսով: Փոխարենը 1,5 տոկոս գների անկում է նկատվել կաթնամթերքի, 1,7 տոկոս շաքարավազ, 1 տոկոս սուրճ, թեյ, կակաո, 2,1 տոկոս ծխախոտ ապրանքատեսակների գծով:

Ոչ պարենային ապրանքների մասով անցյալ տարվա դեկտեմբերի եւ ապրիլի նկատմամբ այս տարվա ապրիլին արձանագրվել է գնանկումՙ համապատասխանաբար 0,2 եւ 0,3 տոկոսով: Տարեկան կտրվածքով հագուստեղենն էժանացել է 3 տոկոսով, կոշկեղենըՙ 4,5 տոկոսով, կահույքըՙ 10 տոկոսով, գորգեղենըՙ 2 տոկոսով, կենցաղային էլեկտրասարքերըՙ 8,1 տոկոսով, խոհանոցային սպասքըՙ 3 տոկոսով, շինանյութերըՙ 1,9 տոկոսով, դեղամիջոցներըՙ 2,4 տոկոսով, մշակույթի ապրանքները (հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, տեսախցիկ եւ այլն)ՙ 14 տոկոսով, ոսկերչական ապրանքներըՙ 6,5 տոկոսով: Բենզինը թանկացել է 5,3 տոկոսով, ինչը բացատրվեց այս ապրանքատեսակի միջազգային գնի բարձրացմամբ:

Մայիս ամսվա առաջին տասնօրյակում, որն ըստ ազգային վիճակագրական ծառայության մեթոդաբանության ընդգրկում է ապրիլի 20-30-ը, ոչ միայն գնաճ չի արձանագրվել, այլեւ նկատվել է 0,4 գնանկում: Իսկ ԿԲ գնահատականներով, մայիս ամսվա երկրորդ տասնօրյակըՙ մայիսի 1-10-ն արձանագրվել է 0,1 տոկոս գնանկում: Եթե վերջին տասնօրյակում գները մնան անփոփոխ, ապա մայիս ամսվա միջին գնանկումն, ըստ Հակոբ Զորյանի, կկազմի 0,4 տոկոս:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4