Փաստում է Կենտրոնական բանկի նախագահը
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների երեկ մեկնարկած համատեղ նիստում քննարկվում էր «ՀՀ 2004 թ. պետական բյուջեի մասին» օրենքի կատարման հաշվետվությունը: Քննարկման ավարտին Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հավաստիացրեց, որ կառավարությունը եւ Կենտրոնական բանկն արդեն իսկ նախորդ տարի կատարել են օրենսդրական փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնելու այս տարվա առաջին կիսամյակում եւ ուղղված են արժութային շուկայում իրավահարաբերությունները կանոնակարգելուն եւ արժութային ռիսկերը զսպել-կառավարելուն: Սա նշանակում է, որ փորձ է արվում ապահովել արժութային հնարավոր կայունություն, այսինքնՙ դրամ-դոլար փոխարժեքի մեկ տարի տեւող եւ Հայաստանի բնակչությանը մեծապես վնաս հասցնող տարերային տատանումները խելամիտ չափի են հասցվելու:
Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, դրա համար անհրաժեշտ օրենքների գործադրումը ենթադրող ծրագիր է մշակվել կառավարության ու Կենտրոնական բանկի կողմից եւ հարկային մարմիններին տրվել են համապատասխան հստակ հանձնարարականներ: Բայց խնդիրը կարեւորագույն է լինելու ոչ միայն այս, այլեւ առաջիկա 3 տարիներին: Նշված խնդրի իրականացման համար այդչափ ժամանակի անհրաժեշտությունը Կենտրոնական բանկի նախագահը բացատրում է Հայաստանի տնտեսության զարգացման նոր փուլի մուտքով, որն ուղեկցվում է տնտեսական աճի բարձր տեմպերով, բնակչության եկամուտների համապատասխան աճով եւ տրանսֆերների մեծածավալ ներհոսքով:
Տիգրան Սարգսյանը տնտեսագիտական ձեւակերպում տալով նշվածին, փաստեց, որ առաջիկա 3 տարում համապատասխան մարմինները փորձելու են կարգավորել ռեալ փոխարժեքի արդյունավետ վարքագիծը, ինչը ենթադրում է արտահանողների համար առեւտրային պայմանների հստակեցում, արտահանվող արտադրանքի ինքնարժեքի աճ եւ արտահանողի ճիշտ աշխատանքի դեպքումՙ եկամուտների աճ, որը պետք է զուգորդվի ՀՀ-ում աշխատավարձերի բարձրացմամբ: Մի խոսքովՙ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի մատնանշած ծրագրի իրականացման դեպքում շահելու են հայաստանաբնակ արտադրողն ու աշխատավորը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ