Ռուսաստանյան «Սիստեմա տելեկոմ» հոլդինգը, որը ներառում է ՄՏՍ բջջային օպերատորը, չի բացառում «Արմենտել» ընկերությունը ձեռք բերելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, «Սիստեմա տելեկոմի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Լագուտինը ռուսաստանյան «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում ասել է, որ ընկերությունը «մտածում» է «Արմենտելը» ձեռք բերելու մասին:
Լագուտինը նաեւ նշել է, որ «Սիստեմա տելեկոմը» հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ Վրաստանում եւ Ադրբեջանում գործող Magticom-Azercell բջջային օպերատորների նկատմամբ, եւ խոստովանել է, որ ՄՏՍ-ի ռազմավարական նպատակն է «ծածկել» ԱՊՀ ողջ տարածքը:
2003 թ. վերջում «Սիստեմա տելեկոմի» գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Վրոնեցը հայտարարել էր, որ «Հայաստանը մտնում է հոլդինգի հետաքրքրությունների շրջանակի մեջ», նշելով, սակայն, որ «մենք չունենք հայկական շուկա դուրս գալու անհապաղ ծրագրեր»: Վերջին տարիներին հունական OTE-ի ղեկավարները բազմիցս հայտարարել են «Արմենտելի» բաժնետոմսերի իրենց պատկանող 90 տոկոսը վաճառելու մտադրության մասին: