Պահպանե՛նք մեր անտառները
Սույն հոդվածը առաջինն է Հայաստանի վտանգված անտառների առանցքային խնդիրների հնարավոր լուծումներ պարունակող անտառային նոր օրենսգրքի նախագծի լուսաբանմանը նվիրված եռահոդված շարքի:
Հայաստանի վտանգված անտառները
Մարտի 6-8-ը Երեւանում մեկնարկեցին անտառային նոր օրենսգրքի նախագծի քննարկումները: Այս քննարկումները, որոնք նախաձեռնել էր «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն` Բաց հասարակության ինստիտուտի «Հասարակական քաղաքականության ձեւավորում» ծրագրի շրջանակներում, նպատակ էր հետապնդում շահագրգիռ բնապահպանական ՀԿ-ներին եւ կազմակերպություններին ներգրավել օրենսգրքի նախագծի մշակման, ընդունման եւ կիրառման գործընթացի մեջ: Քննարկումները կազմակերպվել էին օրենսգրքի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու նախօրյակին:
Ներկայումս Հայաստանի անտառների ոչնչացումը հասել է աղետալի ծավալների: Մինչ անտառները պատմականորեն կազմում էին Հայաստանի 40-45 տոկոսը, իսկ 20-րդ դարի սկզբինՙ ՀՀ ներկայիս տարածքի 25 տոկոսը, այժմ դրանք ծածկում են երկրի 8-9 տոկոսը միայն: Անտառների ոչնչացումը հանգեցնում է հողի էրոզիայի, սողանքների, ջրի բնական աղբյուրների եւ գետակների կորստի, անտառային պտուղների վերացման, կլիմայական բացասական փոփոխությունների, ինչպես նաեւ որակյալ հողի կորստի եւ կենսաբազմազանության ու ֆաունայի ոչնչացման: Անտառներին մեծագույն վնաս հասցվեց էներգետիկ ճգնաժամի տարիներին, ներկայումս նույնպես անտառների հատումները շարունակվում են տագնապալի արագությամբ: Համաձայն փորձագետների, եթե հատումները շարունակվեն ներկայիս ծավալներով, ապա Հայաստանը կզրկվի իր անտառներից արդեն 20 տարի հետո:
Խորհրդային Միության տարիներից ի վեր Հայաստանի անտառները ունեցել են հիմնականում պաշտպանական կարգավիճակ, որի դեպքում արգելվում են անտառների հատումները` բացառությամբ սանիտարական հատումների: Վերջինս ենթադրում է մահացած ծառերի եւ խիտ տարածքներում նոսրացման հատումներ, որը կնպաստի միայն անտառի առողջացմանը: Մինչդեռ սանիտարական հատումների «հովանու» ներքո ներկայումս Հայաստանում մեծածավալ հատումներ են կատարում անհատ գործարարները, որոնք փայտանյութ են մատակարարում վառելիքի, կահույքի արտադրության, շինարարության համար, ինչպես նաեւ որակյալ եւ թանկարժեք փայտանյութ են արտահանում տարբեր երկրներ:
Խորհրդային տարիներին պետությունը տարեկան տնկում էր 7000 հա անտառ, երկրի ներքին պահանջարկը բավարարելու համար Ռուսաստանից եւ այլ երկրներից փայտանյութ էր ներկրում Հայաստան: 1991 թ. ի վեր, սակայն, տնկումներ գրեթե չեն եղել, փայտանյութի ներկրումը նվազել է, իսկ ծառահատումները էականորեն ավելացել են:
Ինչո՞ւ է անհրաժեշտ նոր անտառային օրենսգիրք
Ներկայիս անտառային օրենսգիրքը կարիք ունի էական թարմացման եւ արդիականացման` անտառի ընթացիկ խնդիրները լավագույնս լուծելու համար, այդ պատճառով անհրաժեշտություն ստեղծվեց մշակելու նոր օրենսգիրք: Այս գործընթացը կառավարում էր ՀԲ-ի Բնական պաշարների կառավարման եւ աղքատության նվազեցման ծրագրի շրջանակներում շվեդական SIDA կազմակերպության Անտառների ինստիտուցիոնալ աջակցության ծրագրի աշխատախումբը, որի անդամներից էր այս մեկուկեսամյա գործընթացի իրականացման ջատագով, շրջակա միջավայրի հարցերով փաստաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:
Անտառները պետք է մնան հայ ժողովրդի սեփականությունը
Անտառների պահպանման կարեւորագույն նախապայմաններից է անտառային օրենսգրքի նախագծի ընդունումը Ազգային ժողովումՙ պայմանով, որ անտառները պետք է մշտապես լինեն պետության սեփականությունը, դրանք տնօրինի ժողովուրդը, բացառվի անտառների որեւէ տեսակի սեփականաշնորհումը: Հայաստանի անտառների գոյությունը անհրաժեշտ է ներկա եւ ապագա սերունդների բարեկեցության համար: Այս կարծիքին է նաեւ ՀՀ գյուղնախարար Դավիթ Լոքյանը, որն այս օրենսգրքի նախագծի մշակման ծրագրի պատասխանատուն է: Նա հստակ դիրքորոշում ունի այս առումով` Հայաստանի անտառները ենթակա չեն սեփականաշնորհման: Մինչդեռ կան մարդիկ, ովքեր հաճույքով կգնեին անտառային հողեր, կհատեին ծառերը, կկառուցեին իրենց առանձնատներն ու կցանկապատեին տարածքը` արգելելով մարդկանց մուտք գործել անտառային հողեր:
Գիտակցելու համար, թե ինչ աղետ կլիներ Հայաստանի անտառների կորուստը մեզ համար, անհրաժեշտ է միայն տեսնել, թե ինչ վիճակում են հայտնվել այն երկրները, որտեղ սեփականաշնորհվել եւ ոչնչացվել են անտառները: Վերլուծելով Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում անտառների սեփականաշնորհման փորձը, ՄԱԿ-ի Սննդի եւ գյուղատնտեսության կազմակերպության պատրաստած զեկույցը («Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի անցումային տնտեսությամբ մի քանի երկրների մասնավոր անտառների եւ անտառների զարգացման էվոլյուցիայի խնդիրներն ու հնարավորությունները») ընդգծում է, որ առաջացել են մասնավոր անտառային տարածքների կառավարման լուրջ խնդիրներ, եւ առաջարկում է չգնալ այս ճանապարհով:
Հայաստանի անտառներն այժմ անորոշ վիճակում են: Հուսով ենք, որ անտառների խնդիրներին նվիրված սեմինարների եւ հրապարակումների տեսքով ներկայումս ձեռնարկվող միջոցառումների այս շարքը հասարակությանը կխրախուսի առավել մեծ մասնակցություն ունենալ Հայաստանի անտառների պահպանության գործում: Ավելին, եթե մենք ուզում ենք, որ անտառը ըմբոշխնեն նաեւ մեր սերունդները, ապա Ազգային ժողովը պետք է ընդունի անտառային օրենսգրքի նախագծի այն դրույթը, որն անտառները սահմանում է որպես պետության սեփականություն:
Անտառային նոր օրենսգրքի նախագծի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմեք «Հայաստանի անտառներ» ՀԿ-ին հետեւյալ հասցեովՙ info@ArmenianForests.am
ՋԵՖՐԻ ԹՈՒՖԵՆԿՅԱՆ
*Ջեֆրի Թուֆենկյանը «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի համահիմնադիրն ու նախագահն է: «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նպատակն է պահպանել եւ վերականգնել Հայաստանի անտառները ներկա եւ ապագա սերունդների համար (տես` www. ArmenianForests.am ):