Որպես աշխարհի 182 երկրների ոստիկանական ուժերի միություն հանդես եկող Ինտերպոլ միջազգային եզակի կազմակերպությունը, իրավապահ մարմինների եւ քրեական ոստիկանության հետ համագործակցելով, գործնական մասնակցություն է ցուցաբերում միջազգային մակարդակով հանցավորության ճնշման եւ կանխարգելման գործում:
1992 թ. Հայաստանը դարձել է Ինտերպոլի լիիրավ անդամ, որի 13 տարվա գործունեության ընթացքում մի շարք աշխատանքներ են իրականացվել: Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) կատարած աշխատանքները երեկ լրագրողներին ներկայացրեց Ինտերպոլի ԱԿԲ պետ Վարդան Եղիազարյանը: Նա դժգոհեց, որ մամուլով եւ հեռուստատեսությամբ սխալ տեղեկություններ են պտտվում իրենց գործունեության վերաբերյալ: «Մենք չունենք Ջեյմս Բոնդեր, մենք չենք հետախուզում, չենք կատարում հետախուզական աշխատանք, մենք ընդամենը նպաստում ենք անդամ երկրների քրեական ծառայությունների աշխատանքներին», ասաց պրն Եղիազարյանը:
Հայաստանի ոստիկանության մարմինների օպերատիվ հարցումների ուղեկցման շնորհիվ 1998-2000 թթ. ընթացքում Ինտերպոլի անդամ երկրներում հաջողվել է պարզել 976 հետախուզվողների գտնվելու վայրը, որոնցից 769-ը ձերբակալվել են, 265-ը` ենթարկվել էքստրադիցիայի: 2004 թ. միջազգային հետախուզում է անցկացվել 431 անձանց նկատմամբ, որից հայտնաբերվել է 168-ը, ձերբակալվել` 162-ը: Այսօր հետախուզվում են 265 անձինք, որոնցից 13 առավել նշանակալի հանցագործների անձնական տվյալները զետեղված են ԱԿԲ վեբ կայքում: 2004 թ. մարտից սկսված աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել է օտար երկրներից գողացված 69 ավտոտրանսպորտային միջոց, իսկ հետախուզման մեջ գտնվող 36 մշակութային արժեք ներկայացնող իրերից հնարավոր է եղել օրինական տերերին հանձնել 2-ը: Այլ երկրներից հետախուզման մեջ գտնվող 140 հոգի էլ հայտնաբերվել է Հայաստանում:
ԱԿԲ պետը նշեց, որ 5 տարին մեկ թարմացվում է հետախուզվողների ցանկը, ամենահին հետախուզվողը փնտրվում է 1994 թ.-ից:
Թեպետ այս տարի եղած աղմկահարույց դեպքեր պրն Եղիազարյանը չնշեց, բայց ասաց, որ այսօր իրենց կազմակերպությունը կարեւորում է ահաբեկչության, թրաֆիկինգի եւ թմրադեղերի դեմ պայքարը: «Այլ կերպ ասած, մեր կազմակերպությունը զբաղվում է ամեն մի հանցավոր դրսեւորմամբ, բայց մեզ համար կարեւորը մնում է հանցագործների հետախուզումը», ընդգծեց բյուրոյի պետը: Նրա խոսքերով, թեպետ իրենք տվյալներ են փոխանակում Ինտերպոլի անդամ 182 երկրների հետ, բայց կապն ավելի ինտենսիվ է եվրոպական երկրների հետ: Պրն Եղիազարյանը նշեց, որ կավատության խնդիրներ կան Արաբական Միացյալ Էմիրություններում (նախորդ շրջանում ինը կավատներից երեքը գտնվել եւ արտաքսվել է երկրից), իսկ մարմնավաճառության բազմաթիվ տվյալներ` Թուրքիայում:
Լրագրողները չմոռացան ԱԿԲ պետից հետաքրքրվել 2000 թ.-ից հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի մասին, որին ի պատասխան նա ասաց. «Վանո Սիրադեղյանի մասին տեղեկություններ անվերջ լինում են, բայց շոշափելի արդյունքներ դեռ չկան»:
Պրն Եղիազարյանը հայտնեց նաեւ, որ հունիսին կկայանա ԱԿԲ-ի կարեւոր հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն I-24/7 հեռահաղորդակցման նոր համակարգին միանալու հարցերը: Այդ նոր համակարգը ապահովում է ժամանակակից որակյալ եւ արագ կապ գլխավոր քարտուղարության եւ անդամ երկրների հետ, ուղղակի մուտք կազմակերպության տեղեկատվական տվյալների բազաներ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ