«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2005-05-11 | #85, 2005-05-12 | #86, 2005-05-13


«ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ ԼԱՐՎԱԾ ԷՐ ԵՎ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԷՐ ՆԱՅԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՉՔԵՐԻՆ»

Մինչեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նամակագրությունը պաշտոնական Անկարայի օրակարգում Հայոց ցեղասպանության հարցն էր: Նամակագրությունից հետո օրակարգային դարձավ Քոչարյանի հետ Էրդողանի հանդիպումը: Ահա թե ինչու թուրքական կենտրոնական թերթերը, որոնց հաճախ միանում է նաեւ հանրային հեռուստատեսությունը, անընդհատ վերարծարծում են հանդիպման հարցը: Դա ինքնանպատակ չէ: Որքան էլ Էրդողանի նամակն Անկարայի օրակարգից դուրս մղի ցեղասպանության հարցը, այնուամենայնիվ, Թուրքիայի խնդիրը միջազգային հանրության օրակարգն է:

Թերեւս այդ առումով պատահական չէ, որ ՀՀ նախագահի հետ Էրդողանի հանդիպման պատրաստակամության ակտիվ վերարծարծումները զուգորդվում են բուռն հակազդեցության այն երկրների նկատմամբ, որոնց խորհրդարանները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը կամ ճանաչման հայտարարություններ են արել: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Լեհաստանի Սեյմին եւ Ռուսաստանի Պետդումային:

Ինչպես հայտնի է, ապրիլի 20-ին Սեյմը միաձայն ճանաչել էր «Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը», իսկ ապրիլի 22-ին Պետդուման Մեծ եղեռնի օրվա առնչությամբ ցավակցություն էր հայտնել «եղբայրական հայ ժողովրդին» եւ հայտարարությամբ հորդորել միջազգային հանրությանըՙ նշելու Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը: Թուրքիայի ազգային մեծ ժողովըՙ Մեջլիսը, իսկույն արձագանքելով այս ամենին, ցեղասպանության ճանաչման համար, խստագույնս դատապարտել էր Լեհաստանի Սեյմին, իսկ Մեջլիսի նախագահ Բյուլենթ Արընչը, որը մինչ այդ հրաժարվել էր Լեհաստան այցելությունից, Ռուսաստանի Պետդումայի հայտարարության առնչությամբ չեղյալ էր հայտարարել Ռուսաստան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների նախապես ծրագրված այցը Թուրքիա: Ավելինՙ նա միաժամանակ պաշտոնական որոշումով հրաժարվել էր նաեւ Ռուսաստան նախատեսվող այցելությունից:

Սա նշանակում է, որ Թուրքիան ՀՀ նախագահի հետ վարչապետ Էրդողանի հանդիպման պատրաստակամությունը համադրում է հակազդեցության հետ, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դուրս մղի նաեւ միջազգային հանրության օրակարգից: Ընդ որում, թուրքական իշխանությունները հակազդեցության ցուցաբերման համար ոչ մի առիթ բաց չեն թողնում: Դրա թերեւս վառ օրինակը մայիսի 9-ին Մոսկվայում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 60-ամյակին նվիրված տոնակատարություններն էին, որոնց, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների գլխավորությամբ, մասնակցեցին շուրջ 50 երկրների ղեկավարներ, այդ թվումՙ ՀՀ նախագահն ու Թուրքիայի վարչապետը:

Տոնակատարություններին Էրդողանը, ինչպես մայիսի 10-ի համարում նշում է «Սաբահ» թերթը, զրուցել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերի եւ մի շարք այլ երկրների ղեկավարների հետ: Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկու հետ զրուցելիս նա Պետդումայի վերոհիշյալ հայտարարության եւ Սեյմի որոշման առնչությամբ դժգոհություն է հայտնելՙ նրանց ասելով. «Այս որոշումներով դուք վշտացնում եք մեզ եւ թուրք ժողովրդին: Դրանք իրավական հիմքից զուրկ պնդումներ են»:

Հատկանշական է, որ երբ Էրդողանը Պուտինին եւ Կվասնեւսկուն ցեղասպանության հարցի առնչությամբ Թուրքիայի դժգոհություններն էր հայտնում, կանցլեր Շրյոդերը ֆաշիզմի պատճառած դժբախտությունների համար պաշտոնապես ներողություն խնդրեց ռուս ժողովրդից, ինչպես նաեւ ԽՍՀՄ-ի մյուս ժողովուրդներից: Գերմանիան Եվրոմիության անդամ է, իսկ Թուրքիան այս կառույցին անդամակցելու միջոցով ամեն կերպ ձգտում է եվրոպական ընտանիքի մաս կազմել: Համենայն դեպս, մայիսի 9-ին Էրդողան-Պուտին հանդիպմանն ուղիղ եթերում մոսկովյան թղթակցի միջոցով անդրադառնալիս թուրքական հանրային հեռուստատեսությունը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Պուտինը որեւէ արձագանք չտվեց Էրդողանի խոսքերին:

Այլ կերպՙ Պուտինն անտեսել է Թուրքիայի վարչապետի դժգոհությունը: Ըստ երեւույթին նույն կերպ է վարվել Լեհաստանի նախագահը, որ «Թերջումանը» մայիսի 10-ի համարում նշում է հանդիպումներում Էրդողանի լարված հոգեվիճակի մասին: Դա, ըստ թերթի, նկատելի է եղել նախագահ Բուշի հետ զրուցելիս, առավել եւս նախագահ Քոչարյանի ձեռքը սեղմելիս: Հիշեցման կարգով նշենք, որ Էրդողանը Մոսկվայում Քոչարյանին ձեռքով բարեւել էր, բայց չէր զրուցել: Բարեւելիս, «Թերջումանի» տվյալներով, նրան «չի հաջողվել քողարկել իր ներքին լարվածությունը, խուսափել է նայել Քոչարյանի աչքերին»: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահին, ապա նա ուշադիր հետեւել է վարչապետ Էրդողանի շարժումներին եւ սպասել, որ վերջինս ձեռք մեկնի:

Նույն օրը, ընդունելով Թուրքիայում ԵՄ-ի երկրների դեսպաններին, արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը նրանց տեղեկացրել է մայիսի 15-17-ը Վարշավայում Եվրոխորհրդի գագաթաժողովի շրջանակներում նախագահ Քոչարյանի հետ վարչապետ Էրդողանի ենթադրվող հանդիպման մասին: Նա միաժամանակ ակնարկելով Լեհաստանի Սեյմում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, «Հյուրիեթի» տվյալներով, ասել է. «Մենք կողմ ենք բարիդրացիական հարաբերություններին: Հայաստանից սահմանների բացման համար ազդանշաններ ենք ստանում: Առանց որեւէ դրական քայլի ինչպե՞ս ենք բացելու: Հատկապես սփյուռքը չի ցանկանում, որ երկու երկրների հարաբերությունները զարգանան: Վերին աստիճանի կոշտ եւ սխալ քաղաքականություն են վարում: Այս ամենով հանդերձ ամեն կերպ աշխատում ենք դրական մոտեցում ցույց տալ Քոչարյանի պատասխան նամակին: Էրդողանն ու Քոչարյանն այսօր Մոսկվայում ձեռք սեղմեցին: Սպասում ենք, որ նրանք հանդիպեն Վարշավայում»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4