«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2005-05-11 | #85, 2005-05-12 | #86, 2005-05-13


ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

Իսկ 2008 թ. նախագահական ընտրությունների մասին խոսելըՙ վաղաժամ

Կառավարության նիստերին հաջորդող ավանդական ճեպազրույցների փոխարեն երեկ իր հնգամյա գործունեության արդյունքներն ամփոփեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նա իր ելույթը սկսեց հիշատակելով 2000 թ., երբ իր երազանքն էր ապահովել բյուջեի կատարումը, ինչը չնայած չհաջողվեց, բայց հաջորդ երկու տարիներին կուտակված պարտքերը մարվեցին: 2003 թ.-ից կառավարությունը փորձել է «հաղթահարել նոր բնագծեր»: Օրինակՙ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով մի շարք ուղղություններ գերակատարվել են եւ խնդիր է դրվել ավելի իրատեսական ցուցանիշները հիմք ընդունել: Պետական կառավարման ոլորտում բարեփոխումներ են կատարվել, քաղծառայության համակարգն է սկսել գործել, կատարվել են կառուցվածքային բարեփոխումներ մի շարք ոլորտներում (կադաստր, էներգետիկա, ջրային տնտեսություն, փոքր եւ միջին ձեռնարկատիրություն եւ այլն):

Անդրանիկ Մարգարյանը կարեւորեց պետական բյուջեի եկամտային մասի ցուցանիշների տարեցտարի ավելացումը, նշելով, որ 2000 թ. 152 մլրդ դրամի փոխարեն այս տարի այդ թիվը կազմել է 310 մլրդ դրամ: Նա նման արդյունքի հասնելու ամենակարեւոր գործոնը համարեց տնտեսական աճը, ինչի հետեւանքով ավելացել են հարկային մուտքերը: Այս առթիվ վարչապետին ուղղված մեր հարցն այն էր, թե չնայած գումարային առումով բյուջեի եկամտային մասի ավելացմանը, համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկման ցածր եւ գրեթե չփոփոխվող ցուցանիշը չի՞ նշանակում, որ ստվերային տնտեսության դեմ պայքարն անբավարար է: Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկման աճ նախատեսվել է, բայց այդ աճի ցուցանիշներն անբավարար համարեց: Միաժամանակ նա նշեց, որ դա տեղի է ունեցել նաեւ այն պատճառով, որ մեծ աճ արձանագրած մի քանի ճյուղեր (գյուղատնտեսությունը, ադամանդագործությունը) ավելացված արժեքի հարկից ազատված են:

«Ազգի» մյուս հարցին, թե ժամանակը չէ՞, որ Հայաստանում նույնպես արգելվեն մենաշնորհները, քանի որ, ի տարբերություն զարգացած երկրների, Հայաստանի օրենսդրությամբ արգելվում են ոչ թե մենաշնորհները, այլ դրանց չարաշահումը, վարչապետը պատասխանեց, որ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կփորձի պայքարել դրա դեմ: Սակայն ընդգծենք, որ մեր հարցն առնչվում էր բուն մենաշնորհի սահմանափակման հնարավորությանը, ինչին, փաստորեն, պատասխան չտրվեց:

Տարածքային կառավարման նախարարության ստեղծման առնչությամբ նշվեց, որ տվյալ նախարարը մինչ այդ էլ համակարգում էր այդ ոլորտները, հիմա դրանք ընդգրկվել են մեկ նախարարության մեջ: Այսինքն, որոշ առումով օպտիմալացում է եղել, եւ մի շարք կրկնվող բաժիններ կրճատվելու են:

Վարչապետը, պատասխանելով աղքատության հաղթահարման ծրագրով նախատեսված աղքատության սահմանագծին վերաբերող հարցին, նշեց, որ այդ թիվը կվերանայվի եւ կհամապատասխանեցնի այսօրվա կյանքի պահանջներին: Փորձագիտական խմբերն աշխատում են այդ ուղղությամբ: Այնուհետեւ Անդրանիկ Մարգարյանը հայտնեց, որ քննարկվում է նվազագույն աշխատավարձի չափի բարձրացման հարցը, որը կախված կլինի առկա հնարավորություններից: Խնդիրն այն է, որ, եթե նվազագույն չափը բարձրացվի ենթադրենք մինչեւ 20 հազար դրամը, ապա անհրաժեշտ կլինի համամասնորեն բարձրացնել նաեւ ավելի բարձր պաշտոն ունեցողների աշխատավարձերը: Դա արդեն լուրջ ծախս է եւ 50-60 մլրդ դրամ կարող է արժենալ:

Այս տարվա կարեւոր խնդիրների թվում վարչապետը նշեց սոցիալական ապահովագրության, հիպոթեկային վարկավորման համակարգերի եւ կուտակային հիմնադրամների ստեղծումը: Իր ներկա ցանկությունը վարչապետը համարեց այն, որ մեր երկրի «կարող ուժը մնա մեր երկրում»:

Քաղաքական հարցերից Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարի եւ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում մեր տնտեսությանը սպառնացող վտանգների վերաբերյալ հարցին պատասխանելով, Անդրանիկ Մարգարյանը հնարավոր համարեց մինչեւ տարեվերջ հայ-թուրքական սահմանը բացելու եւ երկկողմ հարաբերությունները կարգավորելու հարցերի լուծումը: Սահմանի բացման դեպքում որոշ տնտեսական դժվարություններ, ըստ վարչապետի, կլինեն, բայց դրանք հետագայում կկարգավորվեն, եւ հայ գործարարներն էլ ապրանք կարտահանեն Թուրքիա: Դա տեղի ունեցավ Իրանի հետ մեր հարաբերությունների ժամանակ:

«Պատրաստվո՞ւմ է իր թեկնածությունը առաջադրել 2008 թ. նախագահական ընտրություններին» հարցին վարչապետը պատասխանեց, որ դրա մասին խոսելը վաղաժամ է, իսկ մինչեւ 2008 թ. պետք է տեղի ունենան 2007 թ. խորհրդարանական ընտրությունները, որից հետո միայն քաղաքական ուժերը կանդրադառնան այդ հարցին:

«Ավելացե՞լ են վարչապետի որդու ֆինանսական կարողությունները անցած 5 տարում» հարցին էլ Անդրանիկ Մարգարյանը դրական պատասխանեց, միաժամանակ ասելով, որ դա կապված չէ իր վարչապետության հետ, եւ որդուն վերագրվող ունիվերսամն էլ նրանը չէ: Իսկ որդու կարողության ավելացումը վարչապետը պարզաբանեց այն բանով, որ ինքն էլ է աշխատում, իր կինն էլ, որդին էլ, նրա կինն էլ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4