«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2005-05-11 | #85, 2005-05-12 | #86, 2005-05-13


ՎՐԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՔ ՉԳԻՏԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Ըստ վրացական ընդդիմության ներկայացուցչի

Կովկասյան լրագրողների ինտերնետ ցանցում (www.caucasusjournalists.net) երեկ տեղի ունեցած հարցազրույցին մասնակցում էր Դավիթ Ուսուպաշվիլին, որը հունիսին ամենայն հավանականությամբ կդառնա Վրաստանի Հանրապետական կուսակցության նոր ղեկավարը: «Ազգի» հարցերին պրն Ուսուպաշվիլին պատասխանեց, որ նախ համաձայն չէ Միացյալ Նահանգների նախագահի այն հայտարարությանը, թե Վրաստանի ընդդիմությունը ուժեղ է: «Ընդդիմությունը թույլ է: Գուցե դա լավ հասկանում է նաեւ Բուշը, բայց հավանաբար ցանկալին ընդունում է որպես իրականություն: Հանրապետականների անունից ես կարող եմ ասել, որ Վրաստանում մենք ընդդիմադիր ենք, որովհետեւ կառավարությունը չի պահպանում օրենքների գերակայության, իշխանության տարանջատման, դատական իշխանության անկախության, իրական ինքնակառավարման, մարդու իրավունքների սկզբունքները», նշեց պրն Ուսուպաշվիլին:

Ինչ վերաբերում է Վրաստանում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցին, ապա Դավիթ Ուսուպաշվիլին ասաց, որ Վրաստանում մարդու իրավունքները խախտվել են ինչպես մինչեւ վարդյա հեղափոխությունը, այնպես էլ դրանից հետո: «Բայց այդ խախտումները, ըստ ինձ, ազգային հիմք չունեն: Բացի այդ, Վրաստանում ապրող ադրբեջանցիներն ու հայերը այն սոցիալական խմբերին են պատկանում, որոնք ավելի քիչ են տեղյակ իրենց իրավունքներին եւ դրանց պաշտպանության մեխանիզմներին»:

«Ազգին» հետաքրքրում էր նաեւ, թե Վրաստանի նախագահի հայտարարությունները Բելառուսի եւ ակնարկները Ադրբեջանի կապակցությամբ ինչ վերաբերմունքի են արժանանում: Դավիթ Ուսուպիշվիլին պատասխանեց, որ Ադրբեջանին հեղափոխության ակնարկներ անելու մասին տեղյակ չէ, բայց կարծում է, որ Սաակաշվիլին աշխարհաքաղաքական նման սխալ թույլ չի տա Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ: Ինչ վերաբերում է Բելառուսի դեմոկրատական ուժերին աջակցելուն, Ուսուպաշվիլու կարծիքով, Սաակաշվիլին չափն անցնում է, քանի որ նման քաղաքական խաղերը Վրաստանի նման թույլ եւ անպաշտպան երկրների համար չեն:

Բուշի այցելության առումով պրն Ուսուպաշվիլին ասաց, որ ԱՄՆ տված խորհուրդների սահմաններում գործելիս Վրաստանը կարող է հույսը դնել ԱՄՆ աջակցության վրա: Ի դեպ, Ուսուպաշվիլու կուսակցությունը քննադատում է երկրի նախագահի կառավարման ավտորիտար ոճը եւ օրենքով սահմանված իշխանության սահմանները խախտելու հակումը:

Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների առումով Ուսուպաշվիլին կարծում է, որ Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը երջանիկ կլիներ ամենից առաջ բարեկամ լինել Ռուսաստանի եւ մյուս հարեւան երկրների հետ: «Վրաստան-Ռուսաստան դիմակայության պատճառը Ռուսաստանի վարած քաղաքականությունն է»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4