Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Նիկոլայ Պատրուշեւը Պետդումայի պատգամավորներին պատմել է ԱՊՀ տարածքում արտերկրի հետախուզությունների աշխատանքների նոր մեթոդների մասին: Պատրուշեւն ասել է, որ արտասահմանյան հետախուզությունները տնտեսական եւ քաղաքական ոլորտներում դասական եղանակներով գործելու հետ դիմում են ոչ ավանդական մեթոդներիՙ աշխատելով ոչ կառավարական կազմակերպությունների հետ:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Պատրուշեւն ասել է, որ «որոշ տվյալներով Բելառուսում կայանալիք ընտրությունների ֆինանսավորման նպատակով ոչ կառավարական կազմակերպություններին տրամադրվել է ավելի քան 5 մլն դոլար»: Ռուսական հատուկ ծառայություններն ունեն տեղեկություններ, որ վերջերս Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում քննարկվել է ԱՊՀ տարածքում «գունավոր հեղափոխություններ» տարածելու նախագիծը: