Թբիլիսին սպառնացել է, որ պատրաստ է երկրի տարածքից միակողմանիորեն դուրս բերել ռուսական երկու ռազմակայանները: «Եթե առաջիկա օրերին այս հարցում առաջխաղացում չարձանագրվի, խորհրդարանի բանաձեւն ուժի մեջ կմտնի», ըստ «Ռեգնումի» ասել է Նինո Բուրջանաձեն: Վրաստանի խորհրդարանի նախագահն ասել է, որ Մոսկվան Բաթումի եւ Ախալքալաքի ռազմակայանների դուրսբերման հարցում իրատեսական քայլեր չի ձեռնարկում:
Ռուսաստանի ՊՆ-ն Բուրջանաձեի հայտարարությունը որակել է «ոչ տեղին շանտաժ»: «Վերջնագրի եւ շանտաժի լեզուն ուղղակի տեղին չէ նման բարդ հարցի լուծման գործում», ասել է ՌԴ ՊՆ մամլո ծառայության ղեկավար Վյաչեսլավ Սեդովը:
Վերջերս Վրաստանի խորհրդարանն ընդունել էր բանաձեւ, ըստ որի եթե Մոսկվան եւ Թբիլիսին չկարողանան մինչեւ մայիսի 15-ը համաձայնության գալ Ախալքալաքի եւ Բաթումի ռազմակայանների դուրսբերման հստակ ժամկետների հարցում, ապա Վրաստանի արտգործնախարարությունը կդադարեցնի մուտքի արտոնագրեր տրամադրել ռուս զինծառայողներին, իսկ ռազմակայանների պարտքերը կձեւակերպվեն որպես Ռուսաստանի պետական պարտք Վրաստանին: