«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2005-05-11 | #85, 2005-05-12 | #86, 2005-05-13


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՌԱՆՈՒՄ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲՈՅԿՈՏԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊՆԴԵԼ ԴՐԱՆՔ

«Վստահության ճգնաժամը բազում այլ ճգնաժամեր է ծնում»

Քաղաքական կոալիցիայի (ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ) հեղինակած ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումն առաջին ընթերցմամբ արդիականացրել է խորհրդարանական ճգնաժամի հարցը: Այն երեկ Մամուլի ազգային ակումբում քննարկում էին Հրանտ Խաչատրյանը (ՍԻՄ), Արամ Սարգսյանը (Դեմկուս), Համլետ Հարությունյանը եւ Սամվել Նիկոյանը (ՀՀԿ խմբակցություն): Մյուս հրավիրյալները չէին ներկայացել, այսպես ասած, ուժերի բաշխումը հավասարաչափ էր: Մի երկյակն ընդդիմադիրների դիրքից պնդեց ճգնաժամի առկայությունը, մյուսը հավատացած է ճգնաժամի բացակայության մեջ:

Ճգնաժամն, Արամ Սարգսյանի գնահատականով, երկրի ղեկավարների ուղեղում է, քանի որ համընդհանուր է եւ համակարգային: «Իշխանություններն արդեն խախտել են գործող սահմանադրությունը եւ խնդիր չունեն նորըՙ բարեփոխվածը խախտելու: Այսօր խնդիրներ առաջանում են գործադիրի կողմից, եւ այդ թեւի լեգիտիմությունն է անհրաժեշտ, իսկ խորհրդարանական արտահերթ ընտրությունները բեկումնային չեն լինի: Աժ ներկայիս կազմն էլ աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում կարող էր արդյունավետ գործել: Փոփոխությունների նախագծերի քննարկմանն ու քվեարկությանը մասնակցելու դեպքում ընդդիմությունն ընդամենը մյուս նախագծերի 13 կամ 19 կողմ ձայները հասցնելու էր 35-40-ի: ԱԺ-ում ամեն ինչ մեխանիկորեն է որոշվում»:

Հրանտ Խաչատրյանն էլ փաստեց Հայաստանում համընդհանուր ճգնաժամի առկայությունը. «Մենք ունենք վստահության ճգնաժամ, որը բերում է ճգնաժամի բազում տարատեսակներ: Իսկ երկրի ղեկավարությունը չի տեսնում այդ, քանի որ ձեռնտու չէ: Մինչդեռ վտանգավոր է երկրի ընդհանուր զարգացմանը խոչընդոտող երեւույթը չտեսնելու տալը: 35 կուսակցությունների հայտարարությունը խիստ փաստաթուղթ էր, որից մի քանի կուսակցություններ հրաժարվեցին Ռոբերտ Քոչարյանի համապատասխան վերաբերմունքից հետո: Սա արդեն ճգնաժամի ապացույց է»: Խաչատրյանը նաեւ իր աջակցությունն առաջարկեց բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե կարող են վտանգվել որոշակի հարցեր բարձրացնելիս: Աջակցություն առաջարկվեց նաեւ խորհրդարանական մեծամասնությանըՙ վստահեցմամբ, որ հաստատակամության դեպքում որեւէ մեկին վտանգ չի սպառնա:

Օրվա մյուս երկու բանախոսները փաստեցին, որ ընդդիմության բացակայությունն իր հետքն է թողնում խորհրդարանի աշխատանքների վրա, բայց դա չի նշանակում, թե տարակարծությունն իսպառ ջնջվել է այդ աշխատանքներում: Այն պարզապես չի հասնում լիագումար նիստ, այլ արտահայտվում է հանձնաժողովների նիստերում. «Եկեքՙ թող լավ լինի» ընդդիմադիր գործընկերներին կոչ արեց Սամվել Նիկոյանը եւ Արամ Սարգսյանից պատասխան ստացավ. «Կոալիցիան անընդմեջ մոռանում է հայտարարված բոյկոտի հիմքերը ու փորձում մեզ էլ մեղսակից դարձնել: Չենք ուզում: Սահմանադրական դատարանի որոշումը դրեք քննարկման»:

Համլետ Հարությունյանը նախ վստահեցրեց. «Ճգնաժամը չեմ կապի ընդդիմության ղեկավարների ուղեղներում կատարված պրոցեսների հետ», ապա հայրենական ընդդիմության բոյկոտը համարեց աննախադեպ համաշխարհային պատմության կտրվածքով. «Քաղաքական բոյկոտը տարողունակ պահանջներ պիտի ունենա եւ ոչ իշխանակռվի տարրերՙ տվեք մեր իշխանությունը եւ վերջ»: Համլետ Հարությունյանը կուզենար իրական քաղաքական ճգնաժամ տեսնել Հայաստանում, քանի որ դա գաղափարական պայքար է պարտադրում: Մինչդեռ ընթացող բոյկոտի արդյունքն, ըստ Հարությունյանի, ՄԱԿ-ի աճող վարկանիշն է: «Ինքնակամ հրաժարվեցիք ամենահզոր զենքիցՙ խորհրդարանական ամբիոնից, ու հիմա տարածք են զբաղեցնում ուրիշի փառքով ջերմացած դուրսպրծուկները: 15-17 տարի ասպարեզում եք, Տիգրան Կարապետիչն է ընդդիմություն դառնում», խորհրդարանական գործընկերներին վերադարձի այսպիսի հորդոր ուղղեց Հարությունյանը: Նրա կարծիքով, Հայաստանում կլասիկ քաղաքական դաշտ չկա, դրան փոխարինում է քաղաքական բիզնեսը, որով զբաղվողները դուրս են մղում կլասիկ քաղաքական գործիչներին: Խորհրդարանական երկու թեւերի ներկայացուցիչները երկու հարցում համակարծություն հայտնեցինՙ ընդդիմության ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտություն է եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունները ոչինչ չեն փոխի: «Ընչաքաղց մարդիկ կան, ովքեր ամեն ինչ կտան խորհրդարան ընկնելու համար, այդ նրանք են բարբաջում արտահերթ ընտրությունների մասին»:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4