«Ձեր նախնիները զավթեցին մեր երկիրըՙ Հայաստանը 1071 թվին եւ ատելության, նախանձի ու կրոնական մոլեռանդության հետեւանքով վարվեցին մեզ հետ որպես «գյավուրների»ՙ անհավատների, մինչեւ այդ մոլեռանդությունը հասավ իր գագաթնակետինՙ 1915-ի ցեղասպանությանը: Դուք պատմական Հայաստանը, որտեղ ապրում եք այժմ, վերածեցիք հսկայական գերեզմանատան: Ձեր շարունակական ժխտումները չեն կարող ջնջել անհերքելի փաստերը: Հարյուրավոր օտար ականատեսներ բողոքի ձայն են բարձրացրել: Նրանք այդ կոտորածների մասին հայտարարել են այն ժամանակվա թերթերում, իրենց երկրների համապատասխան խորհրդարաններում եւ հետագայում լույս ընծայված բազում գրքերում: Ոճրագործության ժխտումը նույնքան ծանր հանցագործություն է, որքան ոճրագործության կատարումը»: «Վերապրողի ողբը» ստորագրությամբ օսմանյան թուրքերին եւ նրանց հետնորդներին ուղղված այս խոսքերով է բացվում տորոնտոյաբնակ (Կանադա) հայտնի դեղագործ եւ հասարակական գործիչ դոկտ. Ժիրայր Փետերյանի «Հայկական կոտորածները դարերի ընթացքում ընդհուպ 1915-ի ցեղասպանությունը» գիրքը, որը Հայոց մեծ եղեռնի 90-ամյակի նախօրյակին լույս է տեսել Տորոնտոյում:
Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում պատմական ակնարկ է թուրքերի կողմից հայկական հողերի զավթման, իսլամական ծայրահեղականության աճի, ցեղասպանության նախապատրաստության եւ վերջապես գործադրման վերաբերյալ: Դրան հետեւում են Առնոլդ Թոյնբիի, Արմին Վեգների, Հենրի Մորգենթաուի, Ֆրիտյոֆ Նանսենի, Յոհաննես Լեփսիուսի եւ այլոց վկայությունները: Երկրորդ մասում պատմական Հայաստանի քաղաքների (Տիգրանակերտ, Էրզրում, Կարս, Վան, Մուշ, Կեսարիա, Ադանա, Բիթլիս եւ այլն) հակիրճ պատմությունն է 1915-ից առաջ եւ հետո: Նշված են կրոնական եւ մշակութային կենտրոնների ավերածությունները: Հատկանշական են միջազգային ճանաչված հեղինակներից մեջբերումները, որոնցից տեղեկանում ենք, օրինակ, որ Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքարանի 1901-02-ի տվյալներով Թուրքիայում գործել են 803 հայկական դպրոցներ, ընդհանուր առմամբ 2.088 ուսուցիչներով եւ 81.226 աշակերտներով (59.513 տղաներ եւ 27.713 աղջիկներ) եւ 2050 եկեղեցիներ, 203 մենաստաններՙ չհաշված Կոստանդնուպոլսի 38 եկեղեցիները: Հատկանշական են նաեւ գրքի վերջում կանադական այդ ժամանակվա մամուլից բերված օրինակները: Դրանցում նշվում են «կոտորած» (massacre), բնաջնջում (extermination), սիստեմատիկ (ձեւով) սպանվածներ (systematically murdered) բառերը: Ուշադրության արժանի է «Մոնրեալ դեյլի սթար» թերթի 1915 թ. սեպտեմբերի 18-ի լուրը, որտեղ Պետերբուրգից թղթակիցը հաղորդում է Վանի միսիոներական անձնակազմիՙ «Արարատ» ֆիլմում հանդես եկող դոկտ. Քլարենս Աշերի, պրն եւ տկն Յարոների եւ 13 այլոց փախուստը Պետերբուրգի միջով դեպի Բերգեն (Նորվեգիա): Շտապ փախուստի ճանապարհին տկն Ռեյնոլդսը ոտքն է ջարդել եւ Թիֆլիսում մահացել, տկն Աշերը մահացել է տիֆից: Կոտորածները, ըստ նրանց, ղեկավարել է Ջեւդեթ բեյը: Տորոնտոյում հրատարակվող մեկ ուրիշ թերթՙ «Գլոբը», վկայակոչել է օգոստոսի 19-ի կոտորածները Ուրֆայում: «Օտտավա իվնինգ ջոռնլը» հաղորդել է, որ թուրքերն աստիճանաբար եւ արդյունավետ բնաջնջում են հայերին, որի հետեւանքում հայ մայրերը Եփրատ գետն են գցում իրենց երեխաներինՙ փրկելու համար նրանց թուրքական տանջանքներից: Հոդվածներում բազմիցս նշված են «անասելի դաժանություն», «չգերազանցված սարսափ», «անկարելի է նկարագրել անզեն քրիստոնյաների կրած տանջանքները» նախադասությունները: 22 էջանոց հատորը հարուստ է քարտեզներով եւ լուսանկարներով:
Հեղինակ Ժիրայր Փետերյանը ծնվել է Վերին Եգիպտոսի Մալաուի քաղաքում: Հայկական, հունական եւ ֆրանսիական վարժարաններում միջնակարգ կրթությունը ավարտելուց հետո դեղագործության բակալավրի աստիճան է ստացել Կահիրեի համալսարանից: 1962 թ. Կանադա տեղափոխվելով հաստատվել է Տորոնտոյում: Հնագույն պատմության, մշակույթների եւ լեզուների հանդեպ իր սերն ու հետաքրքրությունները մղել են նրան խորանալու հին Եգիպտոսի պատմության եւ կրոնների համեմատական ուսումնասիրությունների մեջ: Նա հիմնադիրներից է Վարդանանց ասպետների կազմակերպության Տորոնտոյի մասնաճյուղի:
Հեղինակել է նաեւ «Հայաստանը արաբական տիրապետության տակ: 640-886 թթ.» (1993 թ.) եւ «Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ ակնարկների (էսսեների) հավաքածու» (1995 թ.) հատորները: Առաջինում արխիվային նյութերի հիման վրա նա նոր լույս է սփռում Հայաստանի արաբական տիրապետության երկուսուկես դարերի պատմության վրա: Իսկ երկրորդում ի մի են բերված «Նոր սերունդ» եւ «Ապագայ» թերթերում իր գրած հոդվածները: Անգլերենով գրված այս երեք գրքերը մեր պատմությունն օտարներին ծանոթացնելու խիստ արժեքավոր աղբյուրներ են, մանավանդ որ փաստերը ներկայացված են մատչելի եւ հակիրճ ձեւով:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ