Երգահանի ստեղծագործական գործունեության 50-ամյակի առթիվ
Վերջին 50 տարիներին դասական երաժշտության միակ ծավալուն ստեղծագործությունն արտերկրում Կարպիս Ափրիկյանի «Սասունցի Դավթի ծնունդը» 75 րոպե տեւողությամբ օրատորիան էՙ ըստ Հակոբ Օշականի երեք գործողությամբ համանուն քնարախաղի (թատերգության) այն հատվածի, ուր Դավթի ծնողներըՙ Առյուծ Մհերն ու Թալինը, 40 տարի անզավակ ապրելով, դիմում են երկնային հորըՙ զավակ ունենալու աղերսով, որին հետեւում է Աստծո պատգամաբեր հրեշտակի այն լուրը, թե զավակ ունենալու բախտը պիտի ունենան, սակայն նույն այդ վայրկյանին թագավորն ու թագուհին պիտի ավանդեն իրենց հոգին:
Օրատորիան մեկնաբանված է զույգ երգչախմբերով, չորս մենակատարներով (սոպրանո, մեցցո-սոպրանո, բարիտոն եւ բաս) եւ նվագախմբով: Ժամանակակից երգահաններին բնորոշ հնչողության, նվագարանային գունավորումների նորանոր փնտրտուքներն ընդունելով հանդերձ, Կարպիս Ափրիկյանն էականը համարում է հոգեվիճակային հարազատ արտահայտությունը, ունկնդրին երաժշտական ազդեցիկ մթնոլորտի մեջ պահելը, եւ հատկապես ինքնատիպության շեշտադրումները: Կ. Ափրիկյանի օրատորիան ստեղծված է Օշականի քնարախաղի նախերգանքային թեմաներով, որտեղ խտացված է ստեղծագործության ողջ իմաստըՙ առաջնորդի անձնուրաց նվիրվածությունն իր ժողովրդին (Մհերիՙ կյանքից հրաժարվելը):
Պատմական միջավայրը ստեղծում է հնարավորություններ միաձուլված ներկայացնելու կրոնական եւ աշխարհիկ հայ երաժշտությունը: Իրար հաջորդող մեղեդիների ներդաշնակությամբ ստեղծագործությունը լավատեսական ընթացք է ստանում:
Պարսպապատ լեռնանիստ դղյակի եւ հրաշալի արեւածագի պատկերին երկու հովիվներըՙ առաջինի թավահնչյուն, արեւելյան բնույթի գալարափողի, երկրորդի բարձրահնչյուն սրնգի նվագակցությունը թռչունների ձայնի զուգակցությամբՙ միախառնված բազմատեսակ նվագարաններին, համանվագը հասցնում է բարձրակետին:
Փողային գործիքների միջամտությամբ երաժշտական մթնոլորտը դառնում է ավելի պատկերավոր, լեռները, հայկական եկեղեցին ու զանգերի ղողանջները, պատանիների երգեցողությունը եւ ուխտավորների լուսազգացումները Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ, հայրենի երկրի հարազատությամբ են բուրում:
Ափրիկյանն օգտագործում է նախերգանքը (պրելյուդ) հաջորդ գործողություններին ունկնդրին ընտելացնել-նախապատրաստելու ռոմանտիզմին բնորոշ տարրերը: Նկատեմ նաեւ, որ հոգեւոր եկեղեցական մեղեդիները բազմաձայն չեն, ինչը բնորոշ է մեր եկեղեցական երգեցողությանը: Քառաձայն «Փառք քեզ, Տեր Աստվածը» երաժշտական գործի ընդհանուր հենքն էՙ ստեղծագործությունն ամբողջացնող նշանակությամբ, որ հատուկ է ռոմանտիկ երաժշտության վերջին շրջանին:
Մեղեդիակերտ բազմաձայնության (քոնտըրպուէն) հորիզոնական ունկնդրումը հստակ եւ պարզ երաժշտություն է ներկայացնում, տարահնչյունները (դիսոնանս) հաճախական լինելովՙ զուսպ են եւ հեզասահ, սակայն եւ հանդուգն անցումներով, որ հարստացնում են գործի ուժականությունըՙ երաժշտական բովանդակությունն ավելի ընդգրկուն դարձնելով («Տոն է այսօր», «Թափորի քայլերգը», «Մարտիկների ուխտը» եւ այլն):
Լավագույն հատվածներըՙ բամբ գործիքների մշտական պարտադրող ռիթմերով, ուխտավորների թափորն է, Մհերի ու կորովի ծերունու մեներգերը, Թալին տիկնոջ աղոթքն ու զուգերգը, բազմաթիվ այլ կտորներՙ Ներսես Շնորհալու խոսքերով միաբանների գիշերային շարականըՙ «Գիշերային ժամի երգը», Արեւածագը, հավատացյալների եւ ռազմիկների ուխտը, հրեշտակների կենդանացումն ու ազդարարությունը, վերջաբանը: Երգահանը մասնավոր ուշադրություն է դարձնում մենանվագների վրաՙ օբոյ, թավջութակ, գալարափող, հարվածայիններ: Ինքնատիպ նորություն է հրեշտակի կենդանացումըՙ լարային եւ փողային գործիքների ընկերակցությամբ եւ տավղի մենակատարությամբ:
Հրաշալի վերջաբանային բարձրակետի է հասցրել ստեղծագործությունն ուխտավորների 6 ձայների, դպրաց դասի, իշխան-իշխանուհու եւ հրեշտակի կատարումըՙ գրված քոնդըրփենի (contrepint) ճարտարությամբ, որ չնայած նվագախմբի շեշտված ներկայությանը, տասը ձայների ներդաշնակ ամբողջություն են ստեղծումՙ սքանչելի ավարտով:
2001 թվականի փետրվարին, երբ Երեւանի «Վազգեն Սարգսյան» մարզադաշտում Վարդանանքի 1550-ամյակի տոնակատարության թատերականացված ներկայացման ընթացքում հնչեցին Կարպիս Ափրիկյանի «Սասունցի Դավթի ծնունդը» օրատորիայից ընդարձակ հատվածներ եւ դրանից դեռ տարիներ առաջ, հույս էի փայփայում, թե մի օր այս կոթողային օրատորիա-օպերան, որ ներկայացվել է Փարիզում 3 անգամ, ամբողջությամբ կհնչի Երեւանի օպերային թատրոնի բեմից եւ մասը կդառնա նրա հետագա հայտագրերի:
Եվ դա նաեւ անհրաժեշտ է, որ Կարպիս Ափրիկյանի նման տաղանդավոր եւ շնորհաշատ երաժշտի ստեղծագործությունները հնչեն եւ արդարորեն գնահատվեն հայրենի հողի վրա: Մայիսի 15-ին հայաստանցի հանդիսատեսին տրված է այդ հնարավորությունըՙ վայելելու եւ գնահատելու...
Բժիշկ ԼԵՎՈՆ ՄՈՄՋՅԱՆ, Փարիզ-Երեւան