«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2005-05-11 | #85, 2005-05-12 | #86, 2005-05-13


ԼՈՒՅՍՙ ԳԻՇԵՐՎԱ ՄԵՋ

Ֆրանսիայի թանգարանների նախաձեռնությամբ ծնունդ առած «Թանգարանային գարունը», որին 1999 թ.-ից միացել են եվրոպական մյուս երկրները եւս, արդեն չորրորդ տարին դարձել է գեղեցիկ ավանդույթ նաեւ հայաստանցիներիս համար: Մայիսի 14-ին 400 եվրոպական թանգարաններ միավորվելով «Թանգարանային գիշեր» խորագրի ներքո, մինչեւ ուշ գիշեր իրենց հարկի տակ հյուրընկալելու են հազարավոր այցելուների: «Լույս գիշերվա մեջ» խորագրի ներքո միջոցառմանը մասնակցելու են 48 թանգարաններ, որոնք մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը մինչեւ ժամը 1-ը կըմբոշխնեն բազում անակնկալներով լեցուն ծրագրեր:

Ինչպես տեղեկացրեց Ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանը, պատկերասրահն առաջին անգամ է միանում նախաձեռնությանը եւ հատուկ մշակել է մի շարք միջոցառումներ: Ողջույնի խոսքից հետո կլինի համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչ Էդգար Շահինի կավճանկարների անդրանիկ ցուցադրությունը «Ծանոթ եւ անծանոթ Շահինը» խորագրով, նաեւ նկարչի փորագրանկարների կատալոգի շնորհանդեսը: Ցուցահանդեսից հետո ներկաները մոմերի լույսի ներքո կունկնդրեն հոգեւոր եւ դասական երաժշտություն, ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ղեկ.ՙ Արամ Ղարաբեկյան), «Շարական» հնագույն երաժշտության համույթը (ղեկ.ՙ Դանիել Երաժիշտ), երգչուհի Աննա Մաիլյանը: 22.00-23.55 մասնակիցները հնարավորություն կունենան 1-8-րդ հարկերում դիտելու հայկական եւ արտասահմանյան երկրների արվեստը: Ճիշտ 24.00-ին կփակվեն պատկերասրահի դռները եւ բոլոր հյուրերը կհրավիրվեն 9-րդ հարկի ճեմասրահՙ դիտելու Մարո Մարգարյանի անվան «Ակունք» ազգագրական համույթի ելույթը (խմբավարՙ Արեգ Միքայելյան): Համերգի ավարտից հետո բոլոր հյուրերին կբաժանվեն բենգալյան կրակներ եւ դուրս գալով 9-րդ հարկի օղակաձեւ պատշգամբՙ գիշերային Երեւանում վառված կրակներով կողջունեն իրար ու միջոցառումը կավարտվի շուրջպարով:

Հիշեցնենք, որ այդ օրը բոլոր թանգարանները կգործեն անվճար:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4