Նյու Յորքից ՌԱԿ մամլո դիվանի ատենապետ Հակոբ Վարդիվառյանը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին Լոտայի, Նյու Ջըրզի, Ֆեշիշըն քոլեջի ընդարձակ հանդիսասրահում 80 մասնակիցներով հմուտ պարուսույց Սեդա Փասքալյան-Գանթարճյանի ղեկավարությամբ «Շուշի» պարախմբի փայլուն հաջողությունն ապացույցն է 1915-ից հետո հայի առեղծվածային վերածնունդի: Նյու Յորքի «Շուշի» պարախումբը 12 տարի շարունակ հիացմունք է պատճառել հայ հանդիսականին Նյու Յորքից մինչեւ Ֆիլադելֆիա եւ Բոստոնից Մոնրեալ: Հաճելի նորությունն այս անգամ հայաստանցի երգահան Արա Գեւորգյանի եւ երաժշտախմբի մասնակցությունն էր համերգին, տեղի «Ջուլիըրդ» երաժշտական դպրոցի դասական երաժշտական գործիքների նվագախմբի հետ: Բեմական ճոխ համայնապատկերը հիշեցրել է Բրոդվեյի հռչակավոր շոուները: Նվագախմբի ղեկավարը Հենրիկ Անասյանն էր:
Հանրության վրա ազդեցիկ տպավորություն է գործել նյույորքաբնակ Դանիել Դեքքըրը, որը հայաստանյան իր վերջին այցին սարսռեցնող տպավորություն գործեց Ծիծեռնակաբերդում հնչեցրած «Ադանա» երգով:
Տպավորիչ են եղել Անի Սեւակի ասմունքը, մենապարուհիներ Դալար Զոքյանի, Ռիթա Քահվեճյանի, Լորի եւ Արմեն Դաբաղյանների, Գայանե Համբարձումյանի, Անիթա Աբանոսյանի, Նաիրի Եսայանի, Լորիկ Սեդրակյանի կատարումները:
Կազմակերպչական եւ տեխնիկական զանազան աջակցություններով Անիթա Անսրյանը, Վարդի Աբանոսյանը, Լյուսի Պորղոլը, Հիլտա Հարությունյանը, Ռիտա Քահվեճյանը, Ալիս Մերճյանը, Սոսի Սեդրակյանը, Տինա եւ Ջուլիետ Թապիպյանները, Սոսի Եումշաքյանը, Մարի եւ Դալար Զոքյաններն արժանի են հարգանքի, գրում է պրն Վարդիվառյանը: Մեծածախս հայտագրին նյութական ներդրումներ են կատարել ազգային բարերար տեր եւ տիկին Նազար Նազարյանները, հանդեսը հովանավորել է Ամերիկայի հայոց առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը:
Գրության մեջ առանձնակի հիշատակվում է Արա Գեւորգյանի տաղանդը. «Դասական մեր երաժշտության ան հագցուց նոր տարազ, առանց որ հինը կորսնցուցած ըլլայ իր տոհմիկ արժէքը», ինչի շնորհիվ հայ երգն օտար հանդիսատեսին արագորեն ըմբռնելի եւ հասկանալի է դառնում:
Մ. Բ.