ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը երեկ հերքեց վերջին օրերին շրջանառվող այն լուրը, թե նախարարությունն արգելել է վերջին զանգի արարողությունը հանրակրթական դպրոցներում: Ավանդական դարձած այդ միջոցառումը ամեն տարվա պես այս տարի էլ կնշվի մայիսի 25-ին: Իսկ ի՞նչն է հիմք ծառայել նման խոսակցությունների համար: Ընդամենը այն, որ մարզպետարանների կրթության վարչության պետերի հետ հանդիպման ժամանակ նախարարն ասել է, որ այս տարի պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել վերջին զանգի միջոցառումների բովանդակությանը, այլ ոչ թե արտաքին փայլին, եւ նախորդ տարվա պես դրանք պետք է վերածել համաքաղաքային տոնի:
Ուսումնական հաստատություններում հունիսի 1-ից սկսվող քննաշրջանի վերաբերյալ նախարարը նշեց, որ դպրոցական ավարտական քննություններում որեւէ փոփոխություն չի եղել: «Քննական առաջադրանքների համարներն այս տարի կհաղորդվեն ոչ միայն հանրային ռադիոյով, այլեւ կցուցադրվեն հանրային հեռուստատեսությամբ, քանի որ շատ բնակավայրեր զրկված են հանրային ռադիոյի հաղորդումներն ունկնդրելու հնարավորությունից, որի հետեւանքով քննությունների ժամանակ որոշ դպրոցներ դժվար վիճակում էին հայտնվումՙ մարզկենտրոնից տեղեկություններ ստանալու պատճառով», ասաց նա:
Ասուլիսի ընթացքում Սերգո Երիցյանը պարզաբանումներ արեց տարբեր դպրոցներ իր այցելությունների ժամանակ ուսուցիչներին ամենից շատ հուզող հարցիՙ կրճատումների վերաբերյալ, քանի որ նրանց հասած տեղեկություններով, որոշ դպրոցների տնօրեններ հայտարարել են նոր կրճատումների մասին: «Կրճատումներ չեն լինելու, դա առանձին տնօրենների այսպես կոչված ինքնագործունեությունն է, որով փորձում են ուսուցիչներին լարված վիճակում պահել: Դպրոցի տնօրենը չի կարող այդպիսի հրահանգ տալ. «Եթե աշխատանքային խնդիրներ են առաջանում, դրանք պետք է լուծվեն աշխատանքային օրենսգրքով», նշեց նախարարը: 2005-2006 թթ. ընդունելության քննությունների կանոնների մեջ այս տարվա նորությունն այն է, որ մեդալի ընձեռած արտոնությունը վերացել է, այն ընդամենը դարձել է խրախուսանք, բարձր առաջադիմության վկայություն: Էական այլ փոփոխություններ նախարարությունը չի մտցրել, հաշվի առնելով, որ աշնանը Շիրակի մարզում փորձարկվելու է գիտելիքների գնահատման տեստավորման նոր համակարգը: Հաջորդ տարվանից քննությունների մասը կանցկացվի նոր համակարգով, իսկ 2007 թվականից կներդրվի ամբողջական համակարգը:
Գնահատման համակարգում այս տարի մտցվել է միայն հետեւյալ փոփոխությունը, որի անհրաժեշտությունը, նախարարի ասելով, իրենց հուշել է նախորդ 2 տարիների փորձը: «Երբ դիմորդը ստանում էր ենթադրենք 19,5, այդ նիշը կլորացվում էր եւ գրանցվում 20: Այլեւս կլորացում չի լինելու, անգամ 3 քննությունների արդյունքները գումարելու դեպքում: Դիմորդը ինչքան միավոր վաստակեց, այնքանն էլ արձանագրվելու է», հայտարարեց Սերգո Երիցյանը, հավելելով, որ գնահատականը կլորացվում է մինչեւ 8 միավորը, ներքին շեմը պահպանվում է հօգուտ դիմորդիՙ հնարավորություն տալով այն հեշտորեն հաղթահարելու:
Նոր մասնագիտություններ են մտցվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանումՙ տեղեկատվական, չափողական տեխնիկա եւ տեխնոլոգիա, ռադիոէլեկտրոնային համակարգեր, պոլիգրաֆիական արտադրության տեխնոլոգիա: Հիշյալ համալսարանի Վանաձորի մասնաճյուղում բացվել են օգտակար հանածոների ստորգետնյա մշակումներ, գունավոր մետաղների մետաղագործություն, հաշվողական տեխնիկա եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, Գորիսի մասնաճյուղումՙ ինֆորմատիկա եւ քիմիա, Կապանի մասնաճյուղումՙ արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարություն բաժինները: Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում բացվել են շտկող մանկավարժության, հատուկ հոգեբանության եւ գերմաներենի բաժինները:
Իսկ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում բացվել է քանդակագործության բաժին:
Առաջիկայում կքննարկվի տեսչության օրենքը, կձեւավորվի կրթության պետական տեսչությունը, որը, նախարարի կարծիքով, անչափ կարեւոր է կրթական համակարգը վերհսկողության տակ առնելու առումով: