«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2005-05-11 | #85, 2005-05-12 | #86, 2005-05-13


ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՉԵԽԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԱՐՇԱՎԻՐ ԴԱՎԻԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մայիսի 8-ին Չեխիայի տարբեր շրջաններից տասնյակ հայեր էին ժամանել Սազավա գյուղավան, ուր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին իր մահկանացուն էր կնքել 19-ամյա հայ զինվոր Արշավիր Դավիդյանը: Գյուղացիները տարիներ շարունակ ոչ միայն խնամել էին հայ զինվորի գերեզմանը, այլեւ տեղափոխել էին գյուղի կենտրոնՙ Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանի հարեւանությամբ: Յիհլավայի հայ համայնքի ղեկավար Ալեքսանդր Սարգսյանի ջանքերով այդ օրը հիշատակի միջոցառում էր կազմակերպվել, որին մասնակցելու համար Պրահայից Սազավա էին եկել նաեւ լեգենդար Լյուդվիգ Սվոբոդայի անվան ընկերության փոխնախագահ, պատերազմի մասնակից, գնդապետ Դմիտրի Պոպույկան եւ Պրահան ազատագրած գեներալ Սարգիս Մարտիրոսյանի որդին` Բորիս Մարտիրոսյանը: Մեկ րոպե լռությամբ հարգելով բոլոր զոհվածների հիշատակը, ներկաները ծաղկեպսակներ դրեցին հայ զինվորի եւ չեխ զինվորների հուշաքարերին, այնուհետեւ Սազավայի գյուղապետ Ֆրանտիշեկ Լադվինկան ողջունելով հյուրերին, խոսքը տվեց Ալեքսանդր Սարգսյանին: Վերջինս շնորհակալություն հայտնեց տեղաբնակներին, որ 60 տարի շարունակ խնամել են հայ զինվորի հիշատակը, կապ են պահպանել նրա ընտանիքի անդամների հետ, որը սակայն վերջին տասնամյակի ընթացքում կտրվել է: Այնուհետեւ գյուղի մշակույթի տան սրահում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, ուր ելույթներ ունեցան գնդապետ Պոպույկան եւ Բորիս Մարտիրոսյանը: Նշվեց, որ միայն Չեխիայի ազատագրման համար զոհվել են 144 հազար խորհրդային զինվորներ: Ալեքսանդր Սարգսյանը հուշանվերներ հանձնեց երեկոյի հյուրերին եւ Սազավայի գյուղապետին: Այնուհետեւ նեկաներին իրենց ջերմ ելույթով հիացրին Յիհլավայի «Հայուհիներ» համույթի շնորհալի աղջիկները:

Իսկ Պրահայում 16 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ անցկացվեցին ռազմական շքերթ ու հանդիսավոր միջոցառում` զորահրամանատար Կոնեւի հուշարձանի մոտ:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4