Սուրբ Ղազար կղզու թանգարանի ուղեկցորդները հպարտությամբ եւ երախտագիտությամբ այցելուներին հիշեցնում են, որ նույնիսկ Նապոլեոնը հատուկ հրամանագրով արգելել է դիպչել Մխիթարյանների հայկական կղզու գլուխգործոցների հավաքածուին: Բայց բոլոր զորավարները չէ, որ Նապոլեոն են, եւ երկրորդՙ մեծ զորավարի այդ հրամանագիրը, չգիտես ինչու, չխանգարեց նրանց, ովքեր սկսեցին կողոպտել Տրիեստի վանքում գտնվող Մխիթարյան միաբանության գանձերը: Մինչդեռ Տրիեստը Վենետիկից ընդամենը 60 մղոն է հեռու: Էլ չեմ խոսում տարերային աղետների եւ հանցագործությունների մասին: Կյանքում ամեն ինչ կարող է պատահել:
Եվ այդ դեպքում, ասենք, Վիեննայի Մխիթարյանների վանքում, ուր ես հատկապես մտա Սուրբ Ղազար կղզի մեկնելուց առաջ, մենք կզրկվենք ոչ միայն Ռեմբրանդտից եւ Այվազովսկուց, ոչ միայն 4000-ամյա կնոջ եւ նրա կատվի մումիայից, թերթերի, ոսկերչական իրերի եզակի հավաքածուներից, այլեւ 120 հազար հազվագյուտ գրքերից եւ օտար լեզուներով Հայաստանի պատմությանը նվիրված 10 հազար արժեքավոր մենագրություններից: Իսկ եթե փորձանք պատահի Սուրբ Ղազար կղզու վանքի թանգարանում, ապա մենք կզրկվենք ոչ միայն Այվազովսկու 2 տասնյակ գործերից, հազարավոր անգին կտավներից, ոչ միայն Պետրոս Առաջինի անձնական կնիքից, եբրայերեն, վրացերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն հին ձեռագրերից, ոչ միայն Կիլիկիո վերջին թագավոր Լեւոն Զ-ի ոսկեպատ թրից, այլեւ հայկական ձեռագրերի պահոցներում ամենահինը համարվող Մլքե թագուհու 6-7-րդ դդ. Ավետարանից:
Ամբողջ մղձավանջն այն է, որ, ինչպես սրտի կսկիծով ասում է Մխիթարյանների համաշխարհային միաբանության առաջնորդ, աբբահայր Եղիա Կիլազպյանը, նույնիսկ բազմաթիվ գլուխգործոցներ չունեն լիարժեք պատճեններ, իսկ գեղանկարչական եզակի աշխատանքների մեծ մասը չի մտցվել ալբոմների մեջ: Ի վերջո խոսքը ոչ թե այս կամ այն պետությունից հնության հուշարձանները դուրս բերելու, այլ հուսալի պայմաններ ստեղծելու մասին է, որպեսզի գանձերը հավիտյանս պահպանվեն: Այս կապակցությամբ պետք է ասել, որ առկա է եւս մեկ խնդիր, որը թերեւս առավել մտահոգիչ է: Տարեցտարի նոսրանում են Մխիթարյանների եւ մանավանդ թանգարանային, վերականգնողական գործի մասնագետների շարքերը: Չկան Ալիշանի գործի նույնիսկ նվազագույն թվով նվիրյալներ: Դեռ վերջերս հիրավի լուսավորչական վանքերի իսկական հպարտությունն էին ժամանակակից տպարանները, որտեղ տպագրվում էին գրեթե ամբողջ հայության համար նախատեսված գրքեր, այդ թվում դասագրքեր, աշխարհագրական քարտեզներ եւ ատլասներ: Տպարանները ձգողական ուժ ունեին բազմաթիվ հետազոտողների համար: Այսօր ժամանակակից տեխնիկան (համակարգիչները, սքաներները, տպիչները) թույլ է տալիս գրեթե տնային պայմաններում գրքեր հրատարակել: Այնպես որ, կան նաեւ օբյեկտիվ պատճառներ: Բայց դրանից գործը չի հեշտանում: Քանզի մնում է գլխավորՙ ազգային եւ համամարդկային արժեք ներկայացնող մեր գանձերի ճակատագրի հարցը:
Այս պատճառով «Կիլիկիա» նավի ամբողջ անձնակազմը որոշեց առաջ քաշել այդ բախտորոշ հարցըՙ հասկանալով, որ մենք որեւէ հայտնագործություն չենք անում, քանզի թանգարանների եւ դրանց ցուցանմուշների մասին հայտնի է ամենքին: Բայց մենք չենք կարող չօգտվել «յոթ ծովերով նավարկելու» մեր հնարավորությունից, երբ մեր նավի երթուղին թույլ է տալիս այցելել վայրեր, որտեղ գտնվում են հայ ժողովրդի անգին սեփականությունը հանդիսացող վանքեր ու թանգարաններ: Մենք ընդամենը հարց ենք բարձրացնում: Ահա թե ինչու «Կիլիկիայի» մեկնարկի նախօրեին ամբողջ անձնակազմով հերթական անգամ էքսկուրսիա կատարեցինք հրապարակախոսական այս խնդիրը լուծելու նպատակով: Միաբանության առաջնորդ, աբբահայր Եղիայի եւ ուղեկցորդ Վարդան Կարպետյանի հետ շրջեցինք թանգարանի բոլոր սրահներում, եւ մեր օպերատոր Սամվել Բաբասյանը նկարահանեց գանձերի մեծ մասը, որոնցից մենք պարզապես իրավունք չունենք զրկվելու:
Ես շտապեցի գիտարշավի սկզբում արծարծել մեր ժողովրդի համար ցավոտ այս թեման նաեւ այն պատճառով, որ մեր առաջին նավահանգիստը լինելու էր հենց Տրիեստը: Այնպես որ, տվյալ բարդ խնդրով այնտեղ էլ ենք զբաղվելու: Ի թիվս այլ բաների, ժապավենի վրա կարձանագրենք պահպանված հայկական եկեղեցին, դպրոցը եւ մյուս շենքերը, որտեղ 200 տարի առաջ մենք մեկընդմիշտ կորցրինք մեր ժողովրդի անգին գանձերը:
Մտադիր ենք այսուհետեւ էլ զարգացնել այս թեման, մեր տեսածի մասին պատմել ընթերցողներինՙ հույս ունենալով, որ մեր երկրի ղեկավարությունը եւ համապատասխան կազմակերպությունները մեծ ուշադրություն կդարձնեն տվյալ խնդրին, որը չլուծելը պարզապես վտանգավոր է:
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, «Կիլիկիա», Ադրիատիկ ծով