Ստեփանակերտի Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաները մայիսի սկզբներին մասնակցելով Յալթայում տեղի ունեցած «Պարի նոր աստղեր» միջազգային փառատոնինՙ նվաճել են «Գրան պրի» եւ դիպլոմներ: Ոչ միայն փառատոնի կազմակերպիչների, այլեւ մասնակիցների տպավորությամբՙ արցախցի պատանի պարուհիների կատարումները հաճելի զարմանք են պատճառել, նաեւ այն համոզմունքը ստեղծելով, որ նման պարային ծրագրով կարելի է մասնակցել արտերկրում անցկացվող ավելի հեղինակավոր փառատոների եւ նույնիսկ լուրջ հավակնություններ ունենալ:
Արդեն չորրորդ անգամ կազմակերպվող միջազգային մշակութային այս միջոցառմանը, որին պարբերաբար մասնակցում են ԱՊՀ երկրներից եւ Ռուսաստանի Դաշնությունից մարզերից ժամանած խմբեր, միշտ էլ հրավեր եղել է, սակայն Արցախի պարային խումբը չի կարողացել իր մասնակցությունն ունենալ հովանավորների բացակայության պատճառով: Այս տարվա փառատոնին մասնակցելը հնարավոր է դարձել ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ինչպես նաեւ Ստեփանակերտի քաղաքապետարանի աջակցությամբ:
Գյուրջյանցի սաների հաջող կատարումները առաջիկա հունիսին դարձյալ Յալթայում տեղի ունենալիք մեկ այլ փառատոնին մասնակցելու հրավերի առիթ են հանդիսացել: Սակայն գյուրջյանցիների այս մի մասնակցությունը քիչ հավանական է ֆինանսական նկատառումներով: Համենայն դեպս, ողջունելի է արցախցի պատանի պարուհիների հաղթանակը ԱՊՀ շրջանակներում կազմակերպված փառատոնում: Հուսանք, որ արվեստի դպրոցի սաները միջազգային այլ միջոցառումների մասնակցելու հնարավորություններ էլի կունենան, եւ հաղթանակի նոր դափնիներ կբերեն ինչպես հարազատ դպրոցին, այնպես էլ հայրենի Արցախին:
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ