«Միկայի» հանդերձարանում տիրող ոգեւորության եւ ուրախության ընդհանուր համապատկերում թիմի բազմափորձ ֆուտբոլիստ, քառակի գավաթակիր դարձած Արմեն Պետիկյանը մի փոքր տխուր էր: Պատճառը հասկանալի էր: Նրան այդպես էլ բախտ չվիճակվեց խաղադաշտ մտնել եւ խաղընկերների հետ «կռել» հաղթանակը:- Արմեն, շնորհավորում եմ քառակի գավաթակիր դառնալու առթիվ: Ափսոս միայն, որ չմասնակցեցիր եզրափակիչին, այլապես երկու հոբելյան կնշեիրՙ գավաթի մրցաշարերում 50-րդ խաղը եւ պաշտոնական մրցումներում 300-րդ հանդիպումը: Կարեւորը, իհարկե, գավաթի նվաճումն էր: Այնուամենայնիվ, ինչո՞ւ չմասնակցեցիր խաղին:
- Ճիշտ կլինի հարցը գլխավոր մարզչին ուղղեք, պատճառն ինձ անհայտ է:
- Այսինքն, դու պատրաստ էիր հանդիպմանը:
- Միշտ էլ պատրաստ եմ եղել բոլոր հանդիպումներին: Իհարկե, շատ ուրախ եմ, որ հաղթել ենք, քառակի գավաթակիր եմ դարձել, բայց եզրափակիչում խաղալու ցանկությունս շատ մեծ էր: Մի գաղտնիք բացեմ: Մի տեսակ կանխազգացում ունեի, որ գոլի հեղինակ պիտի դառնայի: Բայց կյանք է, ամեն ինչ կպատահի: Պարզապես ափսոսում եմ, որ ձեր նշած հոբելյանները չկայացան: Ցավալի է նաեւ, որ խաղին չմասնակցելու բուն պատճառը չգիտեմ: Իմ կարծիքով, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես պատրաստ էի խաղին: Բայց որոշողը մարզիչն է, որը պատասխանատու է արդյունքի համար: Փառք Աստծո, այսօր արդյունքը մեզ համար դրական էր, եւ չեմ պատրաստվում որեւէ մեկին քննադատել: Կարեւորը «Միկայի» հաղթանակն էր:
- Ի՞նչ ապրումներ ունեցար պահեստայինների նստարանին: Ավելի հեշտ էր դաշտո՞ւմ լինել, թե՞...
- Ինձ ընդհանրապես շատ հազվադեպ է վիճակվել պահեստայինների նստարանին նստել: Առաջին դեպքն էր, որ գավաթի եզրափակիչին չմասնակցեցի: Շատ դժվար էր խաղին հետեւելը, տարբեր զգացումներ ես ապրում, որ չեմ կարող նկարագրել: Խաղադաշտում տարվելով պայքարովՙ չես զգում ծանր մթնոլորտը:
- Կարծում եմՙ չկայացած հոբելյանների համար չարժե անհանգստանալ: Դրանք առջեւում են:
- 300-րդ խաղը կնշեմ, իսկ ահա գավաթի 50-րդ խաղին հարկ կլինի մեկ տարի սպասել, իսկ հաջորդ մրցաշրջանում կխաղամ, թե ոչՙ մեծ հարց է: Կամ էլ ստիպված կլինեմ գավաթի մեկ խաղի մասնակցել, նոր հետո մտածել ֆուտբոլից հեռանալու մասին:
- Իմ կարծիքով դեռեւս վաղ է այդ մասին մտածելը, մանավանդ, նման հաջողությունից հետո:
- Գիտեք, լինում են պահեր, երբ իսկապես ցանկանում ես հեռանալ ֆուտբոլից: Բնավորությամբ թույլ մարդ չեմ եւ հաղթողի հոգեբանություն ունեմ: Սակայն լինում են պահեր, երբ խորը հիասթափություն ես ապրում ֆուտբոլից, ինչպես այսօր պատահեց: Ներքուստ ուրախ եմ հաղթանակի համար, սակայն չեմ կարողանում ուրախությունս լիովին արտահայտել, որովհետեւ գտնում եմ, որ սա նաեւ իմ խաղն էր եւ կարծեսՙ գավաթն ինձնից գողացան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ