Երեկ երկու հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրը: «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկը» հյուրընկալել էր «Շիրակին»: Հանդիպման սկիզբը բավական խոստումնալից էր երկու թիմերի համար էլ: Արդեն 4-րդ րոպեին շիրակցիների արագ հակագրոհը կարող էր ավարտվել դարպասի գրավումով, սակայն Տիգրան Հովհաննիսյանի հարվածը հետ մղեց դարպասապահը: Իսկ ահա «Փյունիկն» ավելի հաջողակ գտնվեցՙ բացելով հաշիվը: Դրանում մեղքի իր բաժինն ուներ «Շիրակի» դարպասապահ Երվանդ Հունանյանը, որը չկարողացավ Հովսեփյանի հարվածից հետո որսալ գնդակը եւ վրա հասած Վալերի Ալեքսանյանը գրավեց դարպասը: Առաջին խաղակեսում այլեւս նոր գոլ չգրանցվեց, թեեւ երկու թիմերն էլ ունեցան գոլային հարմար պահեր:
Ընդմիջումից հետո «Փյունիկի» կազմում խաղադաշտ մտած Էդգար Մանուչարյանը զգալիորեն ուժեղացրեց թիմի հարձակման գիծը: Հենց հիմնականում նրա ջանքերով «Փյունիկը» հաղթանակ տոնեց: Սակայն երկրորդ խաղակեսի սկիզբն անհաջող դասավորվեց փյունիկցիների համար: Օգտվելով դարպասապահ Բետեի անփույթ խաղից, Բարիկյանը սուր անկյան տակ հուժկու հարվածով հավասարեցրեց հաշիվը: Բաց թողած գոլը ստիպեց փյունիկցիներին մեծ ուժերով դիմելու գրոհների, եւ շուտով նրանք հասան ցանկալի արդյունքի: 55-րդ րոպեին խաղընկերները հարվածի դուրս բերեցին Մանուչարյանին: Նրան ընդառաջ դուրս եկած «Շիրակի» դարպասապահը փորձեց խափանել հարձակվողի առաջխաղացումը, բայց Էդգարը վարպետորեն նրա գլխավերեւով գրավեց դարպասը: Խաղավերջում էլ անկյունայինի խաղարկումից հետո Էդգարը խփեց իր երկրորդ գնդակըՙ վերջնականապես վճռելով խաղի ելքը (3-1):
Հարկ է նշել, որ «Փյունիկը» կարող էր նույնիսկ խոշոր հաշվով հաղթել, եթե ավելի խնամքով օգտագործեր ստեղծված գոլային պահերը: Մասնավորապես Արթուր Ոսկանյանի հարվածից հետո գնդակը ցնցեց դարպասաձողը: Աղվան Մկրտչյանի վտանգավոր հարվածն էլ մի փոքր բարձր ստացվեց: Մի դրվագում էլ Մանուչարյանի փոխանցումից հետո Տիգրան Դավթյանը գրավեց դարպասը, սակայն գոլը խփել էր ձեռքով, որի համար արժանացավ դեղին քարտի:
Չնայած հաղթանակին, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը դժգոհ էր իր սաների ելույթից: Նա նշեց, որ տղաները թերագնահատեցին մրցակցին, թեեւ ինքը խաղից առաջ զգուշացրել էր, որ վերջին հանդիպումները «Շիրակը» վերելքով է անցկացրել եւ հարկավոր է լրջորեն վերաբերվել մրցակցին: Իսկ «Շիրակի» մարզիչ Ժորա Բարսեղյանը հիմնականում գոհ էր ֆուտբոլիստներիցՙ միաժամանակ նշելով, որ բաց թողած երկրորդ գոլից հետո թիմը կարծես թեւաթափ եղավ եւ դադարեցրեց պայքարը: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ առաջին գոլը թիմի դարպասը խփվեց խաղից դուրս վիճակից:
«Հրազդան» մարզադաշտում ուժերը չափեցին «Կիլիկիան» ու «Բանանցը»: Այդ խաղն ընթացիկ մրցաշրջանում թիմերի արդեն երրորդ հանդիպումն էր: Նախորդ երկուսը կայացել էին գավաթի կիսաեզրափակիչում, որտեղ մրցակիցներից յուրաքանչյուրը 1-ական հաղթանակ էր տոնել, բայց ընդհանուր արդյունքով եզրափակիչ էր մտել «Կիլիկիան»: Ինչպես երեւում է, գավաթային ծանր մրցախաղերն իրենց ազդեցությունն են թողել «Կիլիկիայի» ֆուտբոլիստների վրա: «Կիլիկիան» չկարողացավ այս անգամ էլ հաղթել մրցակցին: Դեռեւս 15-րդ րոպեին «Բանանցը» կարող էր բացել հաշիվը, սակայն Վահե Թադեւոսյանը չիրացրեց 11 մետրանոց հարվածը: Ի պատիվ վերջինիսՙ խաղավարտից 10 րոպե առաջ նա քավեց իր մեղքըՙ դառնալով միակ հաղթական գոլի հեղինակ: Այս հաղթանակը «Բանանցի» 4-րդ անընդմեջ հաջողությունն էր առաջնությունում: «Բանանցը» միակ թիմն է, որ դեռեւս միավոր չի կորցրել: Իսկ մրցաշարային աղյուսակը անցկացրած 5 խաղից հետո վաստակած 13 միավորով գլխավորում է «Փյունիկը»:
Այսօր տեղի կունենան 5-րդ տուրի ավարտական երկու հանդիպումները: Աբովյանում «Դինամո-Զենիթը» կհյուրընկալի «Լեռնային Արցախին», իսկ Ոսկեհատում կմրցեն ՀՀ նորընծա գավաթակիր «Միկան» ու «Էսթեղլալ-Կոտայքը»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ