«169» վետերանների կոմիտեի անդամները, որ քաղավիացիայի նախկին աշխատակիցներ են, հավաստիացնում են, թե դեռեւս 1997-ից իրենց խաբում են «Հայկական ավիաուղիների» ղեկավարները: Կոմիտեի ղեկավար, նախկին օդաչու Վլադիմիր Պողոսյանը երեկ լրագրողներին էր ներկայացնում վերջին տարիներին իրենց «գլխովն անցածը»: 1997-ին դեռեւս թոշակի տարիքի չհասած 169 մասնագետի առաջարկում են դուրս գալ աշխատանքից` մինչեւ կյանքի վերջ նպաստ ստանալու պայմանով: Որոշ ժամանակ անց իրենց են ներկայացնում դիմումի ձեւ, որտեղ նշված է, որ աշխատանքից ազատվածները նպաստը կստանան, եթե ընկերությունն աշխատի շահույթով:
Սկզբում դժգոհելով, ավիացիայի աշխատողները ստորագրում են դիմումները: «Ես, փաստորեն, հրաժարվեցի ամսական 450-500 դոլար աշխատավարձից մինչեւ կյանքիս վերջ 90 դոլար ստանալու համար», ասում է պրն Պողոսյանը:
Արդեն ինն ամիս այդ 169 հոգին նպաստ չեն ստանում, քանի որ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը սնանկ է ճանաչված: Պարոն Պողոսյանը հավաստիացնում է, որ հրապարակման ենթակա բոլոր փաստաթղթերը ցույց են տալիս, որ 1998-2002 թթ. ընկերությունն ամեն տարի շահույթով է աշխատել: «Մեծ ծախսեր էր պահանջում արտասահմանյան A-310 ինքնաթիռը, սակայն մեր ինքնաթիռների բերած եկամտի հաշվին փակվում էր դրա բերած վնասը, բացատրում է նախկին օդաչուն: Այդ ինչպե՞ս է լինում, որ ըստ տրանսպորտի նախարարության տվյալների, 1997-ին ընկերությունը 8.5 մլն դոլար շահույթ է ունենում, իսկ հաջորդ տարի, նույն չվացուցակով ու ծանրաբեռնվածությամբ աշխատելով հանդերձ, շահույթը կազմում է 7.8 մլն դոլար»:
Վլադիմիր Պողոսյանն ասում է, որ չնայած ավիացիայի համակարգը մաս-մաս են արել, տարբեր ստորաբաժանումներ առանձնացրել են իրարից, չնայած իրենց նավթի բազան ամբողջությամբ տվել են «Զվարթնոց» օդանավակայանին, իրենք էլի կարողանում են գոյատեւել:
Ավիացիայի 169 աշխատողներից կազմված կոմիտեն դիմում-բողոքներով դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, մարդու իրավունքների պաշտպանին, պաշտպանության եւ արդարադատության նախարարներին, սակայն ոչ մի դրական արձագանք չի ստացել:
«2003 թ. «Հայկական ավիաուղիներից» գողացել են 23 մլն դոլար, չգիտեմ ինչ են արել այդ գումարը: Համոզված եմ, այդ գողության պատճառով է մեր ընկերությունը սնանկացել», հայտարարեց Վլադիմիր Պողոսյանը: Նա ավելացրեց, որ ունեն իրենց ասածն ապացուցող բազմաթիվ փաստաթղթեր, որոնք կհրապարակեն, եթե երկրի իշխանությունը հետաքրքրություն դրսեւորի:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ