«Ազգի» այս տարվա ապրիլի 1-ի համարում տպագրվել էր «ՀՀ Կենտրոնական բանկի հաշվեկշիռը 2004 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ» ծանուցումը: Անշուշտ, ողջունելի է նման գործընթացը, երբ հանրությունը տեղեկացվում է երկրի ֆինանսական զարգացումների մասին:
Բայց ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ այսօր լուրջ մտահոգություններ ունեն ազգային արժույթ-դրամիՙ համաշխարհային հիմնական վճարամիջոցների հանդեպ էական տատանումների պարագայում: Ներդրումից հետոՙ անցած ընդամենը 10 տարիներին ԱՄՆ 1 դոլարի համեմատ դրամը 14 միավորից հասավ 585 միավորի, հիմա ամրապնդվել եւ կազմում է 450 դրամ: Պաշտոնյաներն այստեղ ազգային դրամի արժեւորում են նկատում, ոմանքՙ կազմակերպված շիլաշփոթ, որից շահում է գործարարների մի փոքր խումբ: Այս իրավիճակը մասամբ կպարզվի, եթե ԿԲ-ի ղեկավարությունը որոշակի պարզաբանումներ ներկայացնի արդեն տպագրված «Ծանուցում»-ի մի քանի թվերի առումով:
Մասնավորապես: Ինչ համամասնություն գոյություն ունի երկրի համախառն ներքին արդյունքի, բյուջեի ու շրջանառության մեջ գտնվող ազգային արժույթի ծավալի առումով: Համանման ինչ զարգացումներ կան մեր կարգավիճակում գտնվող, աղքատությունը հաղթահարած եւ գերզարգացած երկրներում: Անշուշտ, մտահոգ շատերն արդեն ունեն իրենց որոշակի կարծիքը: Օրինակ, հայտնի է, որ «Ծանուցում»-ի «Շրջանառության մեջ թղթադրամներ եւ մետաղադրամներ-105,5 մլրդ դրամի» 25 մլրդ եւ 21 մլրդ դրամը կազմում են 10.000 եւ 20.000-անոցները, որոնք մեր ազգաբնակչության մեծ մասը չի էլ տեսնում: 105 մլրդ դրամից էլ ԿԲ-ում պարտադիր պահուստ մոտ 20 մլրդ դրամը հանելուց հետո շրջանառության մեջ առարկայորեն մնում է 40 մլրդ դրամ, որը 1 բնակչի հաշվով կազմում է 13.000 դրամ: Ի՞նչ ժամանակահատվածի համար է այն հաշվառվումՙ օրվա, ամսվա, տարվա: Քանի որ հաշվեկշիռը տարեկան է, պետք է կարծելՙ տարվա: Բայց չէ՞ որ զավեշտալի թիվ է ստացվում, որը խոսում է իրական ՀՆԱ-ի եւ պաշտոնապես ներկայացվող ՀՆԱ-ի քառապատիկ-հնգապատիկ տարբերության մասին: Իրական ՀՆԱ-ին համապատասխան դրամային զանգվածի պարագայում վտանգ կառաջանա, որ այն կառավարելի չի լինի եւ կհետեւեն լուրջ ցնցումներ: Առկա սցենարում, երբ հանրությունն ի զորու չէ ընկալել գործընթացի ողջ էությունը, պաշտոնական պարզաբանումները հարկ է առավել մանրամասն ներկայացնել: Այլապես ստացվում է կառավարելի անկառավարելիության սատանայական մի շղթա, որը մեզ տխուր հանգրվանի կհասցնի: Եվ քանի որ ԿԲ-ն պարտավոր է դրամային զանգվածը համամասնել ներկայացվող ՀՆԱ-ի հետ, իսկ իրականությունն այլ է, ստացվում է շրջանառվող դրամի զանգվածի զգալի պակաս:
Արդյունքում փոխանակման կետն արտարժույթի աճող զանգվածը սպասարկելու հիմնական միջոց համարում է ունեցած գումարով հնարավորինս շատ արտարժույթ ձեռք բերելը, որն իրականացնում է վերջինիս դիմաց պակաս դրամ առաջարկելով: Թե ո՞վ է շահում այս գործընթացում, մասամբ հայտնի է: Բայց պարզ չէ այս իրավիճակին հասնելու տրամաբանությունը. եթե այն արվում է մասնագիտական անկատարության հետեւանքով, որը քիչ է հավանական, մասամբ հասկանալի է: Եթե արվում է ինչ-ինչ շարժառիթներով, որը պարտավոր են հիմնավորել իշխանությունից դուրս գտնվող հայրենական ֆինանսիստներն ու մեզ օգնելու եկած միջազգային ֆինանսական կազմակերպությունները, խնդրին հարկ է նայել պետական անվտանգության տեսանկյունից: Խնդիրն առավելապես մասնագիտական, քան քաղաքական վերլուծության կարիք ունի: Ոմանց զավեշտալի այն տոնը, թե աշխարհին պետք է խորհուրդ տալ ամենուր ներդնել ՀՀ դրամը, երբ դա դրամա է ապրում, պարզապես անհեթեթ է: Խնդիրն ունի ընդամենը մեկ հարց եւ մեկ պատասխան. ինչո՞ւ եւ ինչպե՞ս:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ