«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2005-05-11 | #85, 2005-05-12 | #86, 2005-05-13


ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 85 ՏԱՐԵԿԱՆ Է

Այս տարի լրանում է առաջին հանրապետության օրոքՙ 1920 թ. մարտի 19-ին հիմնադրված Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) 85-ամյակը: Այդ առիթով ՀԿԽԸ-ն մայիսի 8-18-ը հայտարարել է տասնօրյակ, որի ընթացքում Երեւանում եւ մարզերում կիրականացվեն մի շարք միջոցառումներՙ նպատակ ունենալով եւս մեկ անգամ հանրությանը ներկայացնել Կարմիր խաչի աշխատակիցների եւ կամավորների ուժերով իրականացված աշխատանքները:

Միջոցառումների շարքը ներառում է բացօթյա ներկայացում փախստականների մասնակցությամբ, լուսանկարների ցուցահանդես, Կարմիր խաչի տարբերանշանի պաշտպանությանը նվիրված երթ, տարհանման դասընթացներ Չեխովի դպրոցում, հյուսիսային եւ հարավային տարածաշրջաններում առաջին օգնության մրցումներ, նկարչական աշխատանքների մրցույթ, քայլերթ, փրկարարական աշխատանքների եւ առաջին օգնության ցուցադրական ելույթներ, տեսաֆիլմի ցուցադրում: Ինչպես նշեց ՀԿԽԸ-ի լրատվական ծառայության ղեկավար Արզուման Հարությունյանը, տասնօրյակի փակման ժամանակ կլինի տոնական հանդիսություն եւ կշնորհվեն վկայականներ:

Պրն Հարությունյանի խոսքերով, այս տասնօրյակը հնարավորություն կտա մեկ անգամ էլ ներկայանալու հանրությանը, ասելու, թե ինչ է արել ՀԿԽԸ-ն եւ ինչ է անում այսօր:

ՀԿԽԸ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ֆեդերացիայի անդամ է, որին անդամակցում են 180 երկրներ: ՀԿԽԸ-ն գործունեություն է ծավալում 7 հիմնական ուղղություններովՙ կազմակերպության եւ համայնքների զարգացում, սոցիալ-առողջապահական ծառայությունների մատուցում, ողնաշարի վնասվածքով հիվանդների առողջության վերականգնում, աղետների կառավարումՙ առաջին օգնություն եւ փրկարարություն, միգրանտների խնդիրների լուծման օժանդակություն եւ որոնման ծառայություն, երիտասարդական շարժման զարգացում, Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի գաղափարների տարածում:

Արզուման Հարությունյանը նշեց, որ ՀԿԽԸ-ին օգնում են նորվեգական, ֆիննական, գերմանական Կարմիր խաչերը եւ Լիոնի հայկական Կարմիր խաչի միությունը:

ՀԿԽԸ-ի կազմակերպած տասնօրյակը կրում է «Մենք օգնում ենք ձեր օգնությամբ» կարգախոսը: Լրատվական ծառայության ղեկավարի խոսքերով, դա նշանակում է, որ Կարմիր խաչն ինքն էլ ունի օգնության եւ աջակցության կարիք: «Մինչ այդ մենք ներդրումները դրսից էինք բերում, իսկ հիմա շեշտակի նվազել են դրսից բերվող գումարները», ասաց նաՙ պատճառաբանելով, որ մայրաքաղաքում «Մերսեդեսներին» եւ «Համերներին» տեղ չկա, դրսից նայողի վրա մենք խեղճ ու աղքատ ժողովրդի տպավորություն չենք թողնում, դա է դրսից բերվող գումարների նվազման պատճառը: Այնպես որ ներդրումների եւ աջակցության կարիք է զգացվում հենց մեզ մոտ:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4