Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղի փոխատենապետ Արա Ահարոնյանի անձնական նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում մայիսի 4-ին բացվեց բժշկական եւ սոցիալական կենտրոն, որի նմանը դեռ գոյություն չունի որեւէ գյուղում: «Այս հրաշալի ծրագիրը գյուղի կյանքն աշխուժացրել է, բարձրացրել գյուղացիների տրամադրությունն ու հուսադրել: Ծրագրի համար Բարեգործականը կարիք ուներ բժշկական լավագույն կազմակերպության աջակցության, որպիսին դարձավ Ֆրանսիայի հայ բժիշկների միությունը: Առհասարակ մի քանի կազմակերպությունների միասնաբար գործելը շատ ավելի արդյունավետ է ու զորավոր, որովհետեւ նրանցից ամեն մեկը գործին բերում է իր փորձառությունն ու ընդունակությունները: Մենք ջանում ենք կառուցել այնպիսի շինություններ, որ մեր բարերարները գոհանան եւ շարունակեն նվիրատվությունները, այլ ոչ թե հիասթափվեն եւ դադարեցնեն բարեգործությունը», ասում է Արա Ահարոնյանը: Նրան գոհացնում է, որ Նորաշենում բոլոր շինությունները կառուցվել են ժամանակակից ոճովՙ բժշկական եւ սոցիալական կենտրոնը կառուցվել է եվրոպական գյուղերի նմանօրինակ կենտրոնների ամենավերջին նախագծովՙ հագեցած նոր սարքավորումներով, ունի դեղատուն, հիվանդների հանգստի սենյակներ, բժիշկների առանձնասենյակներ: Այդ կենտրոնում են նաեւ գյուղապետի նստավայրը, գյուղացիների հանդիպումների համար նախատեսված սրահը, որտեղ նրանք կարող են խոսել իրենց հուզող խնդիրների մասին, գտնել դրանց լուծումները:
Նորաբաց կենտրոնում բնակիչները ստանում են անվճար բուժօգնություն, դեղորայք: Ֆրանսիայի հայ բժիշկների միությունը ժամանակ առ ժամանակ տարբեր մասնագետներ կուղարկի Նորաշենՙ գյուղի բնակչությանը լավագույնս սպասարկելու հեռանկարով: Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարի համաձայնությամբ Հադրութի բժիշկներից մեկը նշանակվել է գլխավոր բժիշկ, իսկ բուժքույրը հենց Նորաշենից է:
«Ես չափազանց լավատես եմ, աշխատում եմ վատը բնավ չնկատել, բայց ժողովրդի վիճակն իսկապես բավականին լավացել է, բարելավվել են կեցության պայմանները, ավելացել է անասունների գլխաքանակը: Միայն մեկ ցավալի խնդիր կա, որ անընդհատ օգնություն ստացող գյուղացիները սկսում են վարժվել դրան եւ իրենց կյանքը լավացնելու ինքնուրույն քայլեր գրեթե չեն անում, անգամ կենցաղային մանր հարցեր լուծելու համար սպասում են դրսի օգնությանը: Դա, իհարկե, շատ վատ է, բայց հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում կփոխվի», ավելացնում է Արա Ահարոնյանը: Նրա լավատեսությունը անհիմն չէ. Ահարոնյանն արդեն իսկ նկատել է, որ կան անասնապահությունը շահավետ բիզնես համարող եւ դրանով լրջորեն զբաղվող ընտանիքներ: Նա առանձնացրեց այնտեղ բնակվող 3 եղբայրներին, որոնք 80 անասուն են պահումՙ կովեր, հորթեր, խոզեր:
Արա Ահարոնյանը համոզված է, որ գյուղացիների համար տներ կառուցելն այսօր բավարար չէ նրանց լիարժեք կյանքով ապահովելու համար: Դա անպայման պետք է զուգակցել բազմակողմանի կրթություն, բժշկական բարձրակարգ սպասարկում եւ հոգեւոր հարուստ կյանք ունենալու հետ: Նորաշենի մանկապարտեզի մեծ շենքի 2 սենյակները հատկացված են փոքրիկներին, իսկ մյուս սենյակները վերածվել են դասասենյակներիՙ աշակերտների թվի ավելացման պատճառով: Հենց այդ հանգամանքը նկատի ունենալով, առաջիկայում բարեգործական միությունը կսկսի դպրոցաշինության ծրագիրը:
Նա վստահեցնում է, որ Նորաշենի սոցիալական եւ բժշկական կենտրոնի հաջող գործունեությունը կհանգեցնի նրան, որ Բարեգործականն այդպիսի կենտրոններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր գյուղերում:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ