Ակնկալվում են Քոչարյան-Ալիեւ եւ Քոչարյան-Էրդողան հանդիպումներ Վարշավայում
Մայիսի 16-17-ը Լեհաստանի մայրաքաղաքում տեղի է ունենալու Եվրոխորհրդի 3-րդ գագաթաժողովը, որին մասնակցելու են կազմակերպության անդամ պետությունների նախագահները կամ կառավարության ղեկավարները: Երկօրյա աշխատանքների ընթացքում կքննարկվեն երեք գլխավոր թեմաներՙ Եվրոպական միություն եւ եվրոպական արժեքներ, եվրոպական հանրությանն ուղղված մարտահրավերները եւ եվրոպական «ճարտարապետությունը», այսինքնՙ ինչպիսին պետք է լինի 800 մլն բնակչությամբ Եվրոպան ապագայում:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը հաղորդում է, որ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 15-ին կմեկնի Վարշավաՙ մասնակցելու Եվրոխորհրդի 3-րդ գագաթաժողովին: «Հայաստանի նախագահը Վարշավայում երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների ղեկավարների հետ: Գագաթաժողովի շրջանակներում, Մինսկի խմբի համանախագահների առաջարկությամբ, նախատեսվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը», ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովն ադրբեջանական ANS հեռուստաընկերությանն ասել է, որ նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպումը տեղի կունենա մայիսի 15-ի երեկոյան: Իսկ այսօր Մինսկի խմբի համանախագահները Լեհաստանում կհանդիպեն Հայաստանի արտգործնախարարի հետ: Միջնորդները Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպել են ապրիլի 27-ին Ֆրանկֆուրտում:
Ամենայն հավանականությամբ Եվրոխորհրդի գագաթաժողովի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Եթե պաշտոնական Երեւանը շարունակում է պնդել, որ նման պայմանավորվածություն չկա, ապա թուրքական մամուլը հավանական է համարում Էրդողան-Քոչարյան հանդիպումը:
Երեւանում Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ «Ազգ» օրաթերթը հնարավորություն է ստացել Վարշավայից լուսաբանելու ինչպես Եվրոխորհրդի գագաթաժողովի աշխատանքները, այնպես էլ դրա շրջանակներում նախատեսված երկկողմ հանդիպումները:
Թ. Հ.