Թե՞ Թուրքիան մտացածին այս առաջարկը ծառայեցնում է Քոչարյան-Էրդողան հանդիպմանը ցանկալի ընթացք տալու իր նկրտումներին
Մայիսի 12-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ Վարշավայում նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման պայմանավորվածություն դեռեւս չկա: Պայմանավորվածության բացակայությունը, սակայն, ամենեւին չի բացառում մայիսի 16-17-ը Եվրոխորհրդի անդամ պետությունների ղեկավարների վարշավյան գագաթաժողովում նախատեսվող այդ հանդիպման իրականացումը: Թեեւ կողմերը հանդիպման առնչությամբ պաշտոնական որեւէ դիմում չեն ներկայացրել միմյանց, բայց եւ այնպես, Քոչարյան-Էրդողան ոչ պաշտոնական հանդիպումն ավելի քան իրատեսական է, որ Անկարան դա նախապես սեփական նկրտումներին ծառայեցնելու համար կեղծիքի է դիմում, թե Հայաստանն իբր «Ադրբեջանի գրավյալ տարածքներն ազատելու ազդանշան է տվել», նույնիսկ «Լեռնային Ղարաբաղից դուրս գալու բանաձեւ է առաջարկել Բաքվին»:
Կեղծիքի պարագայում խնդրո առարկան «Միլլիեթ» թերթն էր եւ թուրքական հանրային հեռուստատեսությունը: Մայիսի 12-ին, երբ ՀՀ արտգործնախարարը հայտարարություն էր անում, թուրքական այս լրատվամիջոցները «Ադրբեջանի գրավյալ տարածքներըՙ Լեռնային Ղարաբաղը ներառյալ, ազատելու Հայաստանի «անակնկալ» պատրաստակամության» հայտնագործություն էին անում եւ դա, որպես իրողություն, իրենց ինտերնետային էջերի միջոցով մատուցում միջազգային հանրությանը:
Նույն օրը երեկոյան ինֆորմացիոն գլխավոր ծրագրով թուրքական հանրային հեռուստատեսությունը հարկ համարեց հեռարձակել այս կեղծիքը, թե «Երեւանը գրավյալ տարածքներից աստիճանաբար դուրս գալու բանաձեւ է ներկայացրել Ադրբեջանին, դա չափազանց կարեւոր է Վարշավայում նախատեսվող Քոչարյան-Էրդողան նախատեսվող հնարավոր հանդիպման նախօրյակին, բանաձեւի մասին պաշտոնական Անկարային անձամբ տեղեկացրել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովըՙ այցելելով շաբաթվա սկզբին Թուրքիա»:
«Զաման» թերթը մայիսի 13-ի համարում «Ղարաբաղի առնչությամբ ժեստը կնպաստի Էրդողան-Քոչարյան հանդիպմանը» խորագրով մասնակի սրբագրեց ինչպես «Միլլիեթին», այնպես էլ թուրքական հանրային հեռուստատեսությանը, մասնավորապես գրելով. «Թուրք-հայկական բարձրագույն մակարդակի հանդիպումից առաջ ծրագրվում է ՀՀ նախագահ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Վարշավայում: Սակայն դա եւս, ինչպես Էրդողան-Քոչարյան հանդիպումն է, չի հստակեցվել: Անկարան ակնկալում է, որ Քոչարյան-Ալիեւ հանդիպմանը պաշտոնական Երեւանը որոշակի քայլեր կկատարի Լեռնային Ղարաբաղից դուրս գալու հարցում: Սակայն Թուրքիայի հասած տեղեկությունները ցույց են տալիս, որ դրա հավանականությունը մեծ չէ»:
Այլ կերպ, թուրքական «Զամանը» կասկածի տակ է դնում «Լեռնային Ղարաբաղից դուրս գալու Հայաստանի անակնկալ պատրաստակամության» մասին «Միլլիեթի» եւ թուրքական հանրային հեռուստատեսության ապատեղեկատվության բնույթի տեղեկությունը: Դրանով հանդերձ այս թերթը եւս վկայակոչում է Ազիմովին, թերեւս դրանով էլ կեղծիքի պատասխանատվությունը նրա վրա է բարդում եւ միաժամանակ հակասում ինքն իրեն: «Զամանի» տվյալներով, տարածաշրջանի քաղաքական զարգացումների մասին թուրքական կողմին իրազեկելու համար Անկարա ժամանելով Ազիմովն ասել է, որ «Հայաստանը մեկ անգամ եւս կրկնեց «Լեռնային Ղարաբաղի յոթ շրջաններից» դուրս գալու» իր առաջարկը, սակայն փորձում է «Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Լաչինի միջանցքից, ինչպես նաեւ Ղարաբաղին հարակից Քելբաջարից դուրս գալը թողնել վերջում»: «Զամանը» նշում է նաեւ, որ ադրբեջանցիները մերժելով աստիճանաբար դուրս գալու 5+1+1 բանաձեւըՙ պահանջում են գրավյալ տարածքներն ազատել անվերապահորեն եւ լիարժեք:
Ի դեպ, հավն էլ օգտակար կենդանի է, երազ տեսնում է, իսկ երազում մշտապեսՙ կորեկ: Համենայն դեպս, «Զամանը» հնարավոր է համարում, որ կողմերը Վարշավայում քննարկեն գրավյալ տարածքներից Հայաստանի դուրսբերման ձեւը, որքան էլ ցածր լինի նրանց վերջնական համաձայնության հավանականությունը եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն ընդհանուր հայտարարի գան հակամարտության կարգավորման ուղեգծի շուրջը: Դա, ըստ «Զամանի», դրականորեն կանդրադառնա Երեւան-Անկարա հարաբերությունների վրա, իսկ Էրդողան-Քոչարյան հանդիպումը կդառնա դրա առաջին պտուղը:
Եթե մի կողմ թողնենք գրավյալ տարածքները, Լեռնային Ղարաբաղից Հայաստանի դուրսբերման հարց գոյություն չունի, իսկ վերոհիշյալ 7 շրջանները Լեռնային Ղարաբաղի շրջանները չեն: Ինչ վերաբերում է Լաչինին, ապա դա Ադրբեջանի հետ Նախիջեւանի միջանցք դարձնելու համար անհրաժեշտ է փոխել շրջանի աշխարհագրական դիրքը: Այս անճշտությունները պատահական չեն: Թերեւս «Միլլիեթի», «Զամանի» եւ թուրքական հանրային հեռուստատեսության վերոհիշյալ ապատեղեկատվության առնչությամբ պաշտոնական Անկարան պետական պատվերի մեղադրանքներից պաշտպանելու միտում ունի:
Համենայն դեպս, ինչպիսին էլ լինի միտումների բնույթը, «Լեռնային Ղարաբաղից եւ գրավյալ տարածքներից Հայաստանի դուրս գալու պատրաստակամության» մասին այս կեղծիքը Քոչարյան-Էրդողան հանդիպման նախօրյակին միջազգային հանրությանն ապակողմնորոշելու եւ հայկական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրելու Անկարայի հերթական փորձն է: Սա նշանակում է, որ Անկարան հանդիպումից չի հրաժարվելու, փոխարենը նախընտրում է դա ծառայեցնել սեփական նկրտումներին: Երբ խնդիրը սեփական նկրտումներն են, բոլորովին պարտադիր չէ, որ Թուրքիայի բուն նպատակն Ադրբեջանի գրավյալ տարածքները լինեն: Չի բացառվում, որ տարածքների ազատման համար Հայաստանին հոգեբանական ճնշման ենթարկելով, Անկարան իրականում նպատակ հետապնդի զիջումներ կորզել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ