«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2005-05-12 | #86, 2005-05-13 | #87, 2005-05-14


ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ` ՀՕԳՈՒՏ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Արտախորհրդարանական 25 կուսակցությունների մասնակցությամբ երեկ արդեն երրորդ անգամ քննարկվեց ընտրական օրենսգրքում նշյալ կուսակցությունների կողմից առաջարկված փոփոխությունների ու լրացումների հարցը: Արտախորհրդարանական ուժերը գտնում են, որ գարնանային նստաշրջանում ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումները բավարար չէին եւ չեն կարող արտահայտել հասարակության լայն խմբերի տեսակետներն ու շահերը, քանի որ դրանց մասնակցում է վերոնշյալ խմբերի 10 տոկոսից ոչ ավելին:

«Հասարակական երկխոսությունների, նախաձեռնությունների կենտրոն», «Համայնք եւ իրավունք» ՀԿ-ները գտնում են, որ անհրաժեշտ է խորհրդարանական քննարկումներին զուգահեռ ծավալել լուրջ քննարկում արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ:

Մասնակիցներն ակնկալում են քննարկումների արդյունքում ստեղծել հիմնավոր փաստաթուղթ, որը կներկայացվի ԱԺ` օրենքի վերջնական տարբերակի երկրորդ ընթերցման ժամանակ հաշվի առնելու ակնկալիքով: Իսկ ստեղծված փաստաթուղթն ԱԺ-ի ուշադրությանն արժանացնելու համար, «Համայնք եւ իրավունք» ՀԿ-ի նախագահ Սամվել Մկրտչյանի խոսքերով, իրենք կկիրառեն լոբբիինգի բոլոր ձեւերը, սակայն մինչ այդ պետք է փաստաթուղթն ունենալ:

Թե ինչ կստացվի վերջում եւ ինչ հանրագումարի կգան արտախորհրդարանական ուժերի մասնակիցները, դժվար է ասել, բայց երեկվա դրությամբ որոշ մասնակիցներ անգամ դեմ էին մեկ միասնական փաստաթուղթ ստորագրելուն: ԱԻՄ կուսակցության նախագահության անդամ Արկադի Վարդանյանն, օրինակ, առաջարկում է ստորագրվելիք փաստաթղթի մեջ նշել, թե որ առաջարկի հեղինակը ով է, քանի որ լինում են խիստ ծայրահեղ առաջարկներ: Նախագահության անդամը նշեց, որ ոմանք առաջարկում են ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով, իսկ ոմանք էլ առաջարկում են մեծամասնականի տեղերն ավելացնել:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4