«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2005-05-12 | #86, 2005-05-13 | #87, 2005-05-14


ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԿԱՆԽԵԼ ԻՄԻՏԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

«Սահմանադրության միտումնավոր սխալ կառույցը Հայաստանի բոլոր դժբախտությունների հիմքն է: Չլիներ դա, չէինք ունենա հոկտեմբերի 27, ապրիլի 13, դատական համակարգի կամայականություն, «ՏԵՑ-ի կռուգ», թալան...», այսպիսի եզրահանգմամբ սկսեց իր խոսքն Արշակ Սադոյանը երեկ հրավիրած ասուլիսում:

«Նախագահի լայնածավալ լիազորությունները հավերժացնող եւ դրսի ժողովրդավարական կառույցների աչքերին թոզ փչելու նպատակով ստեղծված սահմանադրության փոփոխությունների նախագիծը կոչել կոալիցիայի նախագիծՙ ուղղակի անհեթեթություն է», սա բանախոսի հաջորդ եզրակացությունն էր: Այն հիմնավորվեց կոալիցիոն եռյակի նախընտրական ծրագրերի դրույթների մեջբերմամբ:

Արշակ Սադոյանը հիշեցրեց. «ՀՅԴ-ն կարեւորում էր պառլամենտական պետության ստեղծումն ու ծրագրերով առաջնորդվելու սկզբունքը: ՕԵԿ-ն էլ տոգորված էր խորհրդարանի իրավասությունների ընդլայնմամբ: ՀՀԿ-ն չէր կարող կողմ լինել վարչապետի մազից կախված լինելու կարգավիճակին, բայց ինչ-ինչ նկատառումներից ելնելով համաձայնեցին, ու խորհրդարանի նկարովի մեծամասնությունը իր ուժն օգտագործելով առաջին ընթերցմամբ անցկացրեց փոփոխությունների նախագիծը»: Իսկ նկատառումները Սադոյանի համոզմամբ պարտադրվել են կոալիցիայի չորրորդ կողմիՙ նախագահի կողմից:

Նշված նախագիծն անվիճելիորեն զիջում է ներկայացված մյուս երկուսին ըստ «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության, որը պատրաստվում է մյուս ընդդիմադիրներիՙ առաջին հերթին «Արդարություն դաշինքի» եւ «Ազգային միաբանության» հետ պայքարել սահմանադրության փոփոխությունների իմիտացիոն, վտանգավոր հետեւանքներով հղի գործընթացը կանխելու համար: Այդ նպատակով հանրությանը տպագիր տեսքով ներկայացվելու են երեք նախագծերի տարբերությունները համեմատական գնահատականի կտրվածքով: Մինչ այդ տեղերումՙ Արշակ Սադոյանի պարզաբանմամբ ամեն մեծ թաղամասերում ստեղծվելիք շտաբներում հանրությանն իրազեկելու են անցկացված նախագծի վնասներին: Նպատակը հանրաքվեն կեղծելու հեռանկարը բացառելն է, այլապես Հայաստանի համար փորձաքարի հավասարեցված հանրաքվեն պատուհաս կդառնա հայաստանաբնակների համար, ինչպես պնդում է Սադոյանը ու հավաստիացնում. «Հասկանալով հարցի կարեւորություննՙ իսկապես ընդդիմադիրները երեւի պիտի միանան»: Սրանով բանախոսը մեղմեց միասնականության խնդիրը, բայց ընդգծեց, որ դժվարություններ կան ֆինանսական հնարավորությունների առումով: Անկախ դրանից, «ԱԺԴ-ն դիմում է բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, անհատներին եւ կոչ անում օր առաջ համախմբվել եւ համատեղ ջանքերով «ոչ» ասել այս ազգադավ սահմանադրության բարեփոխումներին», ինչպես ասված է կուսակցության ծավալուն հայտարարությունում: Այն հրապարակվել է երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում, որի ժամանակ Արշակ Սադոյանը տարբեր տեսանկյուններից ճիշտ համարեց ե՛ւ ընդդիմության դիրքորոշումը, թե «մեկ է, ինչ ուզեն, այն էլ անելու են անկախ իրենց մասնակցել չմասնակցելուց», ե՛ւ իր մասնակցությունը «հիմա իրավունք ունենք ասելուՙ լավ նախգծեր կային, անցավ վատը»:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4