ՀՀ սահմանադրության փոփոխությունների նկատմամբ հասարակության հետաքրքրության աստիճանը պարզելու նպատակով Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը (նախագահՙ Լեւոն Բարսեղյան) մարտի 10-30-ը անցկացրել է զանգվածային եւ անստորագիր հարցում Գյումրու բնակարաններում, որին ընդհանուր թվով մասնակցել է 1000 հոգի: Հետազոտությունը կատարվել է Հայաստանում Մ. Նահանգների դեսպանատան հանրային կապերի բաժնի, ԱՄՆ ժողովրդավարության հանձնաժողովի դրամաշնորհային օժանդակությամբ: Հարցվածների միջին տարիքը 40 է, ընտանիքի անդամների միջին թիվըՙ 4,46, սեռըՙ 40,6 արական, 59,4ՙ իգական:
«Կարդացե՞լ եք ՀՀ սահմանադրությունը» հարցին հարցվածների 60,2 տոկոսը պատասխանել էՙ ոչ, 25 տոկոսըՙ մասամբ, 14,8 տոկոսըՙ այո: «Մասնակցե՞լ եք 2003 թվականի մայիսին անցկացրած ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին» հարցին 60,4 տոկոսը տվել է դրական, իսկ 39,6 տոկոսըՙ բացասական պատասխան: Հարցվածների 60,7 տոկոսը տեղյակ չէ, թե սահմանադրական փոփոխությունների քանի նախագիծ է այժմ շրջանառվում, 23, 2 տոկոսը կարծում է, որ դրանց թիվը շատ է, 6,7 տոկոսը գիտի, որ գոյություն ունի 3 նախագիծ, 4,9 տոկոսըՙ 2, իսկ 4,5 տոկոսըՙ 1: «Ովքե՞ր են ձեզ հայտնի նախագծերի հեղինակները, կամ ո՞ւմ անունից են դրանք ներկայացված» հարցին 74, 9 տոկոսը պատասխանել էՙ չգիտեմ, իսկ 25, 1 տոկոսը նշել է հետեւյալ մարդկանց անուններըՙ Արշակ Սադոյան ( 114 հոգի), Վիկտոր Դալլաքյան (56), Սուքիաս Ավետիսյան (43), Սերգո Երիցյան (21) եւ այլն:
Սահմանադրական փոփոխությունները հարցվածների 55,2 տոկոսին չի հետաքրքրում, դրանք հետաքրքրում են 44,8 տոկոսին միայն: «Սահմանադրական փոփոխությունների որեւէ նախագծի ծանո՞թ եք, կարդացե՞լ եք մասամբ կամ ամբողջությամբ» հարցին 64,2 տոկոսը պատասխանել է ոչ, 35,8 տոկոսըՙ այո:
«Երկրի նախագահը պե՞տք է ունենա Ազգային ժողովը ցրելու իրավունք» հարցին 50,2 տոկոսը տվել է դրական, 49,8 տոկոսըՙ բացասական պատասխան: «Հանուն Հայաստանի ապագայի որոշ դեպքերում կարելի՞ է խախտել սահմանադրությունը» հարցին 71 տոկոսը պատասխանել էՙ այո, 29 տոկոսըՙ ոչ: Սահմանադրական փոփոխությունների 3 նախագծերը, կամ դրանցից որեւէ մեկը ուսումնասիրելու մտադրություն ունի հարցվածների 59,7 տոկոսը, իսկ 40,3 տոկոսի մտքով բնավ չի անցնում ծանոթանալ դրանց: Եվ վերջապես, «Մտադի՞ր եք մասնակցել 2005 թվականին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեին» հարցին 71 տոկոսը պատասխանել էՙ այո, 28,8 տոկոսըՙ ոչ:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ