«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2005-05-12 | #86, 2005-05-13 | #87, 2005-05-14


ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄՆՈՒՄ Է ԱՆՈՐՈՇ

Իսահակյանի անվան գրադարանի նոր ոդիսականը

«Անհասկացող մարդիկ են այս գրադարան պահել ցանկացողները: Չե՞ք տեսնում` չեն ուզում գեղարվեստական գիրք կարդալ, դուք տեխնիկական գրադարանի մասի՞ն եք խոսում: Շատ դաժան եք վերաբերվում նոր զարգացող կապիտալիստների հետ, կտրում եք իրենց մի կտոր հացից: Կարելի է, չէ՞, «Իսահակյանի անվան գրադարանի տեխնիկական մասնաճյուղի» փոխարեն հայերեն տառերով շենքի վրա «խաշ, խորոված, քյաբաբ» գրել, երեկ գրադարանում կազմակերպված ասուլիսի ժամանակ ստեղծված իրավիճակից վրդովված եւ անկուշտ չինովնիկների վրա զայրացած ասում էր Ազատ Գասպարյանը: Այ անազգներ, այ թշվառներ, անգրագետներ, որ ոչինչ չեք կարդում, գոնե մտածեք գալիք սերնդի մասին, գրադարանները հո միայն այսօրվա համար չեն: Դարեր շարունակ պահեցին, պահպանեցին, հասցրեցին մեզ, կարդացինք, մարդ դարձանք, հիմա ուզում եք, որ 21-րդ դարում մարդ է՞լ չմնա: Այն քույրերի, մայրերի մասին մտածեք, որ այս գրքերը մեզ հասցրեցին: Մեկդ, որ ձեզ տղամարդ եք համարում, այդ քույրերի չա՞փ էլ չկաք»:

Խնդիրն Իսահակյանի անվան գրադարանի եւ նախկին պատգամավոր, իրավաբան Եղիա Շամշյանի միջեւ է: Ըստ Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի, դեռեւս 1992 թ.-ից Եղիա Շամշյանը գրադարանի տարածքում սեփականություն ունենալու երազանք է փայփայում: Այս նպատակին հասնելու համար, Հ. Կարապետյանի պնդմամբ, Շամշյանը նույնիսկ կեղծարարությունների է դիմել: Դեռեւս 1999 թ., երբ գրադարանը ՀՀ կառավարությանն էր պատկանում, Կենտրոն թաղապետարանը տարածքը Շամշյանին պատկանող «Սմելա» ընկերությանը վարձավճարով հանձնելու պայմանագիր է կնքում: Հարցը լուծվում է դատական կարգով, գրադարանը մնում է իր տեղում:

2004 թ. ապրիլին կառավարության որոշմամբ ոչ բնակելի տարածքների շարքում Կենտրոն թաղապետարանին է հանձնվում գրադարանի այս մասնաճյուղը: Մինչ օրս գրադարանի ղեկավարությունը չորս անգամ դիմում է ներկայացրել թաղապետարանինՙ տարածքն անժամկետ եւ անհատույց վարձակալելու համար: «Թաղապետարանի տարբեր աշխատակիցներ անընդհատ հավաստիացնում էին, թե պայմանագիրն անպայման կկնքվի, պարզապես թաղապետարանը դեռեւս սեփականության վկայականները ձեռք չի բերել», ասաց Հ. Կարապետյանը:

Այնինչ մայիսի 5-ին «Սմելա» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը Հասմիկ Կարապետյանին տեղեկացնում է, որ մարտի 23-ին Կենտրոն թաղապետարանը որոշում է կայացրել տարածքը ընկերությանը տրամադրելու մասին եւ մի քանի օր անց ընկերության հետ վարձավճարի պայմանագիր կնքել: Հաջորդ օրը գրադարանի տնօրենը հանդիպում է թաղապետ Գագիկ Բեգլարյանինՙ ներկայացնելով իրավիճակը: Բեգլարյանը զարմանում է, որ խոսքը գրադարանի տարածքի մասին է, քանի որ Շամշյանն իրեն թյուրիմացության մեջ էր գցելՙ ասելով, թե դա չօգտագործվող տարածք է: Նշենք, որ գրադարանի այս մասնաճյուղը գործում է արդեն 50 տարի, ունի մոտ 1500 ընթերցող, 50 հազար կտոր գրականություն: Որ գրադարանը բավականին լավ է գործում, փաստում էին ասուլիսի ողջ ընթացքում շենքի մոտ հավաքված բազմաթիվ ընթերցողներ:

Չնայած Գագիկ Բեգլարյանը գրադարանի ղեկավարությանը հավաստիացրել էր, որ ընդամենը մի քանի օրում կվերանայեն հարցը եւ չեղյալ կհամարեն «Սմելայի» հետ կնքած պայմանագիրը, մայիսի 12-ին գրադարան են ներկայանում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից եւ տեղեկացնում, որ ՀՀ տնտեսական դատարանի որոշմամբ Իսահակյանի անվան գրադարանի տեխնիկական գրականության բաժինը «Սմելային» վարձակալությամբ հանձնված տարածքից պետք է վտարվի: Երեկ գրադարանի տարածք եկան ծառայության աշխատակիցները եւ սկսեցին գույքագրման աշխատանքները: Ըստ ծառայության վտարման բաժանմունքի պետ Տիգրան Թադեւոսյանի, իրենք գրականությունն ի պահ են ընդունելու եւ իրենց մոտ են պահելու մինչեւ տերերի հետ պահանջելը:

Հասմիկ Կարապետյանը հարկադիր կատարողներին տեղեկացրեց, որ վտարման մասին տեղյակ լինելուն պես դիմել է ՀՀ տնտեսական դատարանՙ գրականության տեղափոխման համար համապատասխան միջոցների, գրականությունը փաթեթավորելու, պահպանման ջերմաստիճանի պայմաններ ապահովելու համար վտարման գործընթացը մեկ ամսով հետաձգելու խնդրանքով: Պրն Թադեւոսյանն ասաց, որ իրենք իրավասու չեն գործընթացը դադարեցնել կամ հետաձգել, կանեն այն, ինչ կորոշի տնտեսական դատարանը:

Երեկ երեկոյան «Ազգի» հետ զրույցում Հասմիկ Կարապետյանը տեղեկացրեց, որ ինքը հարկադիր կատարողներին ասել է, որ եթե շարունակեն իրենց գործողությունները, ինքը ոստիկանությանը կտեղեկացնի, որ պետական գույքի հանդեպ ոտնձգություններ են իրականացվում: Հարկադիր կատարողները, լսելով տկն Կարապետյանին, նրա խնդրանքըՙ երկու -երեք շաբաթ հետաձգել վտարման գործողություններըՙ համապատասխան ձեւով կազմակերպելու համար, որոշում են դադարեցնել եւ սպասել տնտեսական դատարանի վճռին:

«Ես զրուցեցի փոխքաղաքապետ Արման Սահակյանի հետ, խնդրեցի նրա միջնորդությունը, որպեսզի քաղաքապետ Երվանդ Զախարյանը Գագիկ Բեգլարյանին հորդորի չեղյալ համարել «Սմելայի» հետ կնքած պայմանագիրը: Փոխքաղաքապետը խոստացավ պրն Զախարյանին ներկայացնել իրավիճակը, ասաց տկն Կարապետյանը: Ապա գնացի տնտեսական դատարան, որտեղ դատավորն ասաց, որ երկուշաբթի կլինի դատական նոր նիստ կայացնելու որոշումը, ապա դատարանում կլսեն երկու կողմերին էլ: Սակայն, եթե դիմող կողմըՙ «Սմելան» չհամաձայնի, դատարանը չի կարող պարտադրել, որ գույքի վտարումն իրականացվի գրականության պահպանության համար ընդունված նորմերով»:

Մինչեւ 1997 թ. Երեւանում կար Իսահակյանի անվան գրադարանի 40 մասնաճյուղ: 1997 թ. կառավարության որոշմամբ դրանցից 33-ը հանձնվեց համայնքների տնօրինությանը: Ըստ տկն Կարապետյանի, այդ գրադարաններից 13-ը փաստացի չի գործում: Իսկ մնացած 20-ից ընդամենը 10-ն է նորմալ գործում: Չգործող գրադարաններն այսօր սեփական տների, խանութների են վերածվել, իսկ գրականությունը հայտնի չէ, թե որտեղ է: «Երբ դիմում էի համայնքների ղեկավարներինՙ այդ գրականությունն Իսահակյանի անվան գրադարանին փոխանցելու խնդրանքով, ինձ ասում էին, որ այն համայնքի սեփականությունն է», ասաց Հասմիկ Կարապետյանը:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Երեկ երեկոյան արդարադատության նախարարության մամուլի գրասենյակից ստացված հաղորդագրության համաձայն, Տիգրան Մեծի 30 հասցեում (Իսահակյանի անվան գրադարանի մասնաճյուղ) իրականացվող կատարողական գործողությունները հետաձգվել են 10 օրով: Նման որոշում ընդունվել է հաշվի առնելով, որ գրադարանում առկա շուրջ 50 հազար գրադարանային նմուշների հաշվառման, տեղափոխման եւ պահեստավորման համար մասնագիտական մոտեցում եւ հատուկ պայմաններ են անհրաժեշտ: Հատկացված ժամկետը գրադարանի տնօրենությանը հնարավորություն կտա լուծելու այդ խնդիրը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4