«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2005-05-12 | #86, 2005-05-13 | #87, 2005-05-14


ՄԵԾՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐՈՒԽԱՆ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ի ծնե ծաղրանկարիչ Սարուխանի ստեղծագործությանը հատկանշական է հզոր դինամիզմը: Դեմքերի արտահայտությունը եւ ֆիգուրների շարժումը, թեեւ ծայրահեղացված, այնուամենայնիվ, վերարտադրված են զարմանալի բնականությամբ: Սարուխանն օժտված է արատները, շողոքորթությունը, մարդկային կեղծ ժպիտները անողոքաբար վեր հանելու եւ դրանք դաժան ծաղրի ենթարկելու արտասովոր ունակությամբ: Մյուս կողմիցՙ նույնիսկ ամենասովորական դեպքերն ու գործողությունները նրա մատիտի տակ դառնում են վերին աստիճանի զվարճալի:

Իբրեւ դիմանկարիչՙ նա գիտի մի քանի էական գծերով որսալ իր բնորդների նմանությունն ու ներքին բնավորությունըՙ ներկայացնելով դրանք կա՛մ դիմանկար-շարժերում, կա՛մ ծաղրանկարներում:

Իր կոմպոզիցիաներում Սարուխանը սովորաբար չի թողնում դատարկ մասեր. նրա էջերի ամբողջ մակերեսն օգտագործված է շահեկանորեն, կիրառված է հատկանշական ամեն լրացնող տարր: Ավելորդ մանրամասներից խուսափող նրա գիծը հաստատուն է, ջղուտ, երանգավորված:

Լինելով բեղուն երեւակայության տերՙ Սարուխանը գիտի անվերջ փոփոխակել իր կոմպոզիցիաները, ինչը նրա ստեղծագործությունները դարձնում է հետաքրքիր եւ ուշագրավ: Ահա ինչու եգիպտացի հանրությունը ամենեւին չի հոգնում նրա ծաղրանկարները ավելի քան երեսուն տարի ամեն օր տեսնելուց. ընթերցողը դրանք փնտրում է եւ վայելում հաճույքով: Սարուխանի այս զարմանահրաշ ակտիվությամբ, ստեղծագործության հատկանշականությամբ եւ մեծ տաղանդով են բացատրվում նրա լայն ժողովրդականությունը, նրա անունը հայտնի է ոչ միայն ողջ Եգիպտոսում, այլեւ Մերձավոր Արեւելքի մյուս արաբական երկրներում:

Եվ վերջապես, նա դպրոցի պարագլուխ է. շատ են նրան ընդօրինակող կամ նրա ազդեցությունից չխուսափող երիտասարդ ծաղրանկարիչները»:

Սույն հատվածը, որ կարդացիք, նկարիչ Օննիկ Ավետիսյանի 1959 թվականին Կահիրեում հրատարակած կոթողային գրքից Սարուխանը ներկայացնող հոդվածի մի մասն է, որը իմ խնդրանքին ընդառաջելով ֆրանսագետ Արուս Բոյաջյանը թարգմանեց հայերենի, որուն համար իրեն շնորհակալ եմ եւ երախտապարտ:

Երբ տակավին Մելգոնյան գիշերօթիկ դպրոցի սան էի, 1938 թվականին, մեր դպրոցում, հուրախություն բոլորիս, հայտնվեց մեծագույն գրող, մտավորական Երվանդ Օտյանի ամենանշանավոր «Ընկեր Փանջունի» գիրքըՙ հրատարակված եւ նկարազարդված նույնպես մեծագույն հայ արվեստագետ, երգիծանկարիչ, անզուգական մտավորական Ալեքսանդր Սարուխանի կողմե: 150 նկարազարդումներ: Մեր դպրոցում, ուր պաշտամունք կար հայերեն գրքի հանդեպ, ուր բոլորը սիրում էին կարդալ հայ գրականություն, Սարուխանի «Ընկեր Փանջունին» ցնցող հայտնություն էր: Դպրոցի գրադարանին մեջ պահվում էին հայ գրականության «արեւելահայ» թե «արեւմտահայ» նշանավոր բոլոր հեղինակների գործերը: Նույնիսկ կային «սովետական» գրողների գրքերըՙ Մահարու, Չարենցի, Բակունցի, որոնք ինչպե՞ս էին հայտնվել Կիպրոս կղզում, չեմ գիտեր: Կարդում եւ պաշտում էի «Սեւ ցելերի սերմնացանը», «Մանկությունը», հրաշալի ձեւավորված եւ նկարազարդված անզուգական Հակոբ Կոջոյանի եւ Մարտիրոս Սարյանի գրիչով: Նրանց հերոսներն ինծի համար ավելի իրական եւ բաբախուն էակներ էին, քան իմ շուրջի մարդիկ: Չէի իմանում, թե այդ Սուրբերը կա՛մ արդեն սպանվել էին հրեշ Ստալինի հրամանով, կամ էլ Սիբիր էին քշվել, որպեսզի այնտեղ ամայության մեջ հող դառնան:

Բոլորս, մեծ թե փոքր, ուզում էինք Սարուխանի «Ընկեր Փանջունին» տեսնել ու շոշափել: Գիրքը սկիզբը մնում էր բարձր դասարանցիներու մոտ, բայց ամբողջ աշակերտությունը ուրախացավ այդ գրքին հայտնվելովը մեր դպրոցի գրադարանում: Այդ գրքի շնորհիվ ես առաջին անգամ իմացա Ալեքսանդր Սարուխանի մասին: Թեեւ այդ ժամանակ դպրոցում նկարչության ուսուցիչ էր նշանավոր նկարիչ Օննիկ Ավետիսյանըՙ Սարուխանին աներձագը:

Ամենայն դեպս կուզեի խոսիլ «Ընկեր Փանջունի»-ին մասին, քանի որ առիթը ներկայացել է: Այդ գրքին Մելգոնյանում հայտնվելեն վերջ մեքենագրված եւ բազմացված «Ծապլվարը» մտավ հայ գրականության դասավանդման ծրագրի մեջ, ինչպես նաեւ ուրիշ հայ գրողներ, որովհետեւ հայոց գրականության համար դասագիրք չկար: Մեքենագրված եւ բազմացրածՙ աշակերտներուն իբրեւ դասագիրք բաժանվում էին: Բայց հայ գրականության հետ մեր ծանոթացումը հիմնականում ոչ թե դասարանում էր լինում, այլ գրադարանից վերցված գրքերից: Գրադարանն էր մեր իրական դասատուն:

«Արդ», ինչպես իր ամեն մեկ խոսքը սկսում էր մեր դպրոցի տնօրենըՙ դոկտ. Հակոբ Թոփճյանը, 7-րդ դասարանում, երբ աշակերտներուն տարիքը 15-17-ի մեջ էր, մենք չէինք գիտեր հայոց ժամանակակից պատմությունը, չէինք անցել տակավին: Ժամանակակից աշխարհի պատմության ալ տեղյակ չէինք: Դեռ չէինք գիտեր «սոցիալիզմ» ի՞նչ է, «իմպերիալիզմը» ի՞նչ է, «հեղափոխություն», «դասակարգային պայքար», «եղեռն», «հոկտեմբերյան հեղափոխություն», «Սովետական Հայաստան», «Առաջին հանրապետություն», «երիտթուրքեր»: Կարդում էինք «Փանջունին», գոնե, ես ասում եմ իմ տպավորությունս: Զվարճալի լեզվով, հատուկ այդ «հերոսին» համար սարքված արեւելահայերեն-արեւմտահայերեն իրար խառնված լեզու, Փանջունիի զեկուցագիր նամակները կարդում էինք, որոնք ավարտվում էին «մի քիչ փող ուղարկեցեք»-ով: Մեր գրականության ուսուցիչըՙ պարոն Սարգիս Ապտալյանը (Վահե-Վահյան), որ իբրեւ «բանաստեղծ» էր ներկայանում, կարծեմ բանաստեղծություններու մի գիրք էլ էր հրատարակել արդեն դպրոցում, իմ գնահատանքով եւ կարծեմ նաեւ դասընկերներուս, միջակ «բանաստեղծ» էր: Չէ՞ որ մենք Թեքեյանը անգիր գիտեինք, Մեծարենց, Զարիֆյան, Տերյան, Թումանյան, Դանիել Վարուժան, ո՞ր մեկը ասեմ: Այնպես որ կրնայինք Վահե Վահյանը իր տեղը դնել: Բայց եթե ինքը նաեւ չըլլար ինքնասիրահարվածՙ «լրջության» կեղծ դիմակը դեմքին, խոսքով եւ վարվելակերպովՙ գլխի մազի ծայրեն մինչեւ եղունգին ծայրը ձեւական մարդ, կարող էինք ավելի լավ հիշել զինք: Ինչի՞ս ուսուցիչն էր, եթե մեզՙ պատանիներուս տալիս էր «Ընկ. Փանջունին» եւ չէր բարեհաճում ստուգել, թե ո՞նց ենք ընկալել մեր ազգային գրականության ամենալուրջ եւ օգտակար գիրքը: Այդ պարոնը, որ հավակնում էր ըլլալ հայ ուսուցիչ եւ «բանաստեղծ», ըստ իս կրնար հայ գրականության ճաշարանին մեջ մատուցող աշխատիլ, երբ այդ ճաշարանում սեղան նստած լինեին Վ. Թեքեյանը եւ Ե. Չարենցը: Լավ, մեկ կողմ թողնեմ Վահե-Վահյանը, որուն մասին ուրիշ բաներ ալ կարող եմ ասել: Հիմակուհիմա թող մնա:

Տարիներ ապրելով եւ տարիքս առնելով, ապրելով սփյուռքում իբրեւ վտարանդի, ապրելով սովետական ճամբարում, հիմա էլ ապրելով նորանկախ Հայաստանի Հանրապետությունում, ես սկսեցի հասկնալ ի՞նչ է այդ «Ընկեր Փանջունի» գիրքը: Այդ գիրքը մեկ ու կես հարյուրամյակի հայության պատմության հետ կապված ամենաարժեքավոր գիրքն է: Առանց «Ընկեր Փանջունի»-ին անկարելի կըլլա ճիշտ գրել 150 տարվա հայ ժողովրդի պատմությունը: Իբրեւ «գեղարվեստական» արժեք ինչպե՞ս են գնահատում հայ գրականագետները, զբաղվո՞ւմ են Երվանդ Օտյանի «Փանջունիով», չեմ գիտեր: «Ընկեր Փանջունին» Երվանդ Օտյանին ստեղծած կամ կերտածը չէ:

«Ընկեր Փանջունին» հայ ժողովուրդի ծնած ամենա-չեմ-գիտեր-ինչ զավակն է. հայ ժողովուրդը նրան աշխարհ բերավ հազար տարի գերություն ապրելե հետո, թե՞ նա հազար տարի առաջ էլ գոյություն ունեցող «փանջունիներու» տոհմին շառավիղն է:

Ամենայն դեպս Երվանդ Օտյանին կպարտինք Փանջունիին հանդեպ մեր ուշադրությունը: Եթե մեր նախարարական տոհմերը երկրագնդից իսպառ վերացան, «Փանջունի» նախարարական տոհմը ի հեճուկս հայոց թշնամիներուն գոյատեւում է: Եվ հավատում ենք, որ միշտ էլ գոյատեւելու է: Եթե գոյատեւել է 1915 թվի եղեռնեն վերջ, եթե 1920 թվի փետրվարյան ապստամբութենեն վերջ, ստալինյան 1937 թիվեն վերջ, Երրորդ հանրապետությունից երկու միլիոն հայերու փախուստեն վերջ, կարծեմ կրնանք հաստատ ըսել, թե որքան ատեն որ հայ գոյություն ունի երկագունդի վրա, փանջունիներու ցեղը հավերժ գոյություն պիտի ունենա: Եթե ինծի թույլ տաք կազմելու աշխարհաբարով գրող հայ գրողներու ցուցակը, ես առաջին տեղում կարձանագրեմ Օտյանին անունը, մնացածները վեր-վար կշարեմ: Վերջերս գրած հոդվածներուս մեջ անցած դարը ես կոչում էի «եղեռնի դար», բայց հիմա կոչելու եմ նաեւ «ընկ. Փանջունի»-ի դար:

Հետագային, Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերուն վտանգավոր ճամփորդութենեն մը վերջ ուսումս կիսատ թողած 7 տարի ընտանիքես բաժանվելուց հետո վերադարձա ընտանիքիս մոտ Ալեքսանդրիա: 1943-ին, երբ իմացա, որ շատ սիրելի ուսուցիչս ալ վերադարձել է Եգիպտոսՙ Կահիրեի իր բնակարանը, ամեն ինչ արեցի, որ իր մոտ ըլլամ. եւ ես ալ նորից բաժանվեցի ընտանիքես եւ Կահիրե վազեցի, ուր ապրում էր ամուսնացած քույրս: Ուզում էի մանավանդ սովորել Գեղարվեստից ակադեմիայում: Ամեն շաբաթ այցելում էի ուսուցչիս, որ բնակվում էր նույն տանըՙ իր փեսայիՙ Ալեքսանդր Սարուխանի հետ: Այնպես որ, Սարուխանին տեսնում էի հաճախ: Սարուխանը այդ ժամանակ համաշխարհային համբավի տիրացած արվեստագետ էր եւ մեծ սեր ու հարգանք էր վայելում Եգիպտոսում եւ ամբողջ արաբական աշխարհում իբրեւ ժուռնալիստ: Նա հանդես էր գալիս նաեւ ֆրանսերեն եւ անգլերեն մամուլում: Ամեն օր իր երգիծանկարները երեւում էին մամուլում, եւ ամեն օր առաջին բանը, որ ընթերցողը փնտրում էր օրաթերթում, Սարուխանի նոր ծաղրանկարն էր, որ ներկայացնում էր պատերազմի վիճակը: Ոովհետեւ այդ տարիներուն ֆաշիստներու բանակները ներխուժել էին Եգիպտոսի սահմաններեն ներս եւ սպառնում էին ոչնչացնել անգլիական գաղութարարներու կողմե ղեկավարվող դաշնակիցներու բանակները եւ շարունակելովՙ անցնել Մերձավոր Արեւելք եւ հասնել Կովկաս:

Աստուծո օրը մամուլի մեջ երեւում էին Սարուխանի սպանիչ ծաղրանկարներըՙ ուղղված աշխարհում «դեմոկրատիայի եւ ազատության սպառնացողներու» դեմ: Պատերազմի տարիներուն 1000-ից ավելի ծաղրանկարներ են տպվել օրաթերթերում: Անշուշտ, Սարուխանը նույն մարտիկն էրՙ իր զենքով, որ իր սուր գրիչն էր, եւ իր կյանքը վտանգելովՙ բռնատիրության դեմ կենաց-մահու պայքար էր մղում քաջաբար:

Պարզ էր, որ Սարուխանի հերոսները, որոնց միջոցով արվեստագետը ընթերցողին ներկայացնում էր պատերազմում տիրող օրվա վիճակը, դաշնակից եւ ֆաշիստական պետությունների ղեկավարներն էին. Չերչիլը, Ստալինըՙ գերագույն հրամանատարը սովետական բանակի, որուն նաեւ մաս էին կազմում մեր փոքր ժողովրդի հարյուր հազարավոր զավակները, որոնցից շուրջ 350.000-ը զոհվեցին: Մի պատերազմ, ուր հայ ժողովուրդը դեր պետք չէր որ ունենար: Բայց այսպես է 20-րդ դարու պատմությունը:

Ուրեմնՙ Սարուխանի ծաղրանկարներուն գլխավոր հերոսները, նայած աշխարհում այդ օրը տիրող վիճակին, գործող անձինք էինՙ Ստալինը, Չերչիլը, Հիտլերը եւ Մուսոլինին: Իսկ Սարուխանը ծաղրանկարիչ է: Պատերազմից հետո, երբ «խաղաղությունը» տիրեց երկրագունդի վրա եւ ջախջախված էր ֆաշիզմը, միլիոնավոր անմեղ մարդիկ սպանվել էին մարտի դաշտում, քաղաքակիրթ կոչված պետություններու ղեկավարներուն (ոճրագործ) շահերուն եւ քմահաճույքներուն համար: Ամենայն դեպս չէին մոռացվել մարդկային զոհողությունները եւ նվիրվածությունը, եւ ուշ կամ կանուխ հիշվում էին եւ ըստ արժանվույն գնահատվում: Այդպես ալ Սարուխանը պատերազմի ավարտից հետո Եվրոպայում դաշնակից բանակներու գլխավոր հրամանատար եւ հետագային Միացյալ Նահանգներու պրեզիդենտ Այզենհաուերի կողմից տրված պատվո շքանշանի արժանացավ պատերազմի առաջին օրից մինչեւ վերջին օրը հաղթանակի գործին իր անձնազոհ նվիրումին համար:

«Մեր սուրը հաղթական դրեցինք պատյան»,- ասում է մեր մեծ բանաստեղծը, բայց Սովետական Միությունը չէր կարող իր սուրը պատյան դնել: Նա երեւի գիշերն ալ անկողինին մեջ սուրը ձեռքին էր քնում: Նա առանց մարդ սպանելու, առանց թշնամի ինչպե՞ս կարող էր ապրել. եթե արտաքին թշնամի չկար, ինչպես կարող էր ներքին թշնամի ալ չըլլալ: Ինքըՙ բոլշեւիկյան ռեժիմը առանց թշնամիի կյանք չուներ: Պետք էր որ թշնամիներ փնտրեր եւ հայտնաբերեր, մինչեւ որ պարզվեց, որ Սովետական Միության, սովետական ժողովուրդներու ամենաիրական թշնամին ինքը սովետական պետությունն է:

Այս հոդվածը մեր մեծ մտավորական Սարուխանի մասին է: Եթե «դաշնակից պետություններու» մեկ մասը Սարուխանին շնորհակալություն հայտնեց պատերազմում իր մատուցած ծառայության համար, սովետական ռեժիմը Սարուխանին արձանագրեց իր անբաղձալիներու գրքին մեջ: Ահավասիկ թե ինչու:

Բայց մի բան հիշեցի, ներողամիտ եղիր, հարգելի ընթերցող, հետո կշարունակեմ: Պատերազմի ժամանակ սփյուռքահայերը լարված ուշադրությամբ հետեւում էին ռազմադաշտի վրա հոսող արյունին, որուն խառնվում էր իր ժողովրդին մաքուր արյունը եւս: Հերիք չէր, որ օտար երկիրներու մեջ հյուրընկալվող հայերը իբրեւ պարկեշտ եւ հավատարիմ քաղաքացիներ կռվում էին դաշնակից բանակներում եւ իրենց կյանքը զոհում (չեմ գիտեր զոհերուն թիվը): Աշխարհով մեկ սփռված 1915 թվի զոհ հայերը հանգանակություններ էին կազմակերպում եւ օգնում էին Կարմիր բանակին: Հիմա մարդիկ երեւի, մանավանդ նոր սերունդը, չեն իմանում, որ սփյուռքահայերի նվիրատվություններով ստեղծվեց «Սասունցի Դավիթ» տանկային զորասյունը: Իսկ սովետական իշխանությունները պատերազմեն վերջ կազմակերպված ներգաղթի կարավաններով հայրենադարձներին Հայաստան բերին եւ Սիբիր աքսորեցին: Ահա ձեզի հրաշալի օրինակ բոլշեւիկյան ժողովուրդներու բարեկամության: Ինչպե՞ս այդ հրեշավոր եւ մարդասպան ռեժիմը «ամենամարդասիրական» «լոզունգներն» էր ձեւակերպում: Երեւի կար մասնագետ լեզվաբաններու հատուկ խումբ, որ մարդասպանը խոսի սիրո եւ մարդասիրության մասին: Ճիշտ է, ոճրագործը ինչո՞ւ չի սիրի իր զոհին, հապա առանց զոհի ինքը ինչի՞ համար է:

Այս ամբողջը, տեսեք, Սարուխանին մասին խոսակցությունը, մեզ ուր հասցուց: Ինչո՞ւ Սարուխանը հայտնվեց սովետական ռեժիմին «անվստահելիներու ցանկում»: Տեսեքՙ ինչ հիմար վիճակ: Ով որ Սովետական Միությունում ապրել է, գիտի, որ սովետական մտածողությունը եւ գործունեությունը բացատրող մի բառ կաՙ անտրամաբանություն: Հիշեցեք բոլշեւիկյան պետության պատմությունը, պարզապես ձեր ապրած կյանքի ժամանակը հիշեք: Այս տեսակետս հաստատող միլիոնավոր օրինակներ կան:

Սարուխանը նկարում էր «ծաղրանկարչական ժանրով», իր արվեստի ձեւը երգիծանկարչությունն էր: «Ծաղրանկարիչը», դա է ընդունված բառը, օժտված է տեսնելու բնորդին դիմագիծերու կամ մարմնին այնպիսի մասերը, որոնք բնորդին տարբերում են ուրիշներիցՙ որքան ալ որ աննշան թվան այդ ձեւերը. մեկուն քիթը մի քիչ ավելի երկար է, մյուսին աչքերըՙ փոքր, մեկը հատկանշվում է իր չաղությամբ, մյուսըՙ իր երկար «բոյով». հազար բան կարող ես նշել: Ահավասիկ ծաղրանկարիչները տարբերվում են մյուս նկարիչներից իրենց այդ կարողությամբՙ ավելի սրությամբ զգալու եւ տեսնելու բնորդին յուրահատուկ կողմերը եւ նույնիսկ կապեր են գտնում կերպարին ֆիզիկական վիճակին եւ նկարագրին, նույնիսկ բարոյական վիճակին, բնավորության գիծերուն հետ: Ընդհանրապես, երբ ծաղրանկարիչը շեշտված ձեւով է ցույց տալիս իր «մոդելին» կերպարը, հաճախ ստացվում է զվարճալի մի կերպար: Չեմ սխալվիր, եթե ըսեմ, որ մարդիկ հաճույքով են դիտում երգիծանկարիչին ստեղծածը: Ո՞վ չի սիրում հումոր. ըլլա իբրեւ նկար, ըլլա իբրեւ պատում: Բթամիտը երեւի: Եվ ահավասիկ, սովետական «իդիոտները» Սարուխանին երգիծանկարներուն մեջ գտել էին անարգանք եւ ոչ հարգալից կեցվածք իրենց պաշտելի ղեկավարին,մեղա՜ Աստված, սրբություն սրբոցին, ժողովուրդներու հայր, ժողովուրդներու մայրերու ամուսինին հանդեպ:

1953-ին Ստալինը սատկեցավ: Ես այն ժամանակ սովորում էի Փարիզում: Ես, որ համակրանք ունեի կոմունիստներու եւ Սովետ Միության հանդեպ, որուն մաս էր կազմում Հայաստան երկիրը, որուն ձգտում էի ամբողջ հոգով: Թեեւ հիմա գիտեմՙ այն ժամանակ բան չէի իմանում իրական Սովետական Միության մասին, եւ ինչպե՞ս կարող էի իմանալ, եթե այդտեղ չէի եղել: Նաեւ չմոռնանք, որ մարդ չի սիրեր վատ բան լսել իր սիրածին մասին: Ամբողջ հոգիովս ուզում էի Սովետական Հայաստանում բնակվիլ: Ուրեմն գացի մասնակցելու այն սգո հավաքին, զոր կազմակերպել էր ֆրանսիական կոմկուսը իր անդամներուն եւ համակիրներուն համար «վելոդրոմին» մեջ, որ լեփ-լեցուն էր, ասում էին, 30.000 հանդիսականներով: Ընդհանուր մթնոլորտին մեջ զգացվում էր մի տեսակ «հիստերիա». մարդիկ չէին կարողանում զսպել իրենց լացը եւ չէին էլ ուզում երեւի: Ելույթներ, ճառեր, վերջում էլ, հարգանքի իբրեւ տուրք (քծնանք, ինչո՞ւ չէ), ֆրանսիացի արվեստագետներ կատարեցին «մեծ առաջնորդին» սիրելի երգըՙ «Սուլիկոն», անշուշտ վրացերեն: Բնական էՙ ֆրանսիացի կոմունիստները առաջին հերթին իրենց ղեկավարը համարում էին «համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ» Ստալինին: Հետագայում, մտածում էի մանավանդ սովետական քաղաքացի դառնալես հետո, մտածում էի. ախր Ֆրանիսան ո՜ւր եւ այդ քոսոտ վրացին ուր: Բայց երեւի այդ վրացին մի բան էր, որ միլիոնավոր ֆրանսիացիներուն, «Ազատության, հավասարության, եղբայրության» ֆրանսիացիին (կոմունիստ) վերածել էր ոչխարներու հոտի: Անհավատալի է: Բայց մարդ արարածը կարող է էշանալ: Ինչ ասեմ հիմա, այդպիսին էր վիճակը: Բայց ամեն բան չես կարող նախատեսել, եթե նույնիսկ ֆրանսիացի մեծ պոետ Լուի Արագոնն ես: Ուրեմնՙ Լուի Արագոնը սովետներու ծախված, սովետներու փողերով գրական-գեղարվեստական շաբաթաթերթ էր հրատարակում, որը երբ տեսա Լենինական քաղաքում թերթավաճառի մոտ, աչքերիս չէի հավատում, եւ ուրախությամբ կարդում էի մինչեւ 1968 թվականը, երբ Արագոնը վերջապես համարձակվեցավ իր անհանգստությունը արտահայտել սովետներու Պրագա մտնելու առթիվ, եւ այդ պահից սովետական փողերու ծորակը փակվեց եւ Les Lettres Francaises-ը դադարեց լույս տեսնելե: Սաՙ ի միջի այլոց:

Դեպքերից առաջ չանցնեմ, որ հաճախ անում եմ: Ուրեմն 1953 թվականն ենք, Ստալինը սատկել է եւ պոետ Լուի Արագոնը այցելում էր իր կուսակցության անդամ եւ մտերիմ, մեծագույն իսպանացի նկարիչ, վտարանդի Պաբլո Պիկասոյին, որը պատերազմի ժամանակ ընդունվել էր ֆրանսիական կոմկուսի շարքերը իր համակրանքը եւ հավատքը հայտնելու ֆաշիզմի դեմ պայքարողներուն: Եվ հայտարարել էր, որ իր հայրենիքը ֆրանսիական կոմկուսն էր: Ուրեմն Արագոնը խնդրում է, որ Պիկասոն մի գծագրությունով երեւա իր շաբաթաթերթին մեջՙ մասնակցելու համար «Մեծ առաջնորդին» (դուք հասկացեք Ոճրագործին) մահվան առիթով մատուցվող հարգանքին: Պիկասոն այդ տարիներուն կոմկուսին աջակցելու որեւէ խնդրանքին, մանավանդ իբրեւ նկարիչ չի մերժել: Հիշեցեք նշանավոր «Խաղաղության աղավնին», որ տարիներ «էմբլեմա» էր «խաղաղության համար պայքարողներու» հավաքներուն: Որոնց ետեւը անշուշտ կանգնած էր Չեկան:

Ուրեմն Պիկասոն ընդառաջելով իր կուսակցական ընկերոջ փափագին, նկարում է Ստալինի դիմանկարը, որ տպվեց Արագոնի շաբաթաթերթինՙ «Լե լետրը ֆրանսեզի» մեջ: Վա~յ այդ տպվելուն: Ես տեսել եմ Պիկասոյի այդ գծագրությունը, որ պարզապես մի մարդու նկար էրՙ անմեղ արտահայտությամբ, կլոր աչքերով եւ «բեղավոր» մի մարդ: Հիշում եմ, այդ ժամանակ Ստալինին ասում էին «բեղավորը»: Ֆրանսիայի կոմկուսին մեջ պայթեց հիստերիայի մի հրաբուխ աննկարագրելի: Կոմունիստներուն թույնը ժայթքեց: Բոլորը ճչում էին կատաղած: Ես հայ ընկերներ ունեի ֆրանսիական կոմկուսի անդամներՙ ազնվագույն մարդիկ, շատ բարի: «Հերիք եղավ, բոլ եղավ, էդ խուլիգանին (Պիկասոյին) տեղը պետք է դնել, դաս պետք է տալ: Էդ ի՞նչ անարգանք է, էդ ինչ խուլիգանություն է, մի՞թե այդպես է Ստալինը: Էս ի՞նչ վիրավորանք է: Պետք է այդ ընկերը վտարել կուսակցութենեն»: Կարծեք մտածում էին Պիկասոյին լինչի ենթարկել: Ամբոխեն ավելի զզվելի բան չկա: Երբ մի տեղ շատ մարդ է հավաքվել, վախենալու է. ես վախենում եմ: Այստեղ խոսքը ֆրանսիացի ժողովուրդին մասին չէ, այլՙ ֆրանսիացի կոչված էշացածներու մի խումբի մասին է: Պիկասոն բացատրեց եւ ըսավ, որ ինքը Ստալինին համարում է ժողովուրդի պարզ մարդ (երանի այդպիսին ըլլար) եւ այդպես էլ նկարել է: Վերջը, Ստալինն ալ Պիկասոյի համար մարդ էր (խեղճ Պիկասո, ինչ իմանար, որ Ստալինը ճիվաղ մըն էր): Վերջը մի քանի ամիս, երբ կրքերը հանդարտեցան, Մոսկվայից վերադարձած կոմկուսի քարտուղարները (իսկ ով է հիմա հիշում նրանց) մի պատվիրակությամբ այցելեցին Պիկասոյին հարցը անուշի կապելու համար: Այս երկար, անհեթեթ պատմութենեն ի վեր մարդկությունը որքան փոխվեց: Ո՞ւր է ֆրանսիական կոմկուսը, ո՞ւր է Սովետական Միությունը: Մարդ արարածի պատմությունը իսկապես անհասկանալի է: Բայց ամեն բան չի կորչում. ով որ կորչելու էՙ թող կորչի: Պիկասոն մնում է, եւ մեր Սարուխանն էլ է մնում: Սարուխանը ստեղծել է գործեր, որոնք միշտ ապրելու են, ինչ տեսակ ռեժիմ էլ որ գա հայերու գլխին: Կարեւորն այն է, որ նոր Սարուխաններ ծնի մեր ժողովուրդը: Անշուշտ, ես ուզում եմ խոսքս ամփոփել:

Սարուխանի մասին եմ գրում: Սա Սարուխանի կյանքը եւ կենսագրությունը չէ: Կարծեմ այս օրերուն Սարուխանի կյանքի եւ գործունեության մասին կենսագրական աշխատասիրություն լույս տեսավ: Քանի որ խոսքը արվեստի մասին է, Սարուխանը իր արվեստով հասել էր հնարավոր լավագույն արդյունքի, իր եւ իր ընտանիքին ֆիզիկական գոյությունը ապահոված էր: Արժանացել էր հյուրընկալ ժողովուրդի հարգանքին եւ սիրույն. էլ իրեն ի՞նչ էր մնում: Իրեն պե՞տք էր իր ծագումը եւ իր ժողովուրդը: Չեմ գիտերՙ պետք էր թե պետք չէր, բայց Ալեքսանդր Սարուխանը ոչ մի րոպե իր ժողովուրդը չի մոռացել, իր ժողովուրդեն չի հեռացել եւ ապրել է իր ժողովուրդին հոգսերով եւ իր հայրենիքին հիշողությամբ, իր ստեղծագործական գործունեության աղբյուրը իր ժողովուրդն է եւ ստեղծված է, ամեն բանե առաջ, իր ժողովուրդին համար, առանց որեւէ նյութական վարձատրության ակնկալության: Սարուխանը ակնկալել է միայն իր հայրենակիցներուն սերը: Երկրագունդի որ մասում էլ որ կա սփյուռք, հայերը գիտեն Սարուխանի մասին եւ սիրում են նրա գործը:

Միայն Հայաստանի Չեկան էր, որ չէր ուզում Սարուխանին: Օտարության մեջ իր ժողովրդով ապրող, իր ժողովրդի համար մտահոգված մի քանի մեծ արվեստագետներից էր Սարուխանը: Չեմ ուզում ասել միակը:

Դժբախտաբար, մեր ժողովուրդին ստեղծած շատ արժեքներ տակավին չեն արժանանում այն ուշադրության, որուն օգուտը ամենաառաջ պետք է հայուն: Մեզի, բոլորիս:

Միթե ժամանակը չի եկել, երբ ունինք անկախ պետականություն, արժանին հատուցելու մեր ժողովրդի ընտիր զավակին, որ ինչպես գիտենք, դիտավորյալ անտեսված էր սովետական ռեժիմի կողմից: Չէ՞ որ Սարուխանըՙ հայ իսկական արվեստագետը, հայոց հոգեւոր գանձարանը հարստացրել է չարժեզրկվող «արժեթուղթերով». ե՞րբ պիտի անդրադառնանք ազգովին, որ առանց հոգեւորի է, որ կյանքը իմաստազուրկ է: Մտածում էի, որ պարտավոր չէի՞նք իր հիշատակը վառ պահել:

Կարծեմՙ անվանի քանդակագործ Արա Սարգիսյանը ստեղծել է Սարուխանի դիմաքանդակը, 1968 թվին Սարուխանի Հայաստան այցելության ժամանակ: Օրինակ, վարպետի այդ քանդակը փոխանակ մնալու իր արվեստանոցում, կրնար զարդարել մարդաշատ զբոսայգի մը, կամ մի մշակութային հիմնարկում դառնալ մասնակիցը մեր ժողովուրդի կյանքին, որուն այնքան կապված էր հայ մեծ նկարիչը: Կարելի չէ՞ր մի փողոց անվանակոչել Սարուխանի անունով:

Այս մտածումներով էի, երբ հիշեցի 40 տարիներ առաջ անմոռանալի «տրագիկոմիկական» մի խոսակցություն, ավելի շատ նմանՙ մենախոսության:

Կարծում եմ, որ հայ մարդու ապրելու կերպին, մտայնության մեջ աչքի զարնողը զգացմունքայնությունն է, որը հայուն հմայիչ է դարձնում թե իր ազգակիցներուն եւ թե օտարներուն մոտ: Հայուն գովում են իր տաքարյունության համար, իր մարդամոտության համար, իր անմիջականության համար, բայց նաեւ այդ վիճակը օգտագործում են հայուն գլխին խաղեր խաղալու եւ նույնիսկ թաքուն ծիծաղելու հայուն վրա: Հավանաբար բամբասում են, որ հայը անկիրթ է: Մի քիչ շեղվեցի:

Ահավասիկ այդ խոսակցությունը:

Կալենցին հիշում եմ այն պահից, երբ թեւանցուկ, որովհետեւ ճանապարհը, որով գնում էինք, ցեխոտ էր եւ սայթաքուն (աշուն էր), գնում էինք իրենց բնակարանը: Ես նոր էի հասել երազներուս «երկիր դրախտավայրը»: 1962 թվի աշունն էր: Իսկ Կալենցը 15 տարի արդեն ապրում էր հայրենիքում: Ճանապարհը խորդուբորդ էր եւ փոսերով: Եվ հանկարծ Կալենցը կանգնեց եւ անսպասելի եւ սքանչելի մի հարցով դիմեց ինձՙ իր նոր բարեկամին. «Հակոբ, գիտե՞ս այս փողոցին անունը ի՞նչ է»: Գոնե փողոցի նման ըլլար այդ փողոց կոչեցյալը: Անշուշտ ինքն ալ գիտեր, որ չէի կարող իմանալ այդ «փողոցին» անունը: Ես լուռ եւ ուշադիր իրեն էի նայում: «Լավ, որ մարդը ողջ չէ...»: Այսինքն լավ, որ այդ մարդը կենդանի չէ եւ չի կարող քայլել այն «փողոցով», որ իր անունն է կրում մեր մայրաքաղաքում: Այդ հարգարժան անձը, որուն մասին էր խոսքը, ոչ միայն ողջ չէր, այլ 1550 տարիներե ի վեր բնակվում էր ուրիշ տեղումՙ դրախտում: Այդ փողոցին անունն էրՙ Մեսրոպ Մաշտոցի փողոց:

Հասկանում էի, որ Կալենցը ինձ հետ հարց չէր քննարկում: Իրը պարզապես դառնացած հայու մենախոսություն մըն էր, որուն ես ներկա էի: Ես այդ ժամանակ նոր էի ոտք դրել հայրենի հողին, չէի կարող իրականությունը եւ անիրականը իրարից ջոկել: Տեսակ մը գինովության մեջ էի: Իսկ Կալենցը 15 տարիներե ի վեր Սովետական Հայաստանում էր: Այդ պահից 42 տարի վերջ ես այսօր հասկանում եմ Կալենցի ապրումները: Չէ՞ որ այս լուսավոր հայըՙ 1915 թվականի դժոխքից պրծած պատանին, Կյուրինի Հարմանդարյան ազնվական գերդաստանի շառավիղը, խորապես վիրավորված էր: Նա Հայաստան եկել էր հանդիպելու ոչ թե միջազգային «դեբիլներու» առաջնորդին, սիֆիլիսով խաթարված ուղեղով «առաջնորդին», որուն պիղծ անունով կնքված էր մեր սուրբ մայրաքաղաքիՙ Մատենադարանով ավարտվող ամենամեծ պողոտան, կամ Մոնումենտ կոչվող բարձունքեն Երեւանին հսկող չարագուշակ, մարդկային ցեղին վրացական ճյուղեն ծնած ամենազզվելի վիժվածքին, 60.000.000 անմեղ մարդկանց դահիճին: (Էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ «եղբայրական քրիստոնյա» վրացին իր հողին վրա հայոց եկեղեցիներն է պղծում): Այլ եկել էր հանդիպելու հայ ժողովուրդի սրբազնագույնին, որուն սովետական իշխանությունը արժանի էր գտել այդ այլանդակ ցեխաստանը: Ցեխը պետք էր բերանը լեցնել հայ կոչվող մշակույթի այն «ցեխավիկներին», որոնց պաշտոն էր տրվել փողոցներու անուններ որոշել:

Կալենցին սիրտը խորապես վիրավորված էրՙ «Հակոբ, գիտե՞ս այս փողոցին անունը ինչ է...»: Կալենցը մեր ժողովուրդին ծնած ամենապայծառ, ամենամեծ նկարիչներեն մեկն էր: Բայց ավելի բան մըն էր: Շա՜տ ավելին: «Հայու հոգին» էր: Որքան ալ որ մեր ժամանակը կավատներու ժամանակն է, չդատեք Հայաստանը հայ կավատներով: Ես խոսում եմ մի սուրբի մասին: Կալենցի մասին: Այստեղ է, որ մենք իրավունք ունինք ըսելու, որ «հայը դա վսեմ է հնչում»: Լիբանանը, այդ բիբլիական, Միջերկրականի ծովափնյա երկիրը Կալենցին համար իր հայրենիքը չէր, ատոր համար լքել էր Լիբանանը գալու համար Սովետական Հայաստան, որ իր «հայրենիքն» էր: Բայց Սովետական Հայաստանն ալ ինչ հայրենիք կրնար ըլլալ Ազատության համար ծնված մարդուն, որ սովետական կոչված համակենտրոնացման ճամբարի մի մասն էր:

Այստեղ պատմեմ մի դեպք Կալենց կոչվող ՈԳԻԻ մասին եւ վերադառնամ Սարուխանին: Մի օր Կալենցը մի քանի ընկերներով (հայերու հետ) քեֆ է անում, ուտում-խմում, ուրախանում են: Հաջորդ օրը Կալենցին հրավիրում են մինչեւ այսօր ալ տխրահռչակ Նալբանդյան փողոց: Կալենցը ներկայանում է: «Ընկեր» չեկիստը ռեխը բացում է. «Կալենց, չփորձես ուրանալ, երեկ դուն (քեֆի ժամանակ, իր «ընկերներու» շրջապատում) «Մեր հայրենիքն» ես երգել»: Այդ տարիներուն այդ երգը, որ չէր աղավաղված իբրեւ 3-րդ հանրապետության հիմնը, նկատվում էր Սովետական Միության թշնամի Դաշնակցական կուսակցության հիմնը: Ուրեմն Սովետական Միությունում այդ երգը երգողը մահվան հետ խաղ էր անում: Եվ այսպես Կալենցին կանչում են Չեկա, ուր կարող էիր հիշել ժամանումիդ թվականը, բայց շարունակությունը դժվար թե կարողանայիր հիշել: Չեմ կարող պատկերացնել, թե այդ պահուն Կալենցը ի՞նչ էր զգում: Երեւի Կալենցը կայծակնային արագությամբ գիտակցեց, որ Չեկայում այդ չեկիստի դեմ հանդիման իր կյանքի աստեղային, ո՛չ, ասուպային ժամն է ապրում:

Կյանքի ընթացքին մարդ արարածին սպասում է մի դաժան քննություն ՄԱՐԴ կոչվելու «ինքնության քարտ» ստանալու համար: Իր ՀՈԳԻՆ ունի՞ այնքան ուժ, որ իր մարմինը (նյութ, վախ) ենթարկի իրեն: Եթե սովետական ռեժիմը մի նախադասությունով բնորոշեմ, պիտի ըսեմՙ ՀՈԳՈՒ մահացու թշնամի:

Կալենցը շատ բարի, գեղեցիկ աչքերով նայում է հարցաքննողի աչքերին եւ պատասխանում. «Այո,- ասում է,- երեկ ես երգել եմ «Մեր հայրենիքը»: Տասը տարի է ձե՛ր հայրենիքն եմ երգում, երեկ ալ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ երգեցի»: Չեմ գիտեր ի՞նչ պատահեց «ինկվիզիտորի» հետՙ լսելով այդ պատասխանը, հավանաբար սարսափահար իր սենյակից դուրս փախավՙ երկու ականջները ափերով փակած: Կալենցը դուրս է գալիս Չեկայից, փառք աստուծո, ողջ-առողջ: Շարունակության մանրամասնությունները չեմ գիտեր: Այս պատմությունը լսել եմ սիրելի Տիգրան Լեւոնյանի բերնեն, որ Կալենցի սիրելին էր եւ գրի առած է բազմաթիվ «պատմություններ» Կալենցի մասին:

Չեկայում Կալենցը նայել է մահվան աչքերուն եւ թքել այդ աչքերուն մեջ: Կալենցը մարդկության հայ կոչվող տեսակի ամենակատարյալ տեսակն է, որուն արձանը պետք էր դրվեր Հայաստանում: Բայց այդ արձանը ինչ նյութով պիտի քանդակել, որ իրեն արժանի ըլլա, չեմ գիտեր:

Ախր, ե՞րբ հայը պիտի դադարի ուրիշ հայու հարցնելե. «Ինչո՞ւ համար եկար Հայաստան»: Երեւի այն օրը, երբ վերջին հայը իր շո՞ւնչը փչե:

Հ.Գ.- Սարուխանին անունը եւ տեղը հայկական մշակույթի թանգարանին մեջ ամենաազնիվներու կողքին է, որոնք ապրեցան մեր ժողովուրդի ցավերով, պայքարեցան մեր ժողովուրդի անվտանգության համար, պայքարեցան մանավանդ մեր ժողովուրդի բարոյականին անխաթար մնալուն համարՙ համոզված, որ անբարոյականությունը ինքը մահացու հիվանդություն է ժողովուրդի համար:

Սուրբ Հակոբ Պարոնյան, հայ մտավորականության խիզախության հերոս, որ երբ մահացավ, գրպանում սոխ ու հաց էին գտել:

Երվանդ Օտյան, որ ապրեցավ Տեր-Զորի դժոխքը եւ հրաշքով ողջ մնաց եւ մահացավ 1926 թ., երբ 60 տարի էլ չէր ապրել:

Սարուխանը, նրանց գործը նկարազարդելով եւ հրապարակելով, ավելի է մատչելի դարձրել իր հայրենակիցներուն նրանց գրվածքները: Իր տեղը ուղիղ նրանց կողքին է:

Ինչպե՞ս կարելի է մոռանալ Լեռ Կամսարը, որ բանտին մեջ անգամ մի րոպե չի մոռացել, որ ինքը իր ժողովուրդին պաշտպանն է, իսկ երբ Չեկայի դժոխքեն ողջ մնացած վերադարձավ ազատություն կոչված բանտը, մեր «մտավորականությունը» նրա հետ ինչպե՞ս էր վարվում. կարծես Լեռ Կամսարը գոյություն չուներ: Այո, եթե կար մի բան, որ գոյություն չուներ Հայաստանի մեջ, դա էլ Գրողներու միությունն էր իր գրողներով:

Անշուշտ, երբ բժիշկը չկա, հիվանդը մահանում է: Պարոնյան, Օտյան, Լեռ Կամսար, Սարուխան մեր բժիշկներն էին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4