«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2005-05-12 | #86, 2005-05-13 | #87, 2005-05-14


«ՍԱ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔԱՌՅԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

(«Universale»), Մեխիկո

Ռուսաստանի եւ Հայաստանի երաժշտական արվեստի պատմությունը հագեցած է գեղարվեստի փաստերով, որոնք հավասարապես կարեւոր են երկու մշակույթների համար: 20-րդ դարում դրա առավել վառ վկայություններն են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը եւ Կոմիտասի անվան քառյակի գործունեությունը:

2005 թ. փետրվարի 25-ին լրացավ Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի «Սաների քառյակի» առաջին հրապարակային ելույթի 80 տարին: Դրա կազմում էին ուսանողներ Ավետ Գաբրիելյանը, Լեւոն Օհանջանյանը, Միքայել Տերյանը, Սերգեյ Ասլամազյանը, որոնք, կատարելագործվելով պրոֆ. Ե. Մ. Գուզիկովի կվարտետային դասարանում, սկսեցին գեղարվեստական վեհ իդեալներով եւ ստեղծագործական սխրանքներով լի գործունեություն:

Շուտով նվագացանկի եւ կատարողական հնարավորությունների բազմազանությամբ տպավորություն գործած քառյակի սրընթաց պրոֆեսիոնալ աճը 1938 թ. հաղթանակի հանգեցրեց աղեղնավոր քառյակների համամիութենական մրցույթում. արդեն որպես Կոմիտասի անվան քառյակ (1932 թ.), նա առաջին տեղը կիսեց Մեծ թատրոնի լարային քառյակի հետ: 30-40-ական թթ. Մոսկվայում, Լենինգրադում, Սիբիրի, Պովոլժիեի, Հյուսիսային Կովկասի, Ուկրաինայի, Բելոռուսիայի, Անդրկովկասի քաղաքներում քառյակի լայն ճանաչման արդյունքը դարձավ ԽՍՀՄ Պետական (Ստալինյան) մրցանակի շնորհումը (1946թ.): 1953 թ. սկսվեցին արտասահմանյան համերգներ: Որպես երկրի առաջատար, խումբը դարձավ 1963 թ. ԱՄՆ եւ Կանադա այցելած առաջին խորհրդային քառյակը (32 համերգ երկամսյա հյուրախաղերի ընթացքում): Այն ժամանակ (5 փետրվար, 1963 թ.) «Վաշինգտոն փոստում» երաժշտական քննադատ Պ. Հյումն իր «Ռուսական քառյակը փայլուն ոճ է ցուցադրում» հոդվածում գրեց. «Համույթը նվագում է մեծ նրբությամբ եւ զգում ֆրազի ու տոնայնության անորսալի երանգները»:

Կես դարից ավելի քառյակի անփոփոխ ղեկավարն Ավետ Գաբրիելյանն էր (1899-1974 թթ.)ՙ կարկառուն մի անձնավորություն, ջութակի արվեստի մի ամբողջ դարաշրջանի առաջնորդ, որն արդեն 1924 թ. Երեւանում հիմնել էր հայկական առաջին լարային քառյակը: Նրան արժանի բարձրակիրթ երաժիշտ, թավջութակահար Սերգեյ (Սարգիս) Ասլամազյանը (1897-1978 թթ.)ՙ քառյակի համար Կոմիտասի երգերի աշխարհահռչակ վերադաշնակումների հեղինակը, խմբի կազմում էր ընդհուպ 1968 թվականը:

Քառյակի գործունեությունը 50 տարի ծավալված էր Մոսկվայում. խմբի երաժիշտները միաժամանակ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսորներ էին: Մասնավորապես ալտահար եւ դիրիժոր Միքայել Տերյանը կազմակերպիչն է Մոսկվայի կոնսերվատորիայի կամերային նվագախմբի, որը 1970 թ. դարձավ Հերբերտ ֆոն Կարայանի անվան հիմնադրամի բեռլինյան մրցույթի դափնեկիր:

1947 թ. քառյակի կազմի մեջ են մտնում ջութակահար Ռաֆայել Դավթյանը եւ ալտահար Հենրիկ Թալալյանը (անժամանակ մահացավ 1972 թ.): Սակայն ճակատագրի վայրիվերումները եւ կազմի փոփոխությունները փոխհատուցվում էին Գաբրիելյանի ներկայությամբ, որն ապահովում էր համույթի ավանդույթների ժառանգորդությունը, կատարողական ոճի պահպանումը:

Հսկայական նվագացանկը (պարտավոր տեղ էին գրավում Ռուսաստանի եւ Հայաստանի կոմպոզիտորների կվարտետները) ձեւավորեց գեղարվեստական արտահայտչականության եւ գործիքների վիրտուոզ տիրապետման ձեւերի բազմազանությունը: Հատկանշական է, որ քառյակի անդամները ստեղծագործության ընթերցման մեջ չէին կորցնում իրենց կատարողական անհատականությունը, ինչը մշտապես նշվում էր 50-60-ական թթ. խորհրդային եւ արտասահմանյան մամուլում: Քառյակի կատարողական նկարագիրն առանձնանում էր կատարման ռոմանտիկ ներշնչանքով, յուրահատուկ հուզական տոնուսով եւ միաժամանակ արվեստագետների նվագի «անհատական ինքնօրինակությամբ»: Կոմիտասականների կատարողական ոճի հմուտ գիտակ Ռ. Դավթյանը դրան բնորոշ առանձնահատկությունների մեջ ընդգծում է «մենանվագային եւ իմիտացիոն դրվագներում անհատական արտահայտման ազատությունըՙ երկձայնության եւ բազմաձայնության մեջ կատարման նույնականության հետ զուգորդված»: (Հ. ԺՈՉՌՊÿվ, "ԽՉՈՐՑպՑ ՌՎպվՌ ԽՏՎՌՑՈրՈ", ժՐպՉՈվ, 1974, րՑՐ. 51):

1970 թ. սկսվում է նոր ժամանակաշրջան. Ավետ Գաբրիելյանը որպես երկրորդ ջութակ հրավիրում է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի (Լ. Բ. Կոգանի դասարան) 23-ամյա շրջանավարտ, Գ. Վենյավսկու եւ Մ. Լոնգ-Ժ. Տիբոյի անվան մրցույթների դափնեկիր Էդուարդ Թադեւոսյանին: Ավետ Գաբրիելյանի հետ աշխատելու վեց տարիները Թադեւոսյանի համար դարձան համույթային վարպետության դպրոց, թույլ տալով թափանցել քառյակային լաբորատորիայի գաղտնիքների մեջ: 1976 թ. Է. Թադեւոսյանն սկսեց գլխավորել Կոմիտասի անվան քառյակըՙ առ այսօր հանդիսանալով դրա առաջին ջութակը:

Այդ ժամանակվանից Քառյակը հաստատվեց Երեւանում: Դրա նոր սաները հիմնականում Մոսկվայի եւ Լենինգրադի կոնսերվատորիաների սաներ էին: Ռուսաստանի աղեղնավոր գործիքների դպրոցների ավանդույթները մերձեցրին այնպիսի տարբեր անհատականությունների, ինչպիսիք են Հակոբ Մեքինյանը (երկրորդ ջութակ), Յակով Պապյանը (ալտ) եւ Ֆելիքս Սիմոնյանը (թավջութակ). սա էր Քառյակի կազմը 1976-1984 թթ.:

1984 թ. որպես երկրորդ ջութակ Քառյակի մեջ է մտնում Սուրեն Հախնազարյանը (Լ. Կոգանի սանն էր Մոսկվայի պետկոնսերվատորիայում), 1990 թ.ՙ Ալեքսանդր Կոսեմյանը (ալտ), 2000 թ.ՙ Արամ Թալալյանը (թավջութակ): Քառյակի նվաճումները նշվեցին Հայաստանի Պետական մրցանակով (1985 թ.), իսկ մասնակիցներըՙ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսորները, համերգային գործունեությունը հաջողությամբ զուգորդում էին մանկավարժականի ու հասարակականի հետ: Այդ ավանդույթը շարունակվում է առ այսօր: Այսպես, վերջին 15 տարում Երեւանում երեք տարին մեկ անցկացվում է Ա. Գաբրիելյանի եւ Ս. Ասլամազյանի անվան հանրապետական մրցույթ, որի ժյուրիի անդամներ կոմիտասականներ ենՙ Հայաստանի ժողովրդական արտիստ, ԵՊԿ լարային գործիքների ամբիոնի դեկան Է. Թադեւոսյանի նախագահությամբ:

Վերջին տասնամյակներին նվաճելով նորանոր քաղաքներ ու երկրներ (ընդհանուր առմամբ Կոմիտասի անվան քառյակը հանդես է եկել 50-ից ավելի երկրներում), խումբը մշտապես թարմացրել է ծրագրերըՙ ընդսմին պահպանելով նվագացանկային առաջատար սկզբունքները: Առաջինը 19-20-րդ դդ. գերմանական եւ ռուսական կլասիկան է (այդ թվում Ասլամազյանի կատարած Գ. Ֆ. Հենդելի «Պասակալիայի» կվարտետային փոխադրումը), ըստ որում ոչ միայն կվարտետները, այլեւ Ռ. Շումանի, Դ. Շոստակովիչի դաշնամուրային կվինտետները: Երկրորդ սկզբունքը 20-րդ դարի երկրորդ կեսի երաժշտությունն է, որն առավելապես հայկական է (Ա. Բաբաջանյան, Է. Միրզոյան, Է. Հովհաննիսյան, Ղ. Սարյան, Տ. Մանսուրյան, Լ. Չաուշյան, Է. Հայրապետյան, Ս. Զաքարյան եւ ուրիշներ), թեեւ նվագացանկում կան Յ. Ֆալիկի երկու կվարտետներ (թիվ 3-ը նվիրված է Կոմիտասի անվան քառյակին), Դ. Շոստակովիչի հինգ կվարտետներ (NN 1, 4, 7, 8, 11) եւ արտասահմանյան կոմպոզիտորներ, օրինակՙ Դ. Կուրտագը: Երրորդ սկզբունքը լարային քառյակի համար գրված Կոմիտաս-Ասլամազյանի մանրանվագ-գլուխգործոցներն են, որոնք յուրաքանչյուր համերգի պարտադիր հավելումն են:

Կոմիտասականները կատարողական կարգը պահպանում են ամենայն պատասխանատվությամբ: Համույթը փառաբանված է չորս գործիքների տեխնիկական եւ տեմբրային ներդաշնակությամբ: Այսպես «Wiesbadener Tagblatt»-ը 1986 թ. նոյեմբերի 23-ին նշում է հետեւյալը. «Յուրաքանչյուր գործիքի ձայնը բացարձակ էր...», կամ «դա փառատոնի իսկական սենսացիան էր», ինչպես գրում է «Svenska Dagbladet»-ը 1987 թ. օգոստոսի 7-ին, կամ «...չորս երաժիշտ մեկ սրտով» («Ասպարեզ», ԱՄՆ, 13 մայիսի 2003 թ.), կամ, ինչպես գրում է էկվադորյան «El Commercio»-ն 2003 թ. հունիսի 6-ին, «ջութակները, ալտը եւ թավջութակը հնչում են որպես մեծ նվագախումբ»:

Համերգների այդ եւ մյուս արձագանքները, «փայլուն», «զմայլիչ», «ֆանտաստիկ» մակդիրները վկայում են, որ մեծ նախորդների դասերն ըստ արժանվույն շարունակվում են: Քառյակի անհատականությունը, որպես կանոն, մատնում է կենդանի երաժշտական խոսքի առկայությունըՙ իր անկրկնելի ձայներանգով եւ ագոգիկայով, բաբախուն դինամիկայով ու ռիթմով: Կարեւորելով յուրաքանչյուր ֆրազը, արտահայտիչ կերպով խոշորացնելով երաժշտության պլաստիկան, ստեղծելով կատարվող կվարտետի ասես միասնական, ընդհանրացված կերպարՙ կոմիտասականները դրանով իսկ չեն բացառում երաժշտության իրենց յուրօրինակ մեկնաբանումը ոճային ավանդույթի շրջանակներում:

Նման անհատականացումը երկրի հնագույն երաժշտական կոլեկտիվի շարժման, մշտական կատարելագործման իմաստն է: Կոմիտասի անվան քառյակի 80 տարվա գործունեության վկայությունները 17 ձայնապնակները եւ 13 խտասկավառակները, Համամիութենական ռադիոյի եւ Հայաստանի ռադիոյի բազմաթիվ ֆոնդային ձայնագրություններն ու նաեւ ունկնդիրների սրտերն են:

Հոգեպես եւ գործիքային առումով համերաշխ կոմիտասականները (Հախնազարյանը, Կոսեմյանը եւ Թալալյանը նվագում են Ա. Գվարներիի պատրաստած գործիքներով, իսկ Թադեւոսյանըՙ Գաբրիելյանի հանձնած Պ. Գվարներիի ջութակով) վստահաբար են դիմավորում նոր տասնամյակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4