ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Հարցազրույց աշխարհահռչակ երգչուհի Քեթի Բերբերյանի դստերՙ ամերիկյան կինոպրոդյուսեր Քրիստինա Բերիոյի հետ
Քեթի Բերբերյան. այս անունը մեզանում ինչ-որ բան ասում է միայն երաժիշտների սեղմ շրջանակին: Ավելի քան 20 տարի առաջ վախճանված այդ հայազգի երգչուհին, որ բնակվել է ԱՄՆ-ում եւ Իտալիայում, 20-րդ դարի ավանգարդ երգեցողության ամենանշանավոր դեմքն էր, եթե ոչՙ ամենանշանավորը: Նրան անվանել են «ավանգարդ երգի Կալաս», «մոգական Քեթի», հատուկ նրա ձայնի համար կոմպոզիտորները գրել են ստեղծագործություններ, նրա անվան շուրջ լեգենդներ են հյուսվել...
Քեթի Բերբերյանը (1925-1983) ծնվել է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Աթլբորո քաղաքում, Երվանդ Բերբերյանի եւ Լուիզ Սադբեզի (նույնպես հայ) ընտանիքում: Մանկուց լսել է Շալյապինի, Սկիպայի ձայնապնակներըՙ ձայնակցելով նրանց: Երբ ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք, Քեթին հաճախել է դաշնամուրի, վոկալի եւ հայկական պարերի դասերի: Ապա ուսումը շարունակել է Միլանում եւ Փարիզում: Երգչուհին առաջին անգամ բեմ է բարձրացել 1957-ին, Նեապոլում: Մեծ ձայնածավալի տեր Քեթի Բերբերյանը (կոնտրալտոյից կոլորատուրային սոպրանո) խորացել է իմիտացիոն արվեստի մեջՙ երգերում տեղ հատկացնելով ամենատարբեր ձայների: Հավասար հաջողությամբ կատարել է դասական եւ օպերային, աշխարհի տարբեր ժողովուրդների երգեր, ջազ եւ մինչեւ անգամՙ ռոք երգեր: Լինելով ջերմ հայրենասերՙ Բերբերյանը մշտապես իր համերգներում տեղ է տվել հայ երգին: Նա ունեցել է ձայնամարզության սեփական ստուդիա, զբաղվել մանկավարժությամբ, գրել երաժշտական գործեր: 1983 թվականին Բերբերյանի խմբագրությամբ լույս է տեսել կին երգահաններին նվիրված հատորը, որտեղ որպես առաջին կին երաժշտաստեղծ, որի ստեղծագործությունը մեզ է հասել, ներկայացվել է 8-րդ դարի հայ բանաստեղծուհի-երաժիշտ Սահակդուխտ Սյունեցին...
Միայն ձայնագրություներից լսած լինելով ես սիրահարվել էի «մոգական Քեթիի» ձայնին... Եվ ահա, աշխարհի հայազգի կինոգործիչների մասին նյութեր հավաքելիս անակնկալ կերպով իմացա, որ Քեթի Բերբերյանի դուստրըՙ Լուիզա Քրիստինա Բերիոն, բեմադրիչ եւ արտադրիչ է, որ բնակվում է Քալիֆոռնիայում: Նրան գտնելու առիթը եղավ հորՙ իտալացի նշանավոր կոմպոզիտոր Լուչանո Բերիոյի մահըՙ 2002 թվականին: Ինձ համար մեծ ուրախություն էր նամակագրություն հաստատել Քրիստինա Բերիոյիՙ իմ սիրելի երգչուհու դստեր հետ եւ զգալ նրա անկեղծ հետաքրքրությունը Հայաստանի եւ հայաշխարհի նկատմամբ: Մեր խնդրանքովՙ 2004-ի գարնանը Քրիստինա Բերիոն «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ուղարկեց 1994-ին Նիդեռլանդներում նկարահանված «Երաժշտությունն այն օդն է, որը ես շնչում եմ» փաստագրական ֆիլմը (բեմադրիչՙ Քարի դե Սվաան) Քեթի Բերբերյանի մասին, որն ընդգրկում է բազմաթիվ կադրեր երգչուհու կատարումներից...
Անացած տարի, մայիսին մեկնելով Կալիֆոռնիաՙ անձամբ հանդիպեցի «մոգական Քեթիի» դստերը: Եվ «փոքրիկ Հայաստան» Գլենդեյլում կայացավ հիշարժան հանդիպումը Քրիստինա Բերիոյիՙ երկարավարս, մոր պես խոշոր, արտահայտիչ աչքերով, պարզ եւ անմիջական, իր տարիքից բավական երիտասարդ երեւացող այդ կես իտալուհու-կես հայուհու հետ, որ ոչ մի կերպ չես հավատում, թե արդեն տատիկ է դարձել: Քրիստինայի անմիջականությունը նկատվեց առաջին իսկ վայրկյանին, երբ նա, տեսնելով իմ հագի բրազիլական դրոշով շապիկըՙ ողջույնից հետո անմիջապես ասաց. «Դու սա իմ պատվի՞ն ես հագել... ես երկար տարիներ Բրազիլիայում եմ ապրել»: Նա եկել էր իր երկրորդ ամուսնուՙ մեքսիկական ծագումով Մարկոյի հետ, որը, պարզվեց, նույնպես երգիչ է...
Մեր զրույցն իտալական սրճարանում ընթանում էր «Ոսկե ծիրանի», Քրիստինայի կինոաշխատանքների, հայ ժողովրդի եւ իհարկեՙ Քեթի Բերբերյանի շուրջ:
- Դատելով քո ծնողների մասնագիտությունից եւ այն մարդկանցից, որոնցով շրջապատված է եղել Բերիո-Բերբերյան ընտանիքը, դու պիտի որ բավական հետաքրքրական մանկություն ունեցած լինես, Քրիստինա:
- Օ, այո: Ես ծնվել եւ մեծացել եմ Միլանում, բայց ծնողներիս աշխատանքի բերումով բազմիցս ճանապարհորդել եմ: Մանկության տարիներին մեր հարկի ներքո բազմիցս հյուրընկալվել են եվրոպական եւ ամերիկյան արվեստի ամենանշանավոր դեմքերը... Կյանքի վերջին տարիներին մայրիկին սիրով է շրջապատել մեծանուն Իգոր Ստրավինսկին, որը Բերբերյանի համար է գրել «Եղերերգ ի հիշատակ Ջոն Քենեդիի» վոկալ գործը: Հատուկ մայրիկին են նվիրվել նաեւ Բուզոտտիի «Կնոջ ձայնը» եւ «Տորմոն», Ջոն Քեյջի «Արիսը» եւ այլ վոկալ ստեղծագործություններ...
- Մեր ժամանակների նշանավոր գրող Ումբերտո Էկոն մայրիկիդ հետ միասին չորս գիրք է թարգմանել անգլերենից իտալերեն... հիշել է Քեթի Բերբերյանին իր հռչակավոր «Վարդի անունը» վեպի հավելվածում...
- Երբ ես երեխա էի, Էկոն մեր ընտանիքի ամենամոտիկ եւ ամենասիրելի ընկերներից մեկն էր... փայլուն անձնավորություն... եւ մայրիկի հետ նրա համագործակցությունը սքանչելի արդյունք տվեց...
Դե իհարկե, մեծն Քեթինՙ Քեթի Բերբերյանը, մայրենի հայերենից բացի հիանալի տիրապետել է նաեւ իտալերեն, անգլերեն, եւ ֆրանսերեն լեզուներին: Ի դեպ, նրա դուստրը եւս սահուն խոսում է մի քանի լեզվով (ինչը բնորոշ չէ ամերիկացիներին) եւ երեք պետության քաղաքացի էՙ ԱՄՆ, Իտալիա եւ Բրազիլիա...
- Դժբախտաբար հայերեն գրեթե չգիտեմ, մեղավոր հայացքով խոստովանեց Քրիստինան: Սակայն երբ նրան ցույց տվեցի իմ կես տարեկան որդու լուսանկարը, նրա բացականչությունը հայերեն էրՙ «անուշի՜կ»...
- Իսկ ահա եւ իմ մեկ տարեկան թոռնիկը, պայուսակից մի լուսանկար հանելովՙ հպարտորեն ասաց երիտասարդ տատիկը: Նա բնակվում է Բրազիլիայում, ջունգլիներում գտնվող մի բնակավայրում:
- Սա էլ տիպիկ քեթիբերբերյանական է, ասում եմ ես, նրա ծոռը պիտի որ բրազիլական ջունգլիներում ապրեր... Իսկ ինչո՞ւ հենց լատինամերիկյան ադ երկիրը:
- Բրազիլիայի հետ իմ կապը տարիների վաղեմություն ունի: Ես 17 տարեկան էի, երբ Իտալիայից մեկնեցի Բրազիլիա: Այդ ժամանակ իմ վոկալ տվյալները վատ չէին, եւ ես երգել եւ նվագել եմ տարբեր խմբերում: Սակայն 1981-ից սկսեցի վավերագրական ֆիլմեր նկարահանել: Բրազիլիայում 1985-ից 1991-ը եղել է մեծ թվով խաղարկային կինոնկարների, հեռուստատեսային գովազդների եւ երաժշտական տեսաֆիլմերի արտադրիչըՙ նկարահանված ԱՄՆ-ի, Հարավային Ամերիկայի, Եվրոպայի եւ Ճապոնիայի համար: Աշխատել եմ նաեւ որպես դերաբաշխման պատասխանատու, նկարահանումների տեղակայման ղեկավար եւ երաժշտական պրոդյուսեր:
- Քո անունն ինձ հանդիպել է «Վայրի խոլորձ» նշանավոր ֆիլմի մակագրերումՙ որպես երաժշտական կոորդինատոր:
- Դա արդեն Ամերիկայում հաստատվելուց հետո էր: 1992-ին երեք զավակներիս հետ տեղափոխվեցի Լոս Անջելես եւ շարունակեցի աշխատանքս կինոյում: Եղել եմ «Պատերազմ թմրեցուցիչների դեմ», «Տխուր ծաղիկն ավազի մեջ», «Ցավագին ծովային ճամփորդություն» եւ այլ վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր: Տաս տարուց ավելի է աշխատում եմ նաեւ հոլանդական VPRO հեռուստակայանի համար, որ բազմաթիվ ֆիլմեր է կրկնօրինակել իտալերեն եւ պորտուգալերեն...
- Փաստորեն դու մասնակցություն ես ունեցել «Երաժշտությունն այն օդն է, որ շնչում եմ» ֆիլմին ոչ միայն որպես «դերակատար»...
Կինոնկարի սկզբում Արարատ լեռն է եւ «Լուսինն էլավ» հայկական երգըՙ Լուչանո Բերիոյի մշակմամբ, որն, ի դեպ, մեծ տարածում է գտելՙ ընդգրկվելով բազմաթիվ երգչուհիների երկացանկումՙ ԱՄՆ-ից մինչեւ Ճապոնիա...
- Սակայն այդ ֆիլմի ավարտին մեզ մեծ ցնցում էր սպասվում, երբ Քեթի Բերբերյանի շուրթերից հնչեց... ադրբեջանական սիրային երգ: Անձամբ ես դեռ ուշքի չէի եկել երկու ամիս առաջ Բուդապեշտում հայ սպայի հետ կատարված քստմնելի ողբերգության մղձավանջից (որն իմ ընկերներից մեկի մտերիմ ընկերն էր)... եւ ահա իմ սիրելի երգչուհին շատ «էշխով» կատարում է այդ բարբարոսների լեզվով ռուսերենախառն մի երգ: Բայց մեկ ամիս անց, երբ ձեռք բերեցի Բերբերյանի սիդինՙ զարմանքով հայտնաբերեցի, որ նորից եւ նորից ցանկանում եմ լսել հենց այդ ադրբեջանական երգը: Երգն այնքան լավ է մշակված (Լուչանո Բերիոյի կողմից) եւ կատարումն այնքան հաջող է, որ մարդ մոռանում է, թե ում է պատկանում այն... Եվ երեւույթն ինքնին հատկանշական է. ադրբեջանական երգն աշխարհի բեմերում հնչել է հայուհու շնորհիվ...
- Մայրիկը երգեր էր կատարում աշխարհի քսան լեզուներով, սանսկրիտ, չինարեն... եւ ադրբեջաներենն էլ այդ լեզուներից մեկն էր...
- Եվ այն ժամանակ հայերի եւ ազերիների միջեւ այս հակամարտությունն էլ չկար...
- Մայրիկը ողջ կյանքում անում էրՙ ինչ որ ցանկանում էր: Քննադատում էր շատերինՙ առանց հեղինակություն ճանաչելու: Հիշո՞ւմ ես, ֆիլմում նա Մոնսերատ Կաբալյեի եւ նրա դպրոցի ներկայացուցիչների երգելաձեւը համեմատում է կովի բառաչի հետ: Խիստ է ասված, բայց այդպես էր, մայրիկը շատ կտրուկ մարդ էր: Եվ շատերն էին նրան բամբասում, թե իբր դժվար է հետն աշխատել, որ իբր նա պրոֆեսիոնալ չէ... Իսկ մայրիկի հոգը չէր: Նա երկու բան էր ամենից շատ սիրում աշխարհումՙ երգել եւ ուտել: Կյանքի վերջում, Միլանի իր բնակարանում փակվածՙ նա համեղ ճաշատեսակներ էր պատրաստում եւ բնավ հոգ չէր տանում առողջությանը... Այդ պատճառով էլ շուտ մահացավ, 58 տարեկանում...
- Գիտեմ, որ իր մահվան տարում Քեթի Բերբերյանը նկարահանվել է ֆրանսիական մի ֆիլմում, դայակի դերում... նրա հերոսուհին երգով քնեցրել է մի երեխայի, ապա ինքը մահացել է... Եվ այդ ֆիլմի նկարահանումներից հետո, որոշ ժամանակ անց, նա հեռացել է կյանքից...
Քրիստինան լարվում է.
- Այդ որտեղի՞ց գիտես...
Նա գիտեր, որ մահից առաջ մայրը խաղացել է մի կինոնկարում, սակայն նրան անհայտ էին ֆիլմի ռեժիսորը եւ վերնագիրը: Ես պատմում եմ նրան, ինչ որ ինձ հայտնի է ֆրանսիացի հանրահայտ կինոբեմադրիչ Ալեն Ռենեի «Կյանքը վարդերով լի անկողին է» (կամ «Կյանքը մի վեպ է») կատակերգության մասին, որտեղ Քեթի Բերբերյանից բացի նկարահանվել է կինոաստղերի մի ողջ համաստեղություն: Սակայն երգչուհին չի դիտել այս շարժանկարը, նրա անունը ֆիլմում տեղ է գտել սեւ շրջանակի մեջ... Քրիստինան անմիջապես գրի է առնում կինոնկարի տվյալներըՙ այն շուտափույթ գտնելու մտադրությամբ:
- Այդ նույնՙ 1983 թվականին Ֆեդերիկո Ֆելինին նկարահանել է «Եվ նավը գնում է» ֆիլմը, որի հերոսները մի հանգուցյալ երգչուհու աճյունը նավով տանում, հանձնում են ծովի ալիքներին... Ես գիտեմ, որ Քեթի Բերբերյանի աճյունը Իտալիայից տեղափոխվել է նրա ծննդավայրըՙ Միացյալ Նահանգներ... չե՞ս կարծում, թե Ֆելինին կարող էր այս իրողությունից ներշնչված լինել...
Քրիստինան հառաչում է.
- Այո, ես ինքս իմ ձեռքերով տարա մայրիկի աճյունը... շատ երիտասարդ էի այն ժամանակ, եւ ինձ համար դա ծանր փորձառություն էր: Բայց ոչ, որքան էլ գեղեցիկ է թվում, Ֆելինիի այդ ֆիլմը ոչ մի կապ չունի մայրիկի հետ...
- Վերջին տարիներին Քեթի Բերբերյանի անձի եւ ստեղծագործության հանդեպ հետաքրքրությունը մեծացել է ամբողջ աշխարհում,- պատմում է Քրիստինան:- Թողարկվում են լազերային սկավառակներ, անցյալ տարի հրատարակվեց մի ծավալուն ֆրանսերեն աշխատությունՙ «Քեթի Բերբերյան, երգչուհի» վերնագրով, հեղինակՙ Մարի-Քրիստին Վիլա: Շվեյցարիայում գտնվող Արդիապաշտ երաժշտության կենտրոնը հետաքրքրված է նրա արխիվով, որ ինձ մոտ է: Չափազանց հետաքրքրական արխիվ է թողել մայրիկըՙ նամակներ, բեմական հագուստներ...
- Ի՜նչ ափսոս է, որ նա այդպես էլ չի եղել Հայաստանում,- ասում եմ ես:- Հիշում եմ նրա խոստովանությունը. «Հոգով միշտ զգում եմ հայուհի լինելս, քանզի իմ երակներում հայի տաք արյուն է հոսում: Երազում եմ համերգներով հանդես գալ Երեւանում»: Խորհրդային տարիներին որոշ հայ մտավորականներ ջանքեր են գործադրել, որ նա համերգներ տա Երեւանում, ինչը, ցավոք, այդպես էլ չի կայացել...
- Այո, մայրիկը լավ հայ էր: Սակայն ո՞րն է պատճառը, որ նրա հայաստանյան հյուրախաղերը այդպես էլ չկայացան:
- Ավանգարդ երգեցողությունն այնքան անհարիր էր խորհրդային մտածողությանը: Խորհրդային Հայաստանում գուցեեւ քչերն ընկալեին ավանգարդ արվեստը եւ հայ ժողովրդական երգերի Բերբերյանի ոչ ավանդական մեկնաբանությունները, սակայն նրա ելույթներն, անշուշտ, մեծ իրադարձություն կլինեին թե՛ երգչուհու եւ թե՛ հայրենիքի համար...
Խորհրդային ղեկավարները չէին կարող հանդուրժել Քեթի Բերբերյանի հաճախ էքսցենտրիկ իմիջըՙ բուլավկա ականջօղեր, պլաստմասսայե վզպատ, երբեմն ոտաբոբիկ... Սակայն վերջերս Բերբերյանի անունն առավել, քան երբեւէ, սկսել է հնչել նաեւ Հայաստանում: Երեւանի կոնսերվատորիայում գործում է «Քեթի Բերբերյանի կրթաթոշակը», որ հաստատել է Գերմանիայում բնակվող գործարար եւ թարգմանիչ Թադեւոս Յորգանցյանը...
- Ես միշտ հետաքրքրվել եմ հայերով,- ժպտում է Քրիստինան:- Այստեղՙ Կալիֆոռնիայում, ամեն քայլափոխի շփվում եմ հայերի հետ, ունեմ բազմաթիվ ծանոթներ, հաճախ գնում եմ հայկական հավաքների: Իմ ամենամտերիմ բարեկամներից է սփյուռքում այնքան սիրված տաղանդավոր արձակագիր, դերասան եւ նկարիչ Վահե Բերբերյանը: Մարդիկ կարծում են, թե մենք ազգականներ ենքՙ ելնելով Բերբերյան ազգանունից... Ես որոշ չափով հետեւում եմ նաեւ Հայաստանում կատարվող իրադարձություններին: Վերջերս այդ ինչ ամոթալի դեպք էր կատարվել Երեւանումՙ երիտասարդ ամերիկացի գեյ դասախոսի սպանությունը... Կարծում եմ, որ հոմոֆոբիան չարիք է եւ պետք է վերջ տրվի այդ երեւույթին...
2005 թվականի հուլիսին լրանում է Քեթի Բերբերյանի ծննդյան 80-ամյակը: Մենք Քրիստինա Բերիոյի հետ բաժանվեցինք այն հույսով, որ հաջորդ տարի նա հնարավորություն կունենա այցելել մոր նախնիների հայրենիքը եւ երաժշտասերների ու կինոսիրողների միջավայրում առիթներ կստեղծվեն ներկայացնելու ամեն ինչ իր մորՙ «մոգական Քեթիի» մասին...
Լոս Անջելես-Երեւան
ՄԻ ԷՋ ՄԵՐ ՀՈւՇԱՄԱՏՅԱՆԻՑ
1915 թվականի ապրիլը նոր էր սկսվում: Վանի հայությունը զգում էր մոտեցող վտանգի ուժը: Պետք էր բռունցքվել ինքնապաշտպանության համար եւ ընտրել ղեկավարող, առաջնորդող ուժ: Դա դարձավ Վանի Հայ ինքնապաշտպանության Զինվորական մարմինը, որի նախագահ նշանակվեց արդեն ռազմական փորձ ունեցող Արմենակ Եկարյանը: Բոլոր կուսակցությունները թողեցին իրենց տարաձայնությունները. միասնություն էր պետք: Ստեղծվեցին պարենավորման, զինաբաշխ, հայթայթիչ, կարմիր խաչի, տեղեկատու եւ այլ մարմիններ: Նախապատրաստական խորհրդակցությունից հետո քաղաքի ինքնապաշտպանության գլուխն անցած Արմենակ Եկարյանը դիմեց ժողովրդին կոչով, որից հիշենք մի հատված. «Վան առաջին անգամ չէ, որ ցույց պիտի տա իր համերաշխ ոգին, երբ գործ ունի ընդհանուր թշնամիին հետ: Այդ ոգին իր փառավոր անցյալն ունի: Այս անգամ ալ պիտի տանինք այս կռիվը միեւնույն համերաշխ ոգով, առանց կուսակցական խտրության: Մեր ուզելով չէ, որ պիտի կռվենք, ան մեզի պարտադրվեցավ: Երկու ճամփա ունինք. կամ գլուխ ծռել բռնավորին առջեւ եւ բնաջնջվել անպատիվ մահով եւ կամ անվեհեր ու բաց ճակատ դուրս գալ անոր առջեւ եւ նախընտրել մեր նախնիներուն պատվավոր ճամփան»:
Վանի հայությունը ընտրեց վերջինը եւ դուրս ելավ կռվի: 27 օր տեւած անձնազոհ պայքարը լի էր հերոսական քաջագործություններով եւ բացառիկ կազմակերպված պաշտպանական եւ հարձակողական գործողություններով: Այն արձանագրվեց մեր պատմության էջերում որպես հերոսամարտՙ արդար եւ արժանավայել: Ահա այդ օրերի հետ կապված ամենանշանավոր անձիՙ Արմենակ Եկարյանի գրչից պոկված մի նամակ ենք ուզում ներկայացնել ընթերցողինՙ որպես վերհուշ մեր մեծ հիշատակիՙ Եղեռնի օրերից: Այն գրված է վերը հիշված կռիվներից մի քանի ամիս անց եւ հասցեագրված նույն ժամանակ հասարակական ակտիվ գործունեությամբ աչքի ընկած բժշկապետ, նվիրյալ հայրենասեր թիֆլիսաբնակ Բագրատ Նավասարդյանին: Վերջինս եղել է հիմնադիրն ու նախագահը Կովկասի Հայոց բարեգործական ընկերության (1881-1900): Նամակը պահպանվել է նրա արխիվում եւ այսօր լրացնում է Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանի ձեռագրային գանձարանըՙ Բագրատ Նավասարդյանի ֆոնդ N 62/II-ի տակ:
Հասցեատերը նամակի վերջում թողել է ծանոթագրություն Ար. Եկարյանի մասին. «Վանի կռւի մէջ սա եղել է պաշտպանութեան նախաձեռնողը եւ գլուխը, թէեւ դաշնակցականները այդ դերը տալիս են Արամ (կարծեմ) փաշայ անուանուածին. եւ սա էր մեր միլիցիայի պետը»:
ՄԵԼԱՆՅԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, Երեւանի Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանի գիտաշխատող
Վսեմաշուք Բժշկապետ տօք. Նաւասարդեան
Թիֆլիս
Ազնիւ բարեկա՛մս
Երբեք չեմ մոռցած եւ չեմ կրնար մոռնալ վերջին այն քաղցր եւ ներշնչող տպաւորութիւնները, որ զիս կրծքիդ վրայ սեղմելով, արցունքոտ աչքերով կաթոգին մօր մը նման կարծես ըսել կուզէիր թէ. Զաւա՛կս, գնայ սգաւոր եւ աւերակ հայրենիքդ քեզի կսպասէ: Այս պատգամը առած ճամբայ ինկայ ես իմ բոլոր ընկերներովս, որոնք նոյն կոչումը կզգային իրենց սրտերուն մէջ եւ ուրախ եմ ըսելու, որ բոլորս ալ առողջ եւ ապահով տեղերնիս հասած ենք: Բայց ցաւ ի սիրտ կը յայտնեմ թէ հայրենի երկրի շէն ու փարթամ քաղաքն եւ գիւղերը բոլորովին ամայի եւ աւերակ վիճակի մէջ կը գտնուին: Երկիրը այնքան կողոպտուած, այնքան աւարի մատնուած է, որ այժմ ամբողջ քաղաքի եւ գիւղերու մէջ հաւ մը, աքաղաղ մը չի գտնուիր: Միլիոնաւոր ընտանի անասուն ունեցող գիւղերը այժմ ոչ մէկ բան չունեն: Վասպուրականի մէջ գտնուած բոլոր մենաստանները, վանքերն ու եկեղեցիները, գիւղերն ու քաղաքը ճիշտ արտերու նման հերկուած եւ քանդուած են: Ահա Կովկասէն վերին աստիճանի յուսահատութեան արդիւնք ըլլալով հայրենիք վերադարձող ժողովուրդը կապրի հողին հաւասար եղած գիւղերու եւ քաղաքին մէջ: Ռուսական պետութեան ցուցուցած մեր անսահման համակրանքին եւ զոհաբերութեան հակառակ, ստիպուած ենք ըսել թէ երկրի աւերումի գործին մէջ խազախներու դերը մեր դարաւոր թշնամիներու դերէն պակաս չէ եղած: Անոնք մինչեւ իսկ չեն քաշուիր թոյլ կուտան ինքզինքնին ծերունի հայ կիներ իսկ բռնաբարելու: Մէկ խօսքով քուրդերուն հետ թուրքերէն իսկ գէշ կը վարուին զուլումի եւ դժբախտութեան ենթարկուած հայ ժողովուրդին հետ: Երկրիս տնտեսական դրութիւնը խիստ յուսահատական է: Ժողովուրդին համար ապրուստի ամէն միջոց կը պակսի: Այս բոլորին համար չենք յուսահատիր մենք: Չենք յուսահատիր անոր համար, որ վստահ ենք թէ Ձեզի եւ ձեր շրջապատի նման հայրենասիրական բարձր գաղափարներով ներշնչուած, զարգացեալ եւ գիտակից հայեր ունենք: Մենք հաւատացած ենք եւ կը սիրենք հաւատալ, որ տաճկահայուն կրած տառապանքը Դուք Ձեր սրտերուն մէջ կզգաք: Մենք համոզում ունինք, թէ մեր ստանձնած նուիրական այս գործին մէջ Դուք եւս ունեցեր էք եւ պիտի ունենաք Ձեր որոշ դերն ու ազդեցութիւնը եւ հայրենի երկրի ի մի բան բազմաչարչար եւ նահատակ հայու վերածնութեան գործին մէջ Ձեր բաժինը:
Ազնիւ բարեկամ, մեր ցեղի ամբողջ պատմութիւնը արիւնով է գրուած: Հայ ազգը ասանկ շատ օրեր է տեսած եւ սակայն չի մեռած, չի մեռնիր եւ պիտի չմեռնի ալ. քանի որ միշտ էլ ունեցեր է, ունի եւ պիտի ունենայ իր ծոցին մէջ սնած ու հայրենասիրական ամենասուրբ իդեալով ներշնչուած զաւակներ:
Օր պիտի գա, դարձեալ նորէն, երբ Հայաստանի ջինջ ու պայծառ երկնակամարը ծածկող, մթագնող սեւ ու թխպոտ ամպերը պիտի քաշուին, փարատուին: Այն ատեն քաղաքական այս անորոշ դրութեան մէջէն պիտի փայլի պայծառ արեւը. կեանք եւ շունչ տալու թշուառ հայուն, անտէր հայուն: Ուրեմն այս յոյսով եւ ակնկալութիւնով, ազնիւ բարեկա՛մս, Դուք Ձեր տեղին մէջ եւ մենք ալ աւերակ այս երկրին վրայ ձեռք ձեռքի տուած ապրինք ու գործենք միասին, վստահ ըլլալով, թէ մօտաւոր ապագան պիտի պսակէ մեր ջանքերն ու յոյսերը:
Մնամ յարգանքներով
ԱՐՄԵՆԱԿ ԵԿԱՐԵԱՆ, 1915, նոյ. 12, Վան