Ընդամենը մի քանի օր առաջ ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 65-րդ առաջնությունը, որում 8-րդ անգամ չեմպիոն հռչակվեց մեր բազմափորձ գրոսմայստերներից մեկըՙ Աշոտ Անաստասյանը: Իսկ այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն իրենց մրցավեճը կսկսեն կանայք: Ժամը 15-ին կտրվի շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 55-րդ առաջնության մեկնարկը:
Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանը կայացավ մրցաշարի բացման եւ մասնակիցների վիճակահանության արարողությունը: Առաջնության գլխավոր մրցավարՙ հանրապետական կարգի մրցավար Էռնա Խալաֆյանը նախ ծանոթացրեց մրցաշարի մրցակարգին: Առաջնությանը կմասնակցեն հանրապետության ուժեղագույն 10 շախմատիստուհիները, որոնք չեմպիոնի կոչումը կվիճարկեն շրջանաձեւ մրցակարգով: Գործելու է Ֆիշերի ժամակարգը. մասնակիցներից յուրաքանչյուրին մեկ պարտիայի համար կտրամադրվի 1,5 ժամ գումարած 30 վայրկյան ամեն մի քայլի համար: Հավասար միավորների դեպքում տեղերը մրցաշարային աղյուսակում որոշվելու են հետեւյալ հերթականությամբ. անձնական հանդիպումների արդյունքով, Բերգերի գործակիցներով, տարած հաղթանակների քանակով: Եթե 1-2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստուհիները վաստակեն հավասար միավորներ, ապա հաջորդ օրը նրանց միջեւ կանցկացվի լրացուցիչ մրցախաղ 2 պարտիայից: Եթե դրանք էլ չորոշեն չեմպիոնուհուն, ապա կանցկացվի 2 պարտիա արագ շախմատից, իսկ հարկ եղած դեպքումՙ նաեւ կայծակնային խաղի կանոններով:
Երեք մասնակիցների հավասար միավորների դեպքում նրանց միջեւ կանցկացվի 2 շրջանից բաղկացած մրցաշար: Եթե հաղթողը չորոշվի, ապա չեմպիոնուհին ի հայտ կբերվի հիմնական մրցաշարի լրացուցիչ ցուցանիշներով:
Ի տարբերություն տղամարդկանց առաջնության, կանանց մրցաշարի մրցանակային հիմնադրամը մեծ չէ: Չեմպիոնուհին կպարգեւատրվի 300 հազար դրամով, 2-3-րդ տեղերը զբաղեցնողները կստանան համապատասխանաբար 200 եւ 100 հազարական դրամ, 4-5-րդ տեղերը գրավածներըՙ 60 եւ 40 հազարական դրամ: 6-10-րդ տեղերը գրաված շախմատիստուհիները վաստակած յուրաքանչյուր միավորի դիմաց կստանան 5 հազար դրամ: Չեմպիոնուհու համար հատուկ մրցանակ է սահմանել «Սամսունգ» ֆիրման: Մրցաշարում խաղարկվում է նաեւ աշխարհի եւ Եվրոպայի թիմային առաջնության մեկ ուղեգիր: Այդ մրցաշարերում ՀՀ կանանց հավաքականում կընդգրկվեն ամենաբարձր գործակից ունեցող մեր չորս շախմատիստուհիները, իսկ 5-րդ մասնակիցը կորոշվի ընթացիկ առաջնությունում:
Վիճակահանությամբ 10 մասնակիցները դասավորվեցին հետեւյալ հերթականությամբ. 1. Աննա Հայրապետյան, 2. Լուսինե Ալավերդյան, 3. Սիրանուշ Անդրեասյան, 4. միջազգային վարպետ Նելլի Աղինյան, 5. միջազգային վարպետ Լիլիթ Գալոյան, 6. Անի Ավանեսյան, 7. միջազգային գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյան, 8. միջազգային գրոսմայստեր Էլինա Դանիելյան, 9. Նունե Դարբինյան, 10. միջազգային վարպետ Նարինե Գասպարյան:
Այսօր կայանալիք առաջին տուրում կմրցեն հետեւյալ զույգերը. Հայրապետյան-Գասպարյան, Ալավերդյան-Դարբինյան, Անդրեասյան-Դանիելյան, Աղինյան-Մկրտչյան, Գալոյան-Ավանեսյան: