«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2005-05-12 | #86, 2005-05-13 | #87, 2005-05-14


ՊՈՒՇԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐՈՎ

Երեկ ՀՀ ճարտարապետների միության շենքում «Ռոբեր Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամը կազմակերպել էր Երեւանի Պուշկինի անվան զբոսայգու վերականգնման նախագծի մրցանակաբաշխությունը: Զբոսայգին 1990-ականներից ի վեր հիմնավերանորոգման կարիք է զգում, եւ այն իրագործելու համար Երեւանի Կենտրոն թաղապետարանն ու «Ռոբեր Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամը ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր, որը հիմք կծառայի որոշելու այգու վերականգնման նախագիծը: Ինչպես նշեց պրն Պողոսյանը, «մեր նպատակն է սկիզբ դնել Երեւանում կանաչ գոտիների պահպանմանն ու դրանց պատշաճ օգտագործմանը: Այս ոչ առեւտրային ծրագրով այգուն վերստին կվերադարձվի նախկին հմայքը»:

Զբոսայգու վերջնական նախագիծը կազմելիս հաշվի կառնվեն հիմնադրամի կողմից դրամական մրցանակների արժանացած Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների առաջարկած գաղափարները: Մրցույթին ներկայացված 16 նախագիծ աշխատանքներից 11-ն արժանացան մրցանակների: 1-ին մրցանակը բաժանվեց 3 հեղինակային խմբիՙ յուրաքանչյուրին 1700 եվրո (8 ուսանող), 2-րդ մրցանակը բաժանված էր չորս խմբիՙ յուրաքանչյուրին 500 եվրո, 4 նախագծի հեղինակների էլ շնորհվեց 250-ական եվրո:

Ընդհանուր առմամբ այգու վերանորոգման աշխատանքները հանձնարարվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4