ԹԵԼ ԱՎԻՎ, 16 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը Հայաստանի եւ Իսրայելի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման կոչ է արել: Նա Երուսաղեմ է այցելել Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում: «Մեր երկրներին կապում է հազարամյակների պատմությունը, բայց ներկա փուլում երկկողմ հարաբերությունները ակնհայտորեն անբավարար մակարդակ ունեն եւ դրանք անհրաժեշտ է զարգացնել,-ասել է Աբրահամյանը:-Իսրայելում չկա Հայաստանի դեսպանություն, եւ այդ ուղղությամբ պետք է աշխատանք կատարվի»:
«Մեր պատվիրակության կազմում ընդգրկված է ավելի քան 70 մարդ, այդ թվումՙ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչներ, երկրի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, գործարարներ, մշակույթի գործիչներ,-նշել է Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավարը:-Այն ամենից հետո, ինչ մենք տեսանք այստեղ, Երուսաղեմի սրբազան վայրեր այցելելուց հետո, վստահությամբ կարող եմ ասելՙ «մենք պատմության ընդհանուր մաս ունենք, մեր ազգային ու մշակութային ավանդույթները մոտ են, եւ դա կարող է հիմք դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար»:
Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը հանդիսավոր ճաշկերույթ է տվել ի պատիվ Ամենայն Հայոց կաթողիկոսի: Գարեգին Երկրորդը հայկական պատվիրակության այցը բնութագրել է որպես «լայն հիման վրա երկխոսության սկիզբ երկու ժողովուրդների ու կրոնների միջեւ»: Վեհափառի համոզմամբ, «եթե 90 տարի առաջ տեղի ունեցած հայ ժողովրդի ցեղասպանությունը բոլորի կողմից ավելի վաղ ճանաչվեր, հնարավոր է, որ դա կօգներ խուսափել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեա ժողովրդի Հոլոքոսթի ողբերգությունից»: «Մենք աղոթում ենք Աստծուն Սուրբ հողի խաղաղության համար», ընդգծել է վեհափառը: Իր հերթին Մեցգերը նշել է, որ ընդունել է մոտ ժամանակներս Հայաստան այցելելու Ամենայն Հայոթ կաթողիկոսի հրավերը:
«Ազգի» կողմից ավելացնենք, որ ուխտագնացության ծախսերի գերակշիռ մասը հոգացել էր Արա Աբրահամյանը: