«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2005-05-13 | #87, 2005-05-14 | #88, 2005-05-17


ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ «ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՇԱՏ ԵՎ ՇԱՏ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԵՆ»

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կոնկրետ որեւէ փաստաթուղթ չեն քննարկում

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Վարշավա

Լեհաստանի մայրաքաղաքում Եվրոխորհրդի անդամ պետությունների նախագահների, վարչապետների կամ արտգործնախարարների մասնակցությամբ մայիսի 16-17-ը տեղի է ունենում 46 պետություններ միավորող կազմակերպության 3-րդ գագաթաժողովը: Այս իրադարձությունը Հայաստանի համար կարեւորվում է, քանի որ գագաթաժողովի շրջանակներում նախատեսված են Ռոբերտ Քոչարյանի երկկողմ հանդիպումները մի քանի պետությունների առաջնորդների, այդ թվումՙ Ադրբեջանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հետ: Առաջինն արդեն կայացել է, երկրորդը հավանաբար տեղի չի ունենա:

Ղարաբաղյան կարգավորման հարցով Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: Բանակցությունների առաջին 20 րոպեներին ներկա են եղել ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարներըՙ Սերգեյ Լավրովն ու Միշել Բարնիեն: Քոչարյանն ու Ալիեւը բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ շուրջ երկու ժամ:

Հանդիպումից հետո նախագահները մամուլի համար որեւէ հայտարարություն չեն արել: Ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին որոշ տեղեկություններ է հաղորդել Ադրբեջանի արտգործնախարարը: Էլմար Մամեդյարովը նշել է, որ նախագահները որոշակիորեն ամփոփել են «Պրահայի գործընթացի» արդյունքները:

«Կոնկրետ որեւէ փաստաթուղթ չի քննարկվում: Բարդությունները դետալների շուրջն են: Կան բավականին հարցեր, որոնց շուրջը եկել ենք համաձայնության, բայց կան հարցեր, որոնց շուրջը մոտեցումները շատ ու շատ տարբերվում են», ասել է Էլմար Մամեդյարովը:

Քոչարյան-Էրդողան հանդիպում նախատեսված չէ

Թուրքական մամուլը եւ պաշտոնյաները հավանական էին համարում Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպումը Վարշավայում: Ամենայն հավանականությամբ, գագաթաժողովի շրջանակներում Քոչարյանի եւ Էրդողանի հանդիպում տեղի չի ունենա: Հայաստանի նախագահի մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ նման պայմանավորվածություն չկա:

Գագաթաժողովի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ բազմաթիվ հանդիպումներ: Մասնավորապես Քոչարյանը բանակցություններ կունենա Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու, ինչպես նաեւ Լիտվայի, Սլովակիայի եւ Կիպրոսի առաջնորդներ Վալդաս Ադամկուսի, Իվան Գաշպարովիչի ու Թասոս Պապադոպուլոսի հետ, կհանդիպի նաեւ Եվրոհանձնաժողովի անդամ Բենիտա Ֆերերո-Վալդներին:

Երեկ Վարշավայում տեղի է ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առանձնազրույցը (տեսՙ կողքի սյունակները):

«Մենք մեզ զգում ենք ընդհանուր Եվրոպայի մասը»

Եվրոխորհրդի 46 անդամ պետությունների պատվիրակությունները վարշավյան գագաթաժողովում ներկայացվել են հիմնականում նախագահների եւ վարչապետների մակարդակով: Լեհաստանի մայրաքաղաք չեն ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը:

Գագաթաժողովի աշխատանքներն ընթանում են պատվիրակությունների ղեկավարների ելույթներով: Երեկ Հայաստանի նախագահն իր ելույթում նշեց, որ Երեւանը մտադիր է խորացնել Եվրոմիության (ԵՄ) հետ հարաբերությունները «Եվրոպական հարեւանության» քաղաքականության շրջանակներում:

«Մենք մեզ զգում ենք ընդհանուր (միասնական) Եվրոպայի մասը», ասաց Քոչարյանըՙ վստահեցնելով. «Հայաստանը գտնվում է եվրոպական ինտեգրացիայի դժվարին ճանապարհի սկզբում: Մինչեւ տարեվերջ մենք ամբողջությամբ կկատարենք ԵԽ-ի առաջ ստանձնած պարտավորությունները»:

Քոչարյանն իր ելույթում ասաց, որ Հայաստանում Եվրոպային հավատում են բաց սահմաններով, առանց փախստականների ու շրջափակման, ընդգծեց, որ միացյալ Եվրոպան պետք է խուսափի նոր բաժանարար գծերից:

«Մենք հավատում ենք այն Եվրոպային, որտեղ հարգվում են մարդու իրավունքները եւ ժողովրդի սեփական ընտրության իրավունքը, որտեղ ներկան կառուցվում է անցյալի օբյեկտիվ գնահատականի վրա», ասաց Քոչարյանը, հավելելով, որ «այս ենթատեքստում ենք տեսնում ԼՂ հակամարտության հեռանկարը»:

Հայաստանի նախագահը ԼՂՀ-ն համարեց «դե ֆակտո կայացած պետություն», հիշեցրեց 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին. «Մենք այս տարի նշում ենք այդ ողբերգական իրադարձությունների 90-րդ տարելիցը»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ էր ունեցել Ռոբերտ Քոչարյանից առաջ: Թուրքիայի վարչապետն այսօր եւս մեկ ելույթ կունենա: Երեկ ուշ երեկոյան Եվրոպայի առաջնորդները պետք է ունկնդրեին «ժողովրդավարության անշրջելի ուղին ընդունած» կովկասյան մեկ այլ հանրապետությանՙ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:

Ալիեւը պատրաստ է ԼՂ-ին տալ «ամենաբարձր ինքնավարություն»

ԵԽ գագաթաժողովի իր ելույթում Ադրբեջանի նախագահն ասաց, որ պատրաստ է ԼՂ-ին տրամադրել ամենաբարձր ինքնավարություն: «Մենք պահանջում ենք տարածքների վերադարձ եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում», ասաց Ալիեւը, հավելելով, որ ԵԽ անդամ երկիրը չի կարող օկուպացիայի տակ պահել ԵԽ մեկ այլ անդամ երկրի տարածք: Նա, ինչպես իր բոլոր արտասահմանյան ելույթներում հիշեցրեց 20 տոկոս տարածքի եւ 1 մլն փախստակկաների մասին:

Ալիեւը, մյուս կողմից, «արդյունվետ» համարեց Հայաստանի նախագահի հետ հանդիպումը:

Վարդան Օսկանյան. «ինքնավարությունն անցած էտապ է»

Ալիեւի ելույթից քիչ հետո Վարդան Օսկանյանը գագաթաժողովի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը մերժում է ինքնավարության առաջարկը: Հհ ԱԳՆ-ը Ադրբեջանի նախագահի ԼՂ-ին ինքնավարություն տալու առաջարկը որակեց «անցած էտապ»:

Վարդան օսկանյանն իր ելույթում ասաց, որ հայաստանը ստիպված էր միջամտել ղարաբաղյան պատերազմին, քանի որ Բաքուն ռազմական ագրեսիայի դիմեց ԼՂՀ)ի դեմ:

Բողոքականները

Չնայած Վարշավայում ձեռնարկված անվտանգության միջոցառումներին, եվրոպացի բողոքականները տեղի չեն տալիս: Նրանք ակցիաներ են կազմակերպում եւ հայտարարում, որ Եվրոխորհուրդը շիզոֆրենիկների ու երկերեսանիների կազմակերպություն է: Որպես օրինակներ նրանք նշում են Իրաքի պատերազմը, բռնությունները չեչենների ու քրդերի նկատմամբ Ռուսաստանում եւ Թուրքիայում:

Հ. Գ. Այս հրապարակմանը պատրաստելուն աջակցել է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4