Մեր հայրենակից Սամսոն Օզարարատը ծնվել է Թուրքիայում: Միջնակարգ կրթությունն ստացել է Ստամբուլի եւ Անկարայի դպրոցներում: Շրջանավարտն է թուրքական Միջինարեւելյան ճարտարագիտական համալսարանի: Աշխատել է «Սաբանջը» հոլդինգում որպես ինժեներ: 1980 թ. Ստամբուլից տեղափոխվել է Նիցա: Առ այսօր բնակվում է Ֆրանսիայում եւ գլխավորում եվրոպական երկրներից Հայաստան կատարվող մարդասիրական օգնությունը համակարգող «SOS-Armenie» կազմակերպությունը:
Հայտնի թուրք լրագրող Ջան Դյունդարը պրն Օզարարատին բնութագրելիս գրում է, որ նա եղել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը եւ ճանաչում է ձեռք բերել ինչպես պաշտոնական Անկարայի, այնպես էլ Երեւանի բարձրագույն ղեկավարության հետ սերտ կապեր հաստատելու կարողություններով: Այս խոսքերը նշանակում են, որ Սամսոն Օզարարատը «SOS-Armenie»-ի շրջանակներում ծավալած հասարակական գործունեությունը համադրում է քաղաքականի հետ:
Դրա թերեւս ամենավառ օրինակը 1993 թ. մարտի 12-ին Փարիզում «Գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի հետ Տեր-Պետրոսյանի հանդիպման կազմակերպումն էր: 12 տարվա վաղեմություն ունեցող այս գաղտնի հանդիպման մասին Օզարարատի հուշերը «Միլլիեթի» ապրիլի 25-27-ի համարներում երեք առանձին հոդվածով հրապարակել է Դյունդարը:
Ըստ հուշերի, Թյուրքեշը ՀՀ առաջին նախագահին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 6 դրույթներից բաղկացած առաջարկների փաթեթ, որին, սակայն, Հայաստանի նկատմամբ անսպառ հավակնությունների պատճառով առարկել է Աբուլֆազ Էլչիբեյը: Այսպիսով ի չիք է դարձել Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերի միջեւ Թուրքիայի նախաձեռնությամբ զինադադար հաստատելու Թյուրքեշի այսպես կոչված նախաձեռնությունը:
Թյուրքեշն առանձին հանդիպումներում Օզարարատի հետ քննարկել է նաեւ հայ-թուրքական սահմանին «1915 թ. զոհված հայերի եւ թուրքերի հիշատակը հավերժացնող» հուշարձան կանգնեցնելու հարցը: Նա միաժամանակ «Մեծ եղեռնի հուշարձանին ծաղկեպսակ դնելու» ցանկություն է հայտնել: 1994 թ. ապրիլին Ֆրանկֆուրտում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանում Թյուրքեշի հետ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի կարգավիճակով հանդիպել է Արմեն Սարգսյանը, իսկ 1995 թ. փետրվարին Անկարայումՙ Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:
1997 թ. ապրիլին Թյուրքեշի հետ վերստին հանդիպելու պատրաստակամություն է հայտնել Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, պատրաստվել է համապատասխան ուղերձ, սակայն Օզարարատը ուղերձով Երեւանից ուղեւորվելիս Անկարայում ընդամենը հասցրել է մասնակցել Թյուրքեշի հուղարկավորությանը: Վերահաս մահն ընդհատել է հայ պետական գործիչների հետ Թյուրքեշի երկխոսությունը: Որեւէ արդյունք չեն տվել նաեւ վերջիններիս հետ նրա հանդիպումները: Սակայն Սամսոն Օզարարատը որպես միջնորդ այդ հանդիպումները կազմակերպելիս, ինչ խոսք, տեղեկացել է հայ-թուրքական միջպետական շփումների մութ ծալքերին, ինչպես նաեւ երկու երկրների հարաբերությունների նկատմամբ կողմերի դիրքորոշումներին: Այս հանգամանքն առանձնակի նշանակություն է հաղորդում հայ-թուրքական հարաբերությունների մասին պրն Օզարարատի կարծիքինՙ դա դարձնելով ավելի քան ուշագրավ: Ուստի հարցազրույցի խնդրանքով դիմեցինք նրան, իսկ նա սիրահոժար պատասխանեց «Ազգի» հարցերին: Որքան հայտնի է, սա նրա առաջին հարցազրույցն է ոչ միայն հայաստանյան մամուլին:
- Հայաստանն անկախություն է հռչակել դեռեւս 1991 թ.-ին: Սակայն առ այսօր հայ-թուրքական հարաբերություններում որեւէ տեղաշարժ չի արձանագրվել: Ի՞նչ եք կարծում, վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի նամակը եւ դրան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը որեւէ կերպ կնպաստե՞ն հարաբերությունների բարելավմանը:
- Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների համար միանգամայն բարենպաստ մթնոլորտ է ստեղծվել: Իմ կարծիքով, երկու երկրները 1992-93 թթ. ի վեր երբեք այսքան չէին մերձեցել: Կողմերից մեկը նամակում ասում է, որ նախ պետք է երկխոսություն սկսել, քաղաքական հարաբերություն հաստատել, ապա անցնել այլ խնդիրների քննարկմանը, իսկ մյուսն առաջարկում է նախապես քննարկել պատմական հարցերը, որից հետո մտածել հարաբերությունների մասին: Առաջին հայացքից հակասական թվացող այս մոտեցումներն իրականում համադրվում են, մոտ են իրար, եւ կողմերը միմյանց հարգանքով են վերաբերվում: Արվում են ողջամիտ հայտարարություններ: Նամակագրության այս գործընթացում, բարեբախտաբար, ո՛չ Եվրոմիությունը տեղ ունի, ո՛չ մյուս գերտերությունները, ո՛չ էլ Ադրբեջանը: Սա, որպես այդպիսին, առաջին դեպքն է: Այսինքնՙ թուրքական կողմն առաջին անգամ չի պնդում ընդառաջելու դիմաց Լեռնային Ղարաբաղում համապատասխան քայլեր կատարելու անհրաժեշտությունը: Այլ կերպ, հարցին մոտենում են լավատեսորեն: Ինչ խոսք, իրատեսական չէր, որ Հայաստանն ընդուներ Թուրքիայի առաջարկը նախնական տեսքով, ինչն արտահայտված էր Էրդողանի նամակում: Սակայն առաջարկը գնահատելիս պետք է ելնել Թուրքիայի ներքաղաքական իրավիճակից:
Ինչ վերաբերում է մեծարգո Քոչարյանին, ապա նրա պատասխանը ներկա պահին Հայաստանի համար լավագույնն էր: Ավելի լավ պատասխան այս իրավիճակում անհնար էր ենթադրել: Դրանով հանդերձ, հարգարժան Էրդողանի նամակում պետք է ուշադրություն դարձնել ենթատեքստին, այսինքնՙ նայել ոչ թե ձեւին, այլ բովանդակությանը: Այս դեպքում պարզ կդառնա, որ նա էլ ձգտել է հնարավորինս լավագույն նամակը գրել եւ դա արել է գիտակցաբար: Թերեւս այդ առումով պատահական չէր, որ Էրդողանն արձագանքելով Քոչարյանի պատասխանին, հարկ համարեց ուղղումներ կատարել: Այս նամակագրությունը հայ-թուրքական հարաբերությունների համար պատեհ առիթ է: Ըստ երեւույթին կողմերը չեն ցանկանում դա կորցնել եւ, իմ խորին համոզմամբ, հարցին մոտենում են ողջամտորեն:
- Կարո՞ղ ենք ասել, որ հայկական եւ թուրքական կողմերը հոգեբանական ճնշման տակ են:
- Միանգամայն: Կողմերը պատմության ըմբռնման, հարաբերությունների, միմյանց նկատմամբ վերապահության եւ կաշկանդվածության խնդիրներ ունեն: Դրանցում զգալի դեր է խաղում հոգեբանությունը: Մենք սահմանների բացման մասին ենք խոսում: Մինչդեռ պետք է հաղթահարել հոգեբանական արգելքը: Այդ ուղղությամբ ջանքեր ենք գործադրում: Կարծում եմ, աստիճանաբար կհաղթահարենք: Օրինակ, վերջերս Թուրքիայում հրապարակել ենք Ալփարսլան Թյուրքեշի պես ծայրահեղ ազգայնամոլ գործչի հուշերը: Դրանք թերեւս ոմանց համար գաղտնիք չէին, սակայն կարեւորը հրապարակումն էր: Թուրքիան վերափոխվում է, թեեւ ոչ այդքան արագ, բայց դա փաստ է: Ես այս փոփոխությունը բարձր եմ գնահատում:
- Կարծում եմ, հոգեբանական ճնշման տակ են նաեւ երկու երկրների ժողովուրդները: Ի՞նչ կարելի է անել այդ ճնշումը հաղթահարելու համար:
- Ինձ համար ամենակարեւորը մարդկանց հանդիպումներն են: Պետք է նպաստել դրանց, որովհետեւ հանդիպողներն իրար չեն ատում: Կարելի է ավելացնել Թուրքիա կատարվող ճանապարհորդությունների թիվը: Օրինակ, Հայաստան այցելող բոլոր թուրքերը վերադառնում են լավ տպավորությամբ: Նույնը, ըստ երեւույթին, կարելի է ասել Թուրքիա այցելող հայերի մասին: Կա նաեւ մեկ այլ խնդիր. դա պատմության նկատմամբ անաչառ մոտեցման բացակայությունն է Թուրքիայում: Անաչառ աշխատություններն այնտեղ սկսել են վերջերս գրել: Կարելի է նպաստել դրանց: Կարեւոր է նաեւ այն, որ թուրք մտավորականները լուսավորեն մարդկանց, իսկ հայերն էլ փորձեն հասկանալ նրանց: Չպետք է դիմացինին իբրեւ թշնամու տեսնել: Հայաստանում որոշ շրջանակներ ընդհանրացնում են բոլոր թուրքերին, ինչպես ասենքՙ թուրքերն էլ բոլոր հայերին: Մինչդեռ նրանց մեջ կան լավը, վատը կամ ազգայնամոլը: Պետք է տարբերակել, այդ դեպքում կհաջողվի համախմբել ըմբռնմամբ մոտեցողներին, իսկ դա հոգեբանական արգելքը հաղթահարելու հնարավորություն կստեղծի:
- Երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են, կարո՞ղ ենք Էրդողան-Քոչարյան նամակագրությունը միջպետական շփում համարել:
- Մի պահ հայ-թուրքական հարաբերությունները հանգում էին արձանագրության ստորագրմանը, որը վերջին 10 տարում կողմերի մերձեցման ամենացայտուն օրինակն էր: Եթե չեմ սխալվում, 1992-93 թթ. էր, Անթալիայում մի խորհրդակցության ընթացքում: Կողմերն ընդամենը մի քանի կետում չէին համաձայնել: Արձանագրության ստորագրումը մեկ շաբաթով հետաձգվեց, սակայն Լեռնային Ղարաբաղում ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրումն ի չիք դարձրեց այդ նախաձեռնությունը: Ներկայումս Հայաստանն ու Թուրքիան վերջին 11-12 տարիների համար աննախադեպ մերձենում են: Ոչ Թուրքիան, ոչ էլ Հայաստանը չպետք է բաց թողնեն այս առիթը, որովհետեւ նրանց տարաձայնություններն առավելագույնս կրճատվել են: Ինչպես ասացի, կողմերից մեկը ցանկանում է նախ հարաբերվել, իսկ մյուսն առաջարկում է քննարկել: Նրանք պետք է ընդհանուր եզրեր գտնեն եւ համաձայնության գան: Ես նամակներում արտահայտած տեսակետները մերժում չեմ համարում:
- Պրն Օզարարատ, դուք վերջին 25 տարիներին բնակվում եք Ֆրանսիայում: Ինչպե՞ս եղավ, որ այսքան մոտիկից հետաքրքրվել եք հայ-թուրքական հարաբերություններով:
- Երբ բնակվում էի Թուրքիայում, Հայաստանի տեղն անգամ չգիտեի: Հայաստանի նկատմամբ հետաքրքրություններս առաջացան երկրաշարժի օրերինՙ շնորհիվ Ֆրանսիայում ստեղծված «SOS-Armenie» կազմակերպության: Ինձ գանձապահ էին նշանակել, Հայաստան եկա երկրաշարժից մի քանի օր հետոՙ դեկտեմբերի 11-ին: Մարդասիրական օգնություն էինք բերել, ծանր վիրավորներիՙ շուրջ 80 մարդու տեղափոխեցինք Ֆրանսիա բուժվելու: Սրանք մեծ բաներ չեն, սակայն նոր այցելությունների առիթ տվեցին, որոնց ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ ծանոթանալու հնարավորություն ստացա: Շնորհիվ այն համալսարանի, որի շրջանավարտն եմ, ծանոթացել էի նաեւ թուրք ղեկավարների հետ: Այսպիսով սկսվեց իմՙ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գործունեությունը:
- Որքան էլ Էրդողանի նամակին Քոչարյանի պատասխանը հակադրության տպավորություն գործի, դուք նամակագրությունն, այնուամենայնիվ, հուսադրո՞ղ եք համարում:
- Կարծում եմ, թվացյալ այդ հակադրությունը Թուրքիայում ներքին օգտագործման նպատակով է արվել: Մեծարգո Էրդողանն ասում է. «Թեեւ մենք վստահ ենք մեր նախնիների անմեղության մեջ, բայց եւ այնպես, եթե հակառակն ապացուցվի, ապա կհաշտվենք մեր պատմության հետ»: Ինձ համար հատկապես տպավորիչ է այս նախադասության երկրորդ մասը: Դրա սկիզբը կարող եք որպես հակադրություն ընկալել, բայց չպետք է մոռանալ, որ վարչապետը միաժամանակ ընդգծում է. «Մենք մեզ իրավացի ենք համարում, այդ իսկ պատճառով էլ մտնում ենք բանավեճի մեջ: Սակայն եթե մեր իրավացիությունը հերքվի, պատրաստ ենք հաշտվել դրա հետ»: Էրդողանը միակ պետական գործիչն է, որ Ալփարսլան Թյուրքեշից հետո կարողանում է այսպիսի բաներ ասել Թուրքիայում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ