Մայիսի 15-ին Վարշավայում, Եվրոխորհրդի 3-րդ գագաթաժողովի նախօրյակին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Անդրադառնալով հանդիպմանը, թուրքական հանրային հեռուստատեսությունը հաղորդեց, որ օրակարգում են եղել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն ու երկու երկրների միջեւ առկա խնդիրները: Այդ խնդիրների մեջ կարեւոր տեղ են գրավում Ադրբեջանի գրավյալ տարածքները:
Համենայն դեպս, ՀՀ նախագահի հետ հանդիպելուց հետո Ալիեւը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հանդիպումը, թուրքական հանրային հեռուստատեսության տվյալներով, տեւել է շուրջ 1 ժամ, որի ընթացքում Ադրբեջանի նախագահը Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մասին իրազեկել է Էրդողանին:
Հանդիպման ավարտին Թուրքիայի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հրավիրել են մամուլի ասուլիս, որտեղ Էրդողանը նշել է, որ «եղբայրական Ադրբեջանի հետ մշտապես խորհրդակցում ենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջը», ապա, նկատի ունենալով ղարաբաղյան հիմնահարցը, ավելացրել. «Մենք ուշի-ուշով հետեւում ենք առկա դժվարությունների շուտափույթ հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերին: Մեր ցանկությունն այն է, որ դժվարությունը հաղթահարվի եւ վերականգնվեն շրջանի անդորրն ու երջանկությունը»: Նա, ի պատասխան լրագրողի հարցին, միաժամանակ ասել է, որ Հայաստանի նախագահ Քոչարյանի հետ որեւէ հանդիպում չի ծրագրվել:
Ինչ վերաբերում է Իլհամ Ալիեւին, ապա նա անպատասխան է թողել Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման արդյունքների մասին լրագրողների համառ հարցերըՙ ասելով. «Մեծարգո Քոչարյանի հետ որոշել ենք հանդիպման առնչությամբ հայտարարություն չանել մամուլին: Հուսով եմ, որ մեր հանդիպումները կհանգեցնեն դրական արդյունքի»:
Այս խոսքերը նշանակում են, որ Ալիեւն, այնուամենայնիվ, գոհ է ՀՀ նախագահի հետ հանդիպումից: Ինչ խոսք, նա այդ մասին իրազեկել է Էրդողանինՙ թերեւս դրանով էլ մեծացրել Ռոբերտ Քոչարյանի հետ վերջինիս հանդիպման հավանականությունը: Նկատի ունենալով «Հայաստանի նախագահի հետ որեւէ հանդիպման ծրագրված չլինելու» մասին Էրդողանի խոսքերը, պետք է ենթադրել, որ Քոչարյանի հետ նրա հանդիպումը կայացման դեպքում կլինի ոչ պաշտոնական:
Հ. ՉԱՔՐՅԱՆ