«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2005-05-13 | #87, 2005-05-14 | #88, 2005-05-17


«ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՑՎԻ»

Այս խորագրով թուրքական «Միլիեթ» թերթը մայիսի 16-ի համարում հրապարակել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ Վարշավայում անցկացված ճեպազրույցը: Ըստ հրապարակման, Օսկանյանը «վարչապետ Էրդողանի եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապրիլի 16-ին ակնկալվող հանդիպման նախօրյակին», պատասխանելով «Միլիեթի» հարցերին, ասել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման դեպքում պատրաստ ենք քննարկել ցեղասպանության հարցը:

ՀՀ արտգործնախարարը միաժամանակ նշել է, որ նախատեսվող միջկառավարական հանձնաժողովից ակնկալում է երկու երկրների միջեւ սահմանների բացումըՙ ավելացնելով. «Եթե հանձնաժողովը քննարկելու է հարաբերությունների նորմալացումը, ապա կարող ենք 6 ամիս սպասել: Սակայն Հայաստան-Թուրքիա սահմանը պարտադիր պետք է բացվի»:

Օսկանյանը «Միլիեթի»ՙ «Էրդողան-Քոչարյան նամակագրությունն ի հայտ բերեց տարբեր առաջարկներ: Ո՞րն է առաջնայինըՙ պատմաբանների՞, թե՞ միջպետական հանձնաժողովի ստեղծումը» հարցին պատասխանել է. «Գուցե երկուսն էլ: Եթե հարաբերությունների նորմալացման համար միջկառավարական հանձնաժողով ձեւավորվի, ապա կարելի է մտածել պատմաբաններից կազմված ենթահանձնաժողովի մասին: Սակայն նորմալացման անհրաժեշտ նախապայմանը սահմանների բացումն է»:

Ուշագրավ է «Միլիեթի» հետեւյալ հարցը. «Քոչարյանի պատասխան նամակում հայկական կողմը խոսում է «առանց նախապայմանի բանակցությունների» մասին: Մի՞թե սահմանների բացումը նախապայման չէ»: Այս հարցին ավելի քան ուշագրավ պատասխան է տալիս ՀՀ արտգործնախարարը. «Չպետք է այդպես ընկալել, որովհետեւ առանց սահմանի բացման ոչ մի հարաբերություն չի կարող նորմալ համարվել: Չնայած Կիպրոսի եւ Էգեյան հիմնախնդիրների առկայությանը, Թուրքիան եւ Հունաստանը շարունակում են հարաբերվել: Թուրքիայի հայկական սահմանի փակվածությունը տարօրինակ իրավիճակ է աշխարհում»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4