Խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ նախապատվությունը տվեց կոալիցիայի սահմանադրական նախագծին: Այլ քայլ չէր էլ սպասվում այս խորհրդարանից: Սա նաեւ նշանակում է, որ սահմանադրական բարեփոխումների շուրջը ծավալվող գործընթացն էլ ավելի է սրելու երկրում առկա ներքաղաքական ճգնաժամը: Մինչդեռ երկրի հիմնական օրենքի բարեփոխումն այն հարմար առիթն էր, որ կարող էր իշխանության եւ ընդդիմության փոխհամաձայնության ու անհրաժեշտ քաղաքական երկխոսության վերսկսման հիմք դառնալ:
98-ի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խոստումներից մեկը սահմանադրության բարեփոխումն էր: Իբրեւ նպատակ հայտարարվեց երկրի հիմնական օրենքի ձերբազատումը նախագահական գերլիազորություններից եւ իշխանական թեւերի հավասարակշռության սկզբունքի հաստատումը: Մինչդեռ ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Քոչարյանը պարզապես անկարող է իրականացնել իր իսկ խոստումը: Իսկ թե ի՞նչն է կապում նախագահի ձեռքերըՙ ընդդիմությունը տալիս է բացատրությունը. «Քոչարյանը ռեժիմի ներկայացուցիչն է, եւ նախագահի պաշտոնից հեռանալով, նա նախապես պետք է իր իրավահաջորդից անվտանգության երաշխիքներ ստանա»: Կնշանակի, սահմանադրական բարեփոխումները ծառայեցվում են հենց ա՛յդ երաշխիքների ձեռքբերմանը: Ասել է թեՙ ես քեզ գերլիազորություններով սահմանադրություն, դու ինձՙ անվտանգության երաշխիքներ: Սա է պատճառը, որ գործող նախագահը չի համաձայնում կոալիցիայի նախագծում փոխել այն դրույթները, որոնք փոքր-ինչ կնվազեցնեն նախագահի լիազորությունները: Արդյոք հենց ա՛յս քաղաքական պայմանավորվածությամբ չի՞ բացատրվում եւ այն, որ եվրոկառույցների պահանջների կատարմանը մշտապես պատրաստակամ իշխանական կոալիցիան այսօր բոլոր հնարքները բանեցնում է այդ նույն կառույցներիՙ սահմանադրությանը վերաբերող պահանջները շրջանցելու համար:
Ի դեպ, կոալիցիայի մասին: Միամտություն է կարծելը, թե վերջինս նախագահական նստավայրից ստացած հրահանգը կատարում է առանց փոխհատուցման ակնկալիքի: Կոլաիցիայի կողմից սահմանադրական բարեփոխումները սեփական քաղաքական շահերին ծառայեցնելու մասին օրերս իր խոստովանությունն արեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը. «Մեզ վրա, իհարկե, ճնշում կա, որովհետեւ սահմանադրությամբ շահագրգռված են թաղապետներից սկսած մինչեւ կառավարություն, նաեւ ՀՀ նախագահը: Բոլորը շահագրգռված են, որ իրենց իրավունքներն ավելի լավը լինեն, քան մյուսներինը, որ իրենց ազդեցությունն ավելի մեծ լինի, քան հակազդեցությունը»:
Այս ֆոնի վրա չենք կարող չանդրադառնալ նաեւ ընդդիմությանը, քանզի վերջինս էլ ձեռքերը ծալած չի սպասում: Հրաժարվելով կոալիցիայի հետ սահմանադրական բարեփոխումների քննարկումներից, պատրաստվում է իր քաղաքական նպատակներին ծառայեցնել օգոստոսի սկզբին կայանալիք սահմանադրական հանրաքվեն: Ընդդիմության նպատակն է տապալել հանրաքվենՙ այն վերածելով իշխանությունների, իսկ ավելի ճիշտՙ նախագահ Քոչարյանի վստահության հանրաքվեի: Այս կերպ իրականացնելով երկար սպասված իշխանափոխությունը:
Այսպիսով պարզ է դառնում, թե քաղաքական ինչ շահերի կիզակետում է հայտնվել երկրի հիմնական օրենքը: Փոխարենն այս շրջապտույտում բոլորովին մոռացվել է ամենակարեւորըՙ երկրի ու ժողովրդի շահը:
Այսքանով հանդերձ կարելի՞ է ասել, թե գործ ունենք բարեփոխվող սահմանադրության հետ. «իմիտացիա», «շղարշ», «թոզ փչել»... ու էլի ի՜նչ կուզեք ասեք, սակայն ո՛չ բարեփոխում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ